«Ռուսաստանը տեսնում է՝ ՀՀ իշխանություններն ունակ են իրեն подставка անել, և չի նախաձեռնում ինչ-ինչ օպերացիաներ». Արգիշտի Կիվիրյան
Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն այն կարծիքին է, որ եթե 2020թ. պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները վերազինեին բանակը, ստեղծեին Ադրբեջանի բանակին հակակշռող բանակ, Ադրբեջանը չէր գնա այնպիսի գործողությունների, ինչպիսին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակումն է:
«2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրել են երեք կողմ, և Հայաստանը շարունակում է ունենալ պարտավորություն: Արցախում ապրում է 120 հազար հայ, որոնք ՀՀ քաղաքացիներ են. Հայաստանն իր Սահմանադրությամբ պարտավոր է պաշտպանել ՀՀ քաղաքացու շահերը, որտեղ էլ նա գտնվի: Ամենակարևոր հարցը՝ ընդունենք՝ ռուսներն ունեն այնտեղ ստանձնած պարտավորություններ, բայց դրանք չեն կատարում, դա նշանակում է, որ դու քո քաղաքացու նկատմամբ Սահմանադրությամբ ստանձնած պարտավորությունը չես ուզում կատարե՞լ: Ցանկացած նորմալ իշխանություն, անգամ, եթե չլիներ օրենքի պահանջ, պետք է ղեկավարեր ազգային ինքնագիտակցությամբ, բայց բոլորս գիտենք, որ այս իշխանությունների մոտ դա բացակայում է, բայց անգամ Սահմանադրության պահանջը չեն կարողանում կատարել»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Արգիշտի Կիվիրյանը նկատեց՝ եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ Ռուսաստանը ստիպված լինի խաղաղապահներին կամ Հայաստանում տեղակայված ռազմաբազան դուրս բերել, Հայաստանի իշխանություններն էլի ասելու են, որ Ռուսաստանի վրա է հայ-թուրքական սահմանը, նրանք չեն պահում, իրենք ինչո՞ւ պետք է պահեն:
Ինչ վերաբերում է իշխանական պատգամավորների հակառուսական հայտարարություններին, նա նշեց, որ դրանք ներքին լսարանի համար են, թեպետ Հայաստանի համար հետևանքներ ունենում են. «Շատ ավելի խոշոր հետևանք ունեցավ Երևանում ՀԱՊԿ նիստին Փաշինյանի պահանջը Պուտինից՝ տալ քաղաքական գնահատական, և ՀԱՊԿ-ի փաստաթղթի ստորագրումից հրաժարվելը: Հետևանքը Ռուսաստանի սպասողական վիճակն է: Հավանաբար, իրենք ավելի վտանգ են տեսնում այս իշխանությունների հետ ինչ-ինչ օպերացիաներ նախաձեռնելու մեջ: Չէի ցանկանա շատ մանրամասնել, ուղղակի հիշում եք, որ ռուսական տարբեր շրջանակներից հայտնվեց այն կարծիքը, որ բավական էր պատերազմի ժամանակ Հայաստանի հետ Ռուսաստանի ղեկավարներն ինչ-որ բան խոսեին, 5 րոպե հետո դա Բաքվում իմանում էին: Այսինքն՝ դա ուղղակի մեղադրանք էր, որ ի դեմս Հայաստանի իշխանությունների՝ Ռուսաստանը տեսնում է ոչ թե Հայաստանը սպասարկող իշխանություն, այլ իր համար անհասկանալի շահեր սպասարկող մի իշխանություն, որն ընդունակ է, ռուսերեն լեզվով ասած, իրեն մշտապես подставка անել: Նմանատիպ գործընթացներում պարզ է, որ այն պետությունը, որի տարածքում դա իրականացնում ես, պետք է քո կողմից խաղա, չեմ ասում՝ ամբողջ ծավալով քո կողմից խաղա, բայց առավել ակտիվ ինքը նախաձեռնի: Արդյո՞ք Հայաստանի իշխանություններն այն իշխանություններն են, որ եթե իրենք ինչ-որ օպերացիայի մասին տեղեկանան, 5 րոպե հետո, ասենք՝ Բրիտանիայի դեսպանատուն համապատասխան զեկուցագիր չեն գրի»:
Հարցին՝ հաշվի առնելով այն փաստը, որ Արցախը ռուս խաղաղապահների հսկողության տակ է, ինչպե՞ս ադրբեջանցի, այսպես կոչված, բնապահպանները հայտնվեցին այնտեղ, նա պատասխանեց. «Ուկրաինայի դեպքերի հետ կապված՝ Ռուսաստանն այն վիճակի է թուլացել ներկայումս, որ խուսափում է այստեղ երկրորդ ճակատի բացումից: Իր համար պարզ է, որ ամեն պահի իր հակառակորդներն այստեղ կարող են բացել երկրորդ ճակատը, ինչն իր համար անցանկալի սցենարն է, որովհետև այս պահին իր բոլոր ռեսուրսները դրված են Ուկրաինայի ուղղությամբ: Ռուսաստանի՝ Արցախում և Հայաստանում ունեցած ռազմական ներկայությունը շատ չնչին է, ինքն անկարող է որևէ լուրջ դիմադրություն կազմակերպել: Որպեսզի Ռուսաստանը կարողանա Ադրբեջանին առնվազն սպառնալ, ռուս-ադրբեջանական սահմանագծում պետք է կուտակված լինի առնվազն 100-հազարանոց հարվածային կորպուս: Միմիայն այդ պարագայում Ադրբեջանը կհասկանա, որ իրեն սպառնում են շատ ավելի լուրջ վտանգներ, քան ինքը նախաձեռնում է»:
Արգիշտի Կիվիրյանը շեշտեց՝ ներկայիս Ադրբեջանը ԽՍՀՄ կազմում Ադրբեջանի Սոցիալիստական Հանրապետությունը չէ, ոչ էլ 90-ականների քաղաքացիական պատերազմի տակ կիսամասնատված Ադրբեջանն է. «Ինքն այսօրվա դրությամբ բավականին ռազմական, տնտեսական և քաղաքական պոտենցիալ է կուտակել: Շատերի մոտ այն հեքիաթային վարկածներն են, որ Պուտինը կարող է զանգել Ալիևին՝ մուննաթ գալ, հանդիպումների ժամանակ կարող է չափալախել, եթե չի անում, ուրեմն՝ չի ուզում հայերին օգնած լինի: Աշխարհին նայեք. Թուրքիան երկար տարիներ եղել է ոչ միայն ԱՄՆ-ի դաշնակիցը, այլև Արևմուտքի կողմից փաղաքշված օբյեկտը, բայց այսօրվա Թուրքիան որևէ առումով, անգամ՝ ուկրաինական պատերազմի, չի իրականացնում Արևմուտքի պատվերները, ավելի շուտ, իրականացնում է միմիայն այն ծավալով, որը չի հակասում իր շահերին, մնացած առումով վարում է բավականին ինքնուրույն քաղաքականություն:
Հանուն ինչի՞ ներկայիս Ադրբեջանը պետք է կատարի այս կամ այն պետության կամքը: Միակ պետությունը, որի կամքը որոշ չափով կարող է հնազանդորեն կատարել, Թուրքիայի կամքն է: Ադրբեջանական բանակը մանրից վերածվում է թուրքական բանակի կորպուսի, դա ռեալ ազդեցությունն է: Ժամանակին ադրբեջանական բանակի բազմաթիվ գեներալներ սովետական դպրոցն էին անցել, Ռուսաստանում կրթություն էին ստացել, բայց 2020թ. պատերազմից առաջ Ադրբեջանը դրանց 90 տոկոսին բանակից մաքրեց, այսինքն՝ դրանով չեզոքացնելով որևէ առումով Ռուսաստանի ներքին ազդեցությունն իր վրա: Ազդեցություններն օդից չեն ծնվում, դրա համար պետք են լծակներ: Եթե Ռուսաստանն Ադրբեջանի վրա ունենար այն ազդեցությունը, որն ուներ 90-ականներին, կարող էր կես զանգով բացել սահմանը: Բայց ներկայիս Ադրբեջանը 90-ականների Ադրբեջանը չէ»:
Նա նկատեց, որ ցանկացած դեպքում, եթե ճանապարհը բացվի, բացելու է Ռուսաստանը. «Այս իշխանությունները ո՛չ ցանկություն ունեն, ո՛չ էլ հնարավորություն ունեն խառնվելու, դրա համար պետք էր 2020թ. նոյեմբերի 10-ի հաջորդ օրվանից զբաղվել նոր բանակի ստեղծմամբ: Եթե այդ նոր բանակը ստեղծված լիներ, մենք այս երկու տարվա բախումները չէինք ունենա, ադրբեջանական կողմը կհասկանար, որ չարժե անցնել կարմիր գծերը»:
Ինչ վերաբերում է հասարակության անելիքներին, նա ընդգծեց. «Պետք է ժամանակին թույլ չտայինք, որ Հայաստանում լիներ այսպիսի իշխանություն»:
Մանրամասները՝ տեսանյութում