Արցախի մեր հայրենակիցներին պետք են երկարաժամկետ երաշխիքներ. Արման Թաթոյան
«Այն ամենը, ինչ հիմա կատարվում է՝ ադրբեջանական իշխանությունների համար անպատժելիության հետևանքն է, որովհետև նրանք զգում են՝ ինչ անում են, չկա պատիժ, և էլ ավելի մեծ տեմպերով շարունակում են»,- ԵՄ գրասենյակի մոտ Արցախի ՄԻՊ-երի բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, որ նույնպես միացել էր ակցիայի մասնակիցներին:
Նա նշեց՝ ադրբեջանցի, այսպես կոչված, բնապահպանները սկզբում փորձեցին ձև անել, թե իբր անկախ ակտիվիստներ են, բայց արդեն իրենք են ընդունում, սա իրենց բացահայտ քաղաքականությունն է:
«44-օրյա պատերազմից հետո այդպես էլ որևէ պատասխանատվության չենթարկվեցին: Խոսքը չի վերաբերում միայն ռազմական հանցագործներին, որոնք խոշտանգում էին ու խախտում էին մեր հայրենակիցների իրավունքները, այլ հենց իշխանություններին, որովհետև սա նրանց տարիների քաղաքականությունն է: Սա չսանձելու դեպքում նրանք որևէ բանի առաջ կանգ չեն առնելու: Հիմա, հատկապես եվրոպական երկրների համար անհրաժեշտ է ցույց տալ, որ մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, որի մասին այդքան խոսվում է, ոչ թե պարզապես բառեր են, այլ կյանքում իրական գործող սկզբունքներ են: Ժամանակն է՝ ցույց տալու, որ չկան երկակի ստանդարտներ»,- ընդգծեց Արման Թաթոյանը՝ շեշտելով, որ Արցախի մեր հայրենակիցների համար անհրաժեշտ են երկարաժամկետ երաշխիքներ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Դեկտեմբերի 13-ի երեկոյից ադրբեջանական կողմը խափանել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: