Մենք խնդրանք չունենք, մենք պահանջում ենք մեր բաժին արդարությունը. Արտակ Բեգլարյանը՝ ՄԱԿ-ին
Արցախի և Հայաստանի հանրապետությունների՝ նախկին, իսկ Արցախի՝ նաև գործող Մարդու իրավունքների պաշտպանները դեկտեմբերի 15-ին բողոքի ակցիա էին անցկացրել ՄԱԿ Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամ երկրների՝ ԱՄՆ-ի, Չինաստանի, ՌԴ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի դեսպանատների առջև: Եղան նաև ԵՄ գրասենյակի մոտ: Վերջին կանգառը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն էր:
Արցախի պետնախարարի խորհրդական, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանն ասաց, որ ակցիան ամփոփում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև, քանի որ պահանջն ուղղված է միջազգային հանրությանը, որի գլխավոր դեմքը ՄԱԿ-ն է:
«Միջազգային հանրություն ասելով՝ նկատի ունենք բոլոր պետությունները, իսկ բոլոր պետությունները ՄԱԿ անդամ են, բացի անտեսվածներից, այդ թվում՝ Արցախի Հանրապետությունից, որը որոշ փորձագիտական շրջանակներում ասում են՝ գորշ գոտիներ: Բայց մեզ համար գորշ գոտին այն պետություններն են ու ղեկավարների շրջանակներն են, որոնք խոսում են բարձր ձայնով մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին, բայց գործում են դրանց դեմ»,- ասաց Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ խոսում են մարդկային արժեքների մասին, բայց ֆինանսավորում կամ լռելյայն աջակցում են ցեղասպանություններ, մարդկության դեմ այլ հանցագործություններ, այդ թվում՝ Արցախի ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունները:
«Մեր պահանջը միջազգային հանրությունից, հանձինս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների, այն է, որ իրենք իրենց պարտականությունները կատարեն: Մենք խնդրանք չունենք իրենցից, մենք իրենց ոտքերը չենք ընկնում, մենք պահանջում ենք, որպես միջազգային հանրության լիիրավ անդամ՝ պահանջում ենք մեր բաժին արդարությունը, ուշադրությունը, պաշտպանությունը, որը ոչ միայն բարոյական հարց է, այլև միջազգային իրավական պարտավորություն՝ իրենց կողմից ընդունված փաստաթղթերով»,- հավելեց Արտակ Բեգլարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում