Ուզում եմ իմ հայրենիքի համար ապրել, ոչ թե մեռնել, տեսնել հաղթանակը և փոխանցել սերունդներին. Արցախցի ռեփեր Լյոկա

2020թ. նոյեմբերին  տնից արցախցի ռեփեր Լյոկան՝ Վալերի Ղազարյանը, վերցրեց եղբոր երեխաների դասագրքերը, հին լուսանկարները, հիշողությունները, դռան վրա նռնակներ դրեց ու հեռացավ Նոր Մարաղայից: Այնտեղ նա թողեց ամենաթանկը՝ մոր և եղբոր շիրիմներն ու նպատակով տնկված նռան այգին: Պատերազմից հինգ տարի առաջ էին նռան այգի տնկել, այս տարի պետք է հավաքեին առաջին բերքը: Չհասցրին: Եղբոր երեխաների համար էր այգին, որ բերքից ստացած եկամուտը ծառայեր նրանց կրթության համար:

Վալերի Ղազարյանը՝ ռեփեր Լյոկան, Արցախում տուն է կորցրել արդեն երեք անգամ, բայց հասցեն փոխել չի պատրաստվում, թե պետք լինի, հինգերորդ, վեցերորդ, տասներորդ անգամ էլ տուն կկառուցի Արցախում:

Լյոկայի մեծ ընտանիքը հիմա տարբեր տեղերում է ապրում: Մի մասը՝ Ստեփանակերտում, կեսը՝ Կոճողոտում, կեսը՝ Արտաշատում ու Երևանում:

Ի դեպ, Լյոկան Երևանում և Արցախում 44-օրյա պատերազմից հետո ընկերների հետ ստեղծել է Lyoka’s  սպորտային հագուստ արտադրող բրենդը:

Սաթիկ Սեյրանյանի զրույցն արցախցի ռեփեր Լյոկայի՝ Վալերի Ղազարյանի հետ՝ Արցախի, հայրենիքի, հաղթանակի, կորուստների, «նահանջ» հրամանով պարտության, սերունդների և առաքելության մասին:

Զրույցի ընթացքում նա ասել է. 

  • Ինձ համար Հայրենիքը սկսվում է տնից. ինձ համար տունը չորս պատ ու կտուր չի, տունն ինձ համար գաղափար է, հայրենիքը՝ նույնպես: Եթե մարդ հասկանում է՝ ինչ է տունը, ուրեմն հասկանում է նաև՝ ինչ է հայրենիքը: Իմ տունը Հայաստանն է, Արցախն է:
  • Մարաղայի կոտորածի ժամանակ փախանք Մարտակերտ, հետո՝ Ստեփանակերտ…
  • Գյուղում թողեցինք մորս ու եղբորս գերեզմանները…
  • Մենք 5 երեխա էինք, ամեն մեկս մեր ափսեն, բաժակն ու գդալն ունեինք, տնից կարողացա վերցնել միայն ընտանեկան լուսանկարների 6 ալբոմները և 5 գդալները…
  • 44-օրյա պատերազմի ընթացքում քաղաքում՝ Ստեփանակերտում ու սահմանին չէի հասկանում՝ ինչո՞ւ են մեզ անընդհատ նահանջի հրաման տալիս…
  • Ես իմ սուբյեկտիվ կարծիքն ունեմ, քննարկումներից, մարդկանց հետ զրույցներից իմ վերլուծությունն եմ արել, բայց չգիտեմ իրականությունը, ուզում եմ իմանալ, ինչպես շատերը՝ ինչո՞ւ էինք պատերազմի ընթացքում նահանջում, նախապես պլանավորված պարտությո՞ւն էր:
  • Նոյեմբերի 2-ի, 3-ի կողմերը մեզ իջեցրին Շուշիի, Լիսագորի կողմերը, այնտեղ վերջին անօդաչուն էր պայթել, վերջին տանկը…
  • Արցախում ապրող հայերն ավելի դիմացկուն են երևի, որովհետև մենք ավելի շատ ցավ ենք տեսել…
  • Մենք դիմացկուն ենք, պինդ ենք՝ կռու, կդիմանանք, բայց ինչքա՞ն և ինչի՞ն:

  • Ասում են՝ մարդու իրավունքներ, պաշտպանություն… 2020 թվականից առ այսօր ես չեմ տեսել դա, ամբողջ աշխարհն Ուկրաինայի դեպքերին արագ արձագանքում է, բա մե՞նք, մենք մա՞րդ չենք, մենք չե՞նք ուզում ապրել…
  • Մեզ մոտ՝ Արցախում, ոչ թե ցեղասպանության վտանգ է, այլ արդեն ցեղասպանության պրոցես:
  • Նույնիսկ, եթե Կառավարությունը, իշխանությունները, ինչ-որ մարդիկ սխալներ են արել, դրանում հասարակ մարդիկ, իմ կարծիքով, մեղավոր չեն:
  • Յուրաքանչյուր հայի խնդիրը պետք է լինի Արցախի հարցը, որովհետև այսօր Արցախն է, վաղը կլինի Հայաստանը, մյուս օրը՝ ամբողջ հայությունը: Եթե մեր ազգը խելացի է՝ ինչո՞ւ պատմությունից մեկ անգամ դասեր չքաղեց, պատմությունը կրկնվում է, նույն իրավիճակը Նախիջևանում էր…  Ադրբեջանին պետք է Արցախն առանց արցախցու:
  • Ես կորցրեցի տներս, կյանքում ամենաթանկ բաները, բայց հավատս չեմ կորցրել, հայ լինելու գաղափարը չեմ կորցրել՝ եղել եմ, կամ ու կլինեմ հայ:
  • Խնդիրը չի լուծվի այնքան ժամանակ, ինչքան մենք կխուսափենք այդ խնդրից:
  • Ես վստահ եմ, արցախցին Արցախը չի՛ հանձնելու:
  • 90-ականներին վիճակը շատ ավելի վատ էր, բայց կարողացանք դուրս գալ դրանից, իսկապես հաղթել:
  • Մինչև դանակը ոսկորին չի հասնում՝ մենք չենք համախմբվում. մենք մի ազգի, մի գաղափարի համար մի ամբողջ սերունդ ենք կորցրել…
  • Ես ուզում եմ իմ հայրենիքի համար ապրել և ոչ թե մեռնել, ես ուզում տեսնել հաղթանակն ու փոխանցել սերունդներին:
  • 44-օրյա պատերազմի ընթացքում ես 4 անգամ վերածնվել եմ, ողջ եմ մնացել, ուրեմն՝ միսիա ունեմ, պետք է մարդկանց մեսիջ տամ, որ կյանքում իրական արժեքներն այլ են:

Տեսանյութեր

Լրահոս