«Ադրբեջանի կողմից մասշտաբային ահաբեկչական ակտ է. Հայրենիք կորցնելու տեղ չկա, վերջ». Լուսինե Ղարախանյան
Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը վստահեցնում է՝ արցախցին չի ընկճվում, արցախցին իր հողից այլ գնալու տեղ չունի և պիտի շարունակի ապրել հայկական Արցախում։
«Այս ամենը ես որակում եմ՝ որպես Ադրբեջանի կողմից մասշտաբային ահաբեկչական ակտ։ Ինչպիսի անհեթեթություն, նրանք առաջ են քաշում «էկոլոգիական» հարցեր, բայց 120 հազար մարդ, որից 30 հազարը երեխաներ են, 20 հազարը՝ ծերեր, 9 հազարը՝ հաշմանդամություն ունեցող անձինք, կտրել են այդքան մարդու կյանքի ճանապարհը։ Սա մասշտաբային ահաբեկչական ակտ է՝ շատ հեռուն գնացող։ Մեղքը նաև մերն է այն առումով, որ մեզ վրա 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ նրանք օգտագործեցին ֆոսֆոր՝ որպես զանգվածային ոչնչացման զենք, անտառներում այրել են մեր տղաների դիերը, բայց մինչև այժմ մենք մեկ բողոք՝ գիտական հիմնավորումներով, չներկայացրեցինք միջազգային դատարաններ։ Իրենք Հադրութից մինչև Շուշի հատել են ամբողջ անտառը և սարքել են իրենց դժոխքի ճանապարհը, սա էկոլոգիա չէ՞, բայց որ մենք հանք ենք աշխատեցնում, դա՞ է վնասը։ Մեկը չկա՝ ասի՝ ամբողջ անտառները հատել եք, սպիտակ ֆոսֆորը թափել եք խաղաղ բնակչության գլխին ու ամբողջն այրել եք։ Գիտական հետազոտություն ունենք, որն արվել է Արցախի գիտական կենտրոնում, ըստ այդ հետազոտության՝ Արցախում բույսեր ու կենդանիներ կան, որ նրանց այս գործողությունների հետևանքով անհետացել են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լուսինե Ղարախանյանը։
Ըստ նրա, այս պահին բոլորն իրենց տեղերում պետք է մեծ աղմուկ բարձրացնեն ամբողջ աշխարհում, քանի որ կարծես թե սայլը տեղից շարժվում է, Մարդու իրավունքների պաշտպանները, դիվանագիտական կորպուսը, երաժիշտներ, ընդհուպ մինչև շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, պետք է ձայն բարձրացնեն, որպեսզի Ադրբեջանի վրա ճնշում գործադրեն, մասնավորապես՝ Արևմուտքից։
Լուսինե Ղարախանյանն ընդգծեց՝ երբեք չի հավատացել Ադրբեջանին, իր թեկնածուական ատենախոսությամբ ուսումնասիրել է ադրբեջանական ֆոլկլորը՝ բանահյուսական արժեքները, լավ գիտի, թե նրանք ով են։
«Ես հավատ չունեմ այդ էթնոսի ներկայացուցիչների նկատմամբ, ազգ չեմ ասում, քանի որ դա նրանց համար կոմպլիմենտ կլինի։ Այդ բազմաէթնիկ հանրույթի նկատմամբ, մասնավորապես՝ ազերիների նկատմամբ, հավատի նշույլ չկա, որովհետև ստելը, խարդախությունը, կեղծիքը նրանց մոտ նստած է։ Այսօր Բաքվում ակադեմիական մակարդակով կեղծվում է Արցախի պատմությունը։ Նրանց կրթական ծրագրերը, դասագրքերը ներծծված են հայատյացությամբ ու ատելությամբ։ Մատենաշար են հրապարակել նախադպրոցական երեխաների համար, որտեղ Երևանը ներկայացնում են՝ որպես հին «քաղաքակրթական ադրբեջանական քաղաք», որը ստիպված թողել են հայերին ու դուրս են եկել», ինչպիսի կեղծարարություն։ Նման մարդկանց կողքին մենք կարող ենք ապրել, բայց հարևանություն երբեք չենք կարող անել։ Իրենց բանահյուսական արժեքներով գիտեմ, որ այդ մարդկանց չի կարելի վստահել։ Մենք պետք է միշտ զգոն ու զգույշ լինենք, որովհետև նրանք անկախատեսելի չեն, ամեն առումով կանխատեսելի են»,- հավելեց Արցախի նախագահի խորհրդականը։
Լուսինե Ղարախանյանը նաև ընդգծեց, որ օրերս հայաստանյան կրթության փորձագետներից մեկը խոսել է ուսուցիչների մոտ հանդուրժողականության արժեքի սերմանման մասին, մոռանալով, որ Թուրքիայի ծավալապաշտությունն արդեն վտանգ է ներկայացնում աշխարհին։ Այդ ծավալապաշտական տոտեմը դարձել է «գորշ գայլերի» տոտեմը, ինչն էլ Ադրբեջանի բանակի առաջնորդող արժեքային նշանն է։
«Արմենոֆոբիան ներծծված է այդ հանրույթի մեջ, նրանք մեզ ընդհանրապես չեն ընդունում, մենք էլ նրանց չենք ընդունում։ Մեր պայքարելու ոգին չպետք է ընկնի, ցպահանջ ու կարևոր բանը հիմա այն է, որ Արցախը մնա հայկական։ Իրենք ճնշում են, որ Արցախը հայաթափվի, բայց չի հայաթափվելու, որովհետև այստեղ մարդիկ իրենց հայրենիքն են պահելու, սա մեր հայրենիքն է։ Ի՞նչ է, մենք ամեն անգամ հայրենիք պետք է կորցնենք ու այնտեղ գնանք որպես զբոսաշրջի՞կ, իհարկե ոչ։ Էլ հայրենիք կորցնելու տեղ չկա, վերջ, մենք տրամադրված ենք շարունակել, դեռ դիմանում ենք։ Ադրբեջանը մարդասիրական բոլոր նորմերը խախտելով՝ խոսում է բնապահպանությունից, ի՞նչ բնապահպանություն, սա ուղղակի զավեշտ է»,- եզրափակեց Լուսինե Ղարախանյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն դեկտեմբերի 19-ին Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաների ուղեկցությամբ հիվանդներից մեկը տեղափոխվել է Երևան, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հիվանդներից մեկը երեկ մահացավ: