Նիկոլ Փաշինյանից՝ ադրբեջանցի «բնապահպաններին»

Ուղիղ երկու տարի առաջ այս օրը՝ 2020 թվականի դեկտեմբերի 19-ին, արցախյան 44-օրյա պատերազմի ողբերգական ավարտից մի քանի շաբաթ անց Նիկոլ Փաշինյանը բառի ուղիղ և փոխաբերական իմաստով գրավեց Եռաբլուրը։

Այն օրերին, երբ ընդդիմությունը Երևանի տարբեր հրապարակներում հակաիշխանական հանրահավաքներ էր իրականացնում, ի թիվս այլ կարգախոսների՝ հայտարարելով, որ որևէ կերպ չպետք է թույլ տալ Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր, վերջինս իր աջակիցներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում և երթով շարժվել Եռաբլուր։

Պետական ողջ համակարգի, իրավապահ մարմինների, օլիգարխների, բոլորի ռեսուրսները գործի դրվեցին՝ իշխանական այդ երթի բազմամարդությունն ապահովելու և Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր ապահովելու համար։

Կարդացեք նաև

Այդ նպատակին հասնելու համար նա ոչնչի առջև կանգ չառավ և Եռաբլուր հասավ հարյուրավոր անվտանգության աշխատակիցների, նրանցից շատերի պարզած պաշտպանիչ անձրևանոցների ու ոստիկանների կողմից բռնության ենթարկվող զոհերի հարազատների հայհոյանքների ու անեծքների տարափի ներքո։

Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը լուծում էր ճղճիմ ներքաղաքական խնդիր․ բունկերային վախը հաղթահարելուց հետո՝ իր երերուն իշխանությունը պահպանելու համար անհրաժեշտ էր ցույց տալ, որ տիրապետում է իրավիճակին, և, որ իր համար «փակ դռներ չկան»։

Այդ նպատակին նա պատրաստ էր հասնել ընդամենը շաբաթներ առաջ զոհված երիտասարդների մայրերին բռնության ենթարկելու գնով, ինչը և արեց։

Եռաբլուրը գրավելու համար Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ պառակտեց հասարակությանը, անողնաշար պետծառայողներին հանելով որդիներ զոհաբերած ծնողների դեմ, պատերազմի վշտից կռացածներին թշնամացնելով իշխանական հրամանից գազազածների հետ։ Նա այդ արեց, քանի որ պետք էր իրեն, իր իշխանությանը։

Արդեն 8-րդ օրն է՝ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը՝ դրանից բխող բոլոր աղետալի հետևանքներով։

Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում արել է մեկ-երկու անվտանգության խորհրդի անիմաստ նիստ և մեկ-երկու անբովանդակ թվիթերյան գրառում։

Այդքանը։ Ուրիշ ոչինչ։

Եվ դա այն պայմաններում, երբ Արցախի հարցով մտահոգ բոլոր անհատները, խմբերն ու ուժերն արդարացիորեն խոսում են արցախցիներին գոնե բարոյապես աջակցելու, այդ աջակցությունն անտարբեր աշխարհին ի ցույց դնելու անհրաժեշտության մասին։ Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակից պետականորեն հրաժարված Նիկոլ Փաշինյանն այս պայմաններում կարող էր գոնե Արցախին ու արցախցիներին բարոյապես աջակցելու քայլ կատարել, հրավիրել իր աջակիցներին և հրահանգել իր ենթականերին՝ Երևանում կազմակերպել թեկուզ ապաքաղաքական հզոր հանրահավաք, որի միակ ուղերձը կլիներ Արցախի մեր հայրենակիցներին աջակցությունն ու այդ փաստն աշխարհին ցուցանելը։

Նա կարող էր այդ հանրահավաքում ելույթ չունենալ, ոչինչ չասել և ընդամենը լուռ կանգնել «հարյուր հազար վարչապետների» կողքին՝ անձայն աջակցություն հայտնելով Արցախին։

Բայց Նիկոլ Փաշինյանը նման քայլ կատարելու ո՛չ շահագրգռվածություն ունի, ո՛չ էլ, թերևս, համարձակություն։ Այդպիսի հանրահավաքը չի կարող առանձնապես մեծ ներքին դիվիդենտներ ապահովել, կամ, եթե անգամ կարող է, հիմա նա դրա կարիքը չունի։

Ինչ վերաբերում է համարձակությանը, ապա «խաղաղության դարաշրջանի» իր գործընկերները կարող են վատ վերաբերվել նման քայլին, եթե անգամ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում ոչինչ չասի ու Արցախի շրջափակման մեջ չմեղադրի Ալիևին ու Էրդողանին։
Այսպիսով, ունենք իրավիճակ, որում Նիկոլ Փաշինյանը՝ օգտագործելով իր հանրահավաքային «ձիրքը», կարող է թեկուզ բարոյապես աջակցել Արցախին։ Բայց նա չի օգտագործում իր այդ հնարավորությունը, ինչից, անկախ պատճառներից, բխում է, որ Նիկոլ Փաշինյանն Արցախի շրջափակման հարցում աջակցում է Ադրբեջանին առնվազն այնքանով, որ կարող է, բայց չի աջակցում արցախցիներին՝ այդպիսով  իր նպաստը բերելով ադրբեջանցի «բնապահպանների» ակցիային։

Հարություն Ավետիսյան   

Տեսանյութեր

Լրահոս