«1992թ. ադրբեջանցիները լկտիացել էին, փակել էին Բերձորի միջանցքը, Արցախը մնում էր շրջափակման մեջ. ջոկատ ուղարկեցինք, ադրբեջանցիներին դուրս մղեցին, դրանից հետո սկսեցինք հաղթել…». Մանվել Եղիազարյան
Արցախյան ազատամարտի մասնակից, «Արաբո» կամավորական ջոկատի հիմնադիր Մանվել Եղիազարյանի՝ Արաբոյի Մանվելի խոսքով՝ այսօր բոլորի համար էլ պարզ է դարձել, թե ինչու է հայ ժողովուրդը հասել նման իրավիճակի, երբ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն ադրբեջանցիների կողմից փակվել է։
«Այնպես են արել, որ այսօր աշխարհի ոչ մի պետություն ի պաշտպանություն Արցախի ձայն չի բարձրացնում կամ էլ միայն խոսում է ու վերջ։ Գոնե հիմա պետք է հասկանան, որ այդ մարդկանց նպատակն Արցախի ոչնչացումն է, իսկ Հայաստանը դա թույլ չտալու համար պետք է ուժեղ լինի։ Այսօր միայն մենք կարող ենք սատար կանգնել Արցախին։ Ոչ մեկը մեր փոխարեն մեր հայրենիքը չի պաշտպանելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Եղիազարյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիների կողմից Բերձորի ճանապարհը փակելուն։
Ըստ Մանվել Եղիազարյանի, եթե հայն այսօր չկանգնի ու իր հողը չպաշտպանի, ապա արտասահմանցին ինչո՞ւ պետք է հասնի Արցախ ու արցախցուն պաշտպանի։
«Հարկավոր է անհապաղ կարգի բերել բանակը և ասել՝ եղբայր, պատերազմը տանուլ չենք տալու, այն պատերազմում էլ չենք պարտվել, դա բոլորն էլ գիտեն։ Պետք է տեր կանգնենք Արցախին, մեր հայրենիքին, թե չէ այս ռեգիոնում կմնանք՝ որպես աննամուս ազգ, ու ապրելու ենք գլխիկոր»,- շեշտեց Մանվել Եղիազարյանը։
Նա նաև հիշեցրեց, որ դեռ սահմանին էր, երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահը հայտարարեց հրադադարի մասին, ընդգծելով, որ երկու կողմերի զորքը կանգ են առնելու այն հատվածներում, որտեղ տվյալ պահին կանգնած են եղել։ Այդ ժամանակ թշնամին ոչ Քարվաճառն էր օկուպացրել, ոչ էլ Բերձորը։
«Այդպես է ստորագրվել հայտարարությունը, հիմա թող պահանջեն, որպեսզի այդ պայմանները կատարվեն։ Պատերազմն ավարտվեց՝ Քարվաճառն ու Բերձորը մերն էր, հետո հանձնեցին, այդ զիջողական, պարտվողական քաղաքականությունը մինչև հիմա շարունակվում է»,- նշեց ազատամարտիկը։
Նա իրատեսական է համարում, որ բանակցություններով Բերձորի ճանապարհը կբացվի, սակայն իրատեսական չի համարում, որ նորից չի փակվի։
«Հիմա հնարավոր է՝ բացեն, բայց վաղը նորից կփակեն, ինչքան թույլ լինենք, մեր գլխին այնքան խփելու են։ Այն տղամարդը, որն ընդունակ չէ պաշտպանելու իր կնոջը, նա իրավունք չունի կին ունենալու։ Այսօր չեն կարողանում կազմակերպել մեր հայրենիքի պաշտպանությունը, ամեն ինչ թողել ենք բախտի քմահաճույքին։ Մեր ամբողջ տառապանքները ջուրը գցեցինք ու դարձել ենք ստորացված ժողովուրդ, մի՞թե այսպես կարելի է ապրել։
1992 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ադրբեջանցիները լկտիացել էին, փակել էին Բերձորի միջանցքը, Արցախը մնում էր շրջափակման մեջ։ Մենք ջոկատ ուղարկեցինք, ադրբեջանցիներին դուրս մղեցին, դրանից հետո մենք սկսեցինք հաղթել, մինչև մարդն ինքն իրեն չպաշտպանի, ոչ մեկն իրեն չի պաշտպանի»,- եզրափակեց Մանվել Եղիազարյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։