«Տավուշից տարածքներ զիջելով, այս իշխանությունը 30 տարուց ավելի ամրացված դիրքերը հետ է քաշում, մեզ ու մեր երկիրն ավելի խոցելի է դարձնում. այնպես են անում, որ սպառնալիքը գա ոչ միայն Տավուշի, այլև Լոռվա վրա»

Ադրբեջանը Հայաստանից պահանջում է ոչ միայն Տավուշի 4 գյուղերը, օրերս էլ միջազգային հետախուզում է հայտարարել տավուշցի 18 անձանց նկատմամբ, նրանց մեղադրելով 90-ականներին ադրբեջանցիների նկատմամբ հանցագործություններ կատարելու մեջ:

Հետաքրքիր է, որ Ադրբեջանը միջազգային հետախուզում հայտարարեց Տավուշի մարզում տեղի բնակիչների հետ  Նիկոլ Փաշինյանի հանդիպումից մի քանի օր անց, երբ բնակիչներն ընդդիմացան Փաշինյանի՝ 4 գյուղ հանձնելու մասին հայտարարությանը։

168.am-ի հետ զրույցում Արցախյան ազատամարտի մասնակից, «Արաբո» կամավորական  ջոկատի հիմնադիր Մանվել Եղիազարյանի՝ Արաբոյի Մանվելի կարծիքով՝ շատ խելացի պետք չէ լինել՝ հասկանալու, որ Ադրբեջանի հետ խաղաղություն չի լինելու, քանի որ Հայաստանը գնում է միակողմանի զիջումների։

«Տավուշից տարածքներ զիջելով, իշխանությունը 30 տարուց ավելի ամրացված դիրքերը հետ է քաշում, ինչը նշանակում է՝ մեզ ու մեր երկիրն ավելի խոցելի են դարձնում՝ հատկապես այդ ուղղությամբ։ Այսինքն՝ այնպես են անում, որ սպառնալիքը գա ոչ միայն Տավուշի, այլև Լոռվա վրա։ Դրա համար ստիպում են, որ այդ ամուր դիրքերից դուրս գան, ու հետո առաջանա Սյունիքը տալու հարց։

Կարդացեք նաև

Դրանից հետո Փաշինյանը կասի՝ «տեսաք, ժողովուրդ ջան, մենք ուզում էինք խաղաղություն հաստատել, չեղավ, ասում էինք, չէ՞, որ գյուղերը տալիս ենք, բայց չի բացառվում, որ պատերազմ կլինի»։

Այս նախադասությունն այդ մարդը միշտ ասում է՝ նորություն չէ։ Հիմա ինձ ասեք, այսքանից հետո ո՞ւմ համար է անհասկանալի բան մնացել, այսպես են անում, որ ցանկացած պահի ավելի մեծ ճնշում գործադրեն Հայաստանի վրա և Սյունիքի հարցը հանգիստ լուծեն»,- նշեց Մանվել Եղիազարյանը։

Նա  նույնիսկ մտավախություններ ունի, որ իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը կարող  է հանկարծ հայտարարել Ադրբեջանին միանալու ու վիլայեթ դառնալու մասին, միայն թե պատերազմ չլինի, և ցանկացած պայմանով  ստորագրի խաղաղության պայմանագիրը։

«Մեր երկրում այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ ոչ մեկն իր արածի համար պատասխան չի տալիս։

1988 թվականին մեր հասարակությունն այսպես բաժանված չէր, մարդիկ կարողացան ոտքի կանգնել, բոլորս հավասար էինք։ Չնայած կռվողները  հող էին ազատագրում, բայց այստեղ թալան էին անում, սեփականաշնորհումներ անում։ Բայց մենք ուշադրություն չէինք դարձնում, հաղթանակն իր ավարտին պետք է հասցնեինք՝ արյան ու կյանքի գնով։

44-օրյա պատերազմի ժամանակ տեսանք՝ ինչպես կռվեց զինվորը, բայց նրա կողքին մարդ չկանգնեց, արդյունքում՝ ունեցանք այն, ինչ ունենք»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նրա դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ցանկացած մեթոդով փորձում է հասարակությանը  համոզել, որ տարածքներ հանձնելով՝ կարող են հանգիստ ապրել, բայց դա խաբեություն է։

«Մի օր կասի՝ Մասիս սարը հանում ենք, ջնջում բոլոր տեղերից, զինանշանին դնում ենք մեր թաղի բլուրի նկարը։ Սա մեր հայրենիքին ու ժողովրդին տանելու է ցանկացած ստորացման։ Այս երկիրը պետք է կարգի բերեն նախկին իշխանությունները, որովհետև նրանք թողեցին, որ Նիկոլը գա իշխանության, պետք է կանգնեն, ժողովրդին ոտքի հանեն ու երկիրը հանեն այս վիճակից»,- եզրափակեց Մանվել Եղիազարյանը։

Տեսանյութեր

Լրահոս