Փաշինյանի լեզվական սայթաքումների և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խմբագրումների գինը

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ  Նիկոլ Փաշինյանը թվարկել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն կետերը, որոնք խախտել է Ադրբեջանը՝ 1-ին, 6-րդ, 7-րդ, 8-րդ:

168.am-ը երեկ ևս մեկ անգամ անդրադարձել էր նոյեմբերյան եռակողմ հայտարարության 6-րդ կետում կատարված խմբագրմանը, որով, ըստ էության, հայկական կողմը հրաժարվել է  Լաչինի միջանցքից:

Իհարկե, սա, բնավ, չի նշանակում, որ հայկական կողմն իրավունք չունի Ադրբեջանից պահանջել կատարել 6-րդ կետով սահմանված իր պարտավորությունը՝ երաշխավորելով Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով:

Եռակողմ հայտարարության 1-ին կետի մասին, որով կողմերը պետք է կանգ առնեին 44-օրյա պատերազմից հետո իրենց զբաղեցրած դիրքերում, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է  ոչ միայն ամեն առիթի կամ  հանդիպմանը  բարձրաձայներ, այլև դրա հիման վրա պատասխան քայլեր ձեռնարկեր՝ հակազդելով ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումներին:

Կարդացեք նաև

Ընդ որում, սրա մասին  պիտի  խոսվեր  նախապայմանների  լեզվով, ինչը մենք չարեցինք, և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հաջորդեցին  2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունները: Նույնը կարելի է ասել նաև 2020-ի նոյեմբերի 9-ի  հայտարարության՝  ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձի, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման վերաբերյալ 8-րդ կետին: Մեր գերիներին, պատանդներին չստացած՝  շատ արագ  Ադրբեջանին արտահանձնեցինք   Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին՝ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին:

Նիկոլ Փաշինյանը խոսում է 2020 թվականի դեկտեմբերի 13-ից, այսինքն՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելուց մեկ ամիս անց Արցախի  Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի օկուպացիայի մասին, բայց այն, որ Հայաստանը պատասխանատվություն ուներ այդ հատվածում զինծառայողների անվտանգության համար,  և դրանց հետպահանջի հարցում, քանի որ այդ գյուղերը ներառված չէին 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, Նիկոլ Փաշինյանը լռում է և չի դիտարկում այս հարցերը իր պատասխանատվության գոտում: Ըստ այդմ՝ Ադրբեջանը իր առաջխաղացումները շարունակեց ՀՀ ինքնիշխան տարածքում, որի մասին ընդամենը ժամանակ առ ժամանակ խոսում ենք, բայց դրանց վերադարձի ուղղությամբ որևէ գործնական քայլ չի արվում, այսինքն, ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի հետքաշման մասին գոնե հիմա, մեծ հաշվով, նախապայմանի լեզվով չենք խոսում:

Ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձին վերաբերող 2020-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետին էլ Նիկոլ Փաշինյանն այսօր բավականին  մանրամասն է  անդրադարձել:

«Ուզում եմ ուշադրություն դարձնենք եռակողմ հայտարարության վերը նշված հոդվածի ձևակերպմանը: Մեջբերում եմ հոդվածից. «Փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք»: Այս ձևակերպումը նշանակում է, որ կա Լեռնային Ղարաբաղ, և Լեռնային Ղարաբաղն ունի տարածք, և ասելով, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի և չընդունելով նման միավորի տարածքային գոյությունը, Ադրբեջանը, ըստ էության, հայտարարում է, որ փախստականները վերադառնալու տեղ չունեն, ինչը ոչ միայն եռակողմ հայտարարության, այլև հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է»,- շեշտել է Փաշինյանը՝ հավելել է, որ «մինչև այժմ Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանից բռնի տեղահանված քաղաքացիների հարցերը լուծված չեն»: Այստեղ էլ Նիկոլ Փաշինյանը մոռանում է, որ, օրինակ, 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի օկուպացված տարբեր շրջաններից մարդիկ բնակություն էին հաստատել, օրինակ, Աղավնոյում, որը ևս ավելի ուշ հանձնվեց Ադրբեջանին, և, որ իրենց տները կորցրած արցախցիների հանդեպ նաև ՀՀ-ն և հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ունի որոշակի պարտավորություններ, հատկապես, երբ նրանք ՀՀ անձնագրեր ունեն:

Իսկ եռակողմ հայտարարության 7-րդ կետում առկա ձևակերպումների  հետևանքներին, մասնավորապես՝ «ներքին տեղահանված» ասվածին, 168.am-ը այլ առիթով անդրադարձել էր, որը, ի դեպ, նախորդում  է ապաշրջափակմանը վերաբերող կետին:

Ապաշրջափակմանը  վերաբերող  9-րդ կետի վերաբերյալ էլ հիշեցնենք, որ դրանում կատարված խմբագրման մասին 168.am-ը ևս գրել է:

Մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան նոյեմբերյան եռակողմ հայտարարության 9-րդ կետում նշվում է.

«Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»:

Разблокируются все экономические и транспортные связи в регионе. Республика Армения гарантирует безопасность транспортного сообщения между западными районами Азербайджанской Республики и Нахичеванской Автономной Республикой с целью организации беспрепятственного движения граждан, транспортных средств и грузов в обоих направлениях. Контроль за транспортным сообщением осуществляют органы Пограничной службы ФСБ России.

Այս կետի  նախնական տարբերակում, սակայն,  ձևակերպումը եղել է այսպես.

«Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»:

Разблокируются все экономические и транспортные связи в регионе. Республика Армения обеспечивает транспортное сообщение между западными районами Азербайджанской Республики и Нахичеванской Автономной Республикой с целью организации беспрепятственного движения граждан, транспортных средств и грузов в обоих направлениях. Контроль за транспортным сообщением осуществляют органы Пограничной службы ФСБ России.

Հայտարարության 9-րդ կետի նախնական տարբերակում օգտագործված ապահովել բառը նշանակում է՝

– Որևէ բանի իրականացման, կենսագործման անհրաժեշտ պայմաններ ստեղծել:

Նույն կետի խմբագրված և ստորագրված տարբերակում արդեն օգտագործված երաշխավորել բառը նշանակում է՝

 Երաշխավորություն տալ ինչ-որ բանի համար։

Առաջին հայացքից գուցե որոշ դեպքերում երաշխավորելն ու ապահովելը կարելի է հոմանիշներ համարել, բայց տողատակում դրանք նաև այլ գործողություններ են ենթադրում: Այսինքն, այլ է, երբ դու ես ստեղծում, կառուցում տրանսպորտային հաղորդակցությունը, որի դեպքում դրա ինչպիսին կամ  ինչ «տեսքով» լինելը դու ես որոշում, այլ հարց է, երբ ընդամենը երաշխավորողի դերում ես հանդես գալիս:

Նիկոլ Փաշինյանը այսօրվա կառավարության նիստում տգետ է համարել այն պնդումները, թե Հայաստանը բանավոր միջանցքի մասին խոստում է տվել որևէ մեկին, հնարավոր է՝ տվել է, հնարավոր է՝ չի տվել: Նիկոլ Փաշինյանի վրդովմունքը տեղին չէ, հիշեցնենք, որ գրեթե մեկ տարի առաջ հենց ինքն է խոստովանել, որ Ադրբեջանի հետ եղել է բանավոր պայմանավորվածություն:

2020 թ. դեկտեմբերի 27-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում  անդրադառնալով հարցին՝ «ինչու հայկական զորքերը ետ քաշվեցին Կուբաթլուի և Զանգելանի շրջանից», Փաշինյանը պատասխանել էր.

«Եվ ես նախկինում ասել եմ, որ քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի և Զանգելանի շրջանների 90 և ավելի տոկոսը, ցավոք սրտի, եղել է արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, եղել է բանավոր ըմբռնում այդ համատեքստում, որ այդտեղ մենք պետք է սահմանային կետերի՝ ոչ թե սահմանի, այլ որոշակի կետերի ճշգրտում իրականացնենք: Եվ այն ժամանակ, երբ պարզ է եղել, որ այս հարցի շուրջ կարող է տեղի ունենալ, կարող է բռնկվել պատերազմ, որը կարող է անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել՝ Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար»։

Լրագրողի դիտարկմանը, որ եռակողմ հայտարարության մեջ գրված էր՝ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ պատերազմն ավարտվել է, Փաշինյանը կրկնել էր նույն միտքը. «Դա նկատի է առնվում Արցախի շփման գիծը: Արցախի շփման գիծն է նկատի առնվում, և ես ասել եմ նախկինում և խորհրդարանի ամբիոնից, որ քանի որ Կուբաթլուի և Զանգելանի հատվածները 90 տոկոսով եղել են արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ թեմային մենք կանդրադառնանք։ Որովհետև այդտեղ կային խնդիրներ, որոնք պետք էր հավելյալ ճշգրտել, այդ թվում՝ ճանապարհների գործունեության հետ կապված»։ 

Մոռացե՞լ է այս ինքնախոստովանության մասին Նիկոլ Փաշինյանը: Մոռացե՞լ է այս բանավոր պայմանավորվածության հետևանքների, առանց կրակոցի հանձնված Արցախի տարածքների, և, թե ինչ զարգացումների արդյունքում Ադրբեջանի վերահսկողությանը հանձնվեց Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-անոց հատվածը և ինչ  իրադարձություններ հաջորդեցին դրան:

Այսօր Ադրբեջանը Լաչինի՝ Քաշաթաղի շրջանում սահմանային և մաքսային կետեր  տեղադրելու պահանջ է դնում: Ադրբեջանցի որոշ քաղաքագետ վերլուծաբաններ, ի դեպ, վստահ պնդում են, թե մինչև տարեվերջ այդ հարցը լուծված կլինի:

Ի դեպ, այս համատեքստում նշենք, որ 2021-ի նոյեմբերի 23-ին կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով հարցին, որ ադրբեջանական կողմը նոյեմբերի 9-ի հայտարարության անարգել երթևեկություն արտահայտությունը կիրառելով` պնդում է, սա հենց «սուվերեն միջանցք» է նշանակում, հայկական կողմի համար ընդունելի՞ է առանց մաքսային կամ այլ ստուգումների ճանապարհի տրամադրումը ադրբեջանական կողմին, պատասխանել էր.

«Եթե դա նշանակեր սուվերեն միջանցք, գրված կլիներ՝ «սուվերեն միջանցք»: Մանավանդ, որ այդ նույն փաստաթղթի մեջ «միջանցք» բառն օգտագործված է՝ Լաչինի միջանցք ձևակերպմամբ, և գրված է, որ Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի հսկողության տակ: Ավելի տրամաբանական է ասել՝ այդ նույն ձևակերպումը նշանակում է «չմիջանցք», այսինքն` միջանցքի բացառում»:

Ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցները դրան ի պատասխան՝ անմիջապես  զգուշացրել էին, որ ադրբեջանական կողմը շատ հանգիստ կարող է օգտվել Փաշինյանի այս  գուցե լեզվական սայթաքումից: Այսինքն, կարող են վերանայել Լաչինի միջանցքով տեղաշարժման սկզբունքը և օգտվելով միջանցքից՝ անարգել Հայաստանի տարածքով շարժվեն դեպի Նախիջևան:

«Փաշինյանն ասում է, որ եռակողմ հայտարարության տեքստում օգտագործված է «Լաչինի միջանցք» ձևակերպումը կամ տերմինը, իսկ Զանգեզուրի մասով «միջանցք» բառ չկա: Ստացվում է, որ այս դեպքում Ադրբեջանը կարող է օգտվել Փաշինյանի բառախաղից և սահմանափակել Լաչինով անարգել տեղաշարժը, քանի որ եռակողմ հայտարարության տեքստում չի հիշատակվում  Ադրբեջանի տարածքով անարգել անցման մասին, այլ ընդամենը նշված է՝ «Լաչինի միջանցք»: Եվ Փաշինյանի  այս տրամաբանությամբ Պուտինը և Ալիևը պետք է բանասիրական փորձաքննություն նշանակեն՝ «միջանցք» տերմինի իմաստային բովանդակությունը, ինչպես նաև՝ «անարգել անցում» ձևակերպման բացակայությունը պարզելու համար»,- գրել էր ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը:

Ինչ է սա նշանակում՝ երկրի քաղաքական ղեկավարությունը  պետք է աշխատի արտաքին քաղաքական և դիվանագիտական հարցերում սայթաքումներ թույլ չտալ կամ  ունենալ մանևրելու գրագետ ունակություն:

Տեսանյութեր

Լրահոս