Իշխանությունը մեր մահախոսականը գրել է, մնում է հայտարարի. Այս շարժումը հայ ժողովրդի պատիվը փրկելու համար է. Մանվել Եղիազարյան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը շարունակվում է՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորությամբ։ Այս երթն ուղղված է իշխանությունների սկսած սահմանազատման գործընթացի դեմ, որով շատ բնակիչների տներ պարզապես անցնելու են թշնամու վերահսկողության տակ, այնպես, ինչպես 2020 թվականին եղավ Սյունիքի մարզի Շուռնուխ, Որոտան և այլ գյուղերի դեպքում։ Ինչպես հայտարարել է Բագրատ սրբազանը, երթի մասնակիցները մայիսի 9-ին կլինեն Երևանում և հենց Երևանում կձևակերպեն իրենց պահանջը։
Այս պահին բազմաթիվ հոգևորականներ, հասարակական կազմակերպություններ, մտավորականներ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Տավուշից մեկնարկած շարժմանը՝ հայտարարելով, որ սա արժանապատվությունը վերականգնելու շարժում է։
168.am-ի հետ զրույցում, խոսելով Տավուշից մեկնարկած շարժման մասին, Արցախյան ազատամարտի մասնակից, «Արաբո» կամավորական ջոկատի հիմնադիր Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը, ընդգծեց՝ սա պատվի ու արժանապատվության համար շարժում է, ժամանակն է, որպեսզի հայ տղամարդը վերականգնի իր արժանապատվությունը։
«Սա ճիշտ ժամանակն է՝ ոտքի հանելու ժողովրդական մասսաներին ու բացատրելու՝ կա՛մ դու անպատիվ ու աննամուս ապրում ես, կա՛մ փորձում ես պայքարել ու երկիրը կարգի բերել։ Հիմա ո՞վ է այդ երթը կազմակերպել, կարևոր չէ, կարևորը, որ կա այն գիտակցումը, որ երկիր ենք կորցնում, ու ոտքի ենք կանգնել։ Սա մեր պատվի համար է արվում, սա արվում է հայ ժողովրդի պատիվը փրկելու համար։
Մենք լավ գիտենք՝ իշխանություններն ինչ են անելու՝ վերջը տալու են և՛ Տիգրանաշենը, և՛ «միջանցքը», դրան զուգահեռ՝ արդբեջանցիներին բերելու են լցնեն ու բնակեցնեն Հայաստանում։ Այսինքն՝ իշխանությունը մեր մահախոսականը գրել է, մնում է հայտարարի, ինչը պետք է կանխել»,- նշեց Մանվել Եղիազարյանը։
Մանվել Եղիազարյանը վստահ է՝ եթե ՀՀ իշխանությունների սկսած գործընթացը չկանխվի, ապա բոլոր հայերին թշնամին գնդակահարելու է, բայց դա թույլ չտալու համար պետք է դիմադրել։
«Կարծում եմ՝ հիմա ձևավորվում է հենց այդ դիմադրությունը։ Խոսակցություններ են տարածում, թե այս շարժումը պաշտպանելու է Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին կամ մեկ այլ ուրիշի, ամեն ինչ խոսում են, բայց մենք գոնե այս պահին պետք է գիտակցենք մեկ բան, պետք է որևէ մեկին չլսենք ու հասկանանք, որ այս ամենին այլընտրանք չկա։
Երբ երկու կին գալիս են Սողոմոն իմաստունի մոտ ու վիճում, թե ում մոտ պետք է մնա երեխան, Սողոմոն իմաստունը դիմում է հետևյալ քայլին, ասում է՝ երեխային բաժանեք երկու մասի, յուրաքանչյուրդ մի մաս վերցրեք։ Երեխայի կենսաբանական մայրը ասում է՝ պետք չէ երեխային երկու կես անել, երեխային թողեք այդ կնոջը։ Հիմա մենք այս վիճակում ենք, որ եթե նույնիսկ ոչ մեր սրտով մարդիկ են գալու իշխանության ու երկիրը հանեն այս իրավիճակից, դեմ չենք, թող գան, միայն թե այս վիճակը փրկեն»,- շեշտեց նա։
Մանվել Եղիազարյանն ասաց՝ անվերապահորեն միանալու է շարժմանը, ավելին՝ մայիսի 9-ի առավոտյան 10-ին Շիրակի թեմի առաջնորդի գլխավորությամբ կգան ու Երևանում կմիանան Բագրատ սրբազանին։