Էկո-մասսովկան և ԶԼՄ-ներն Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության լիակատար վերահսկողության ներքո են. ադրբեջանցի լրագրողներ

Արդեն 72 ժամ է` Ադրբեջանի հատուկ ծառայությունների կազմակերպած «բնապահպանական» ակցիան Արցախն ամբողջովին կտրել է Հայաստանից` հումանիտար ճգնաժամ ստեղծելով երկրում։

Արցախի Հանրապետությունը զրկված է սննդի, էներգակիրների, դեղորայքի մատակարարումից, չկա գազ, ծանր հիվանդները չեն կարողանում տեղափոխվել Երևան։

Միջազգային հանրության լռության կամ զուտ արձանագրային հայտարարությունների ներքո 120․000-ից ավելի արցախցի գտնվում է սովի, ցրտի և անորոշության ճիրաններում։

Երեկ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը նույնականացրել էր, այսպես կոչված, բնապահպաններին, ինչպես նաև միջազգային հանրության ուշադրությունը սևեռել այն հանգամանքի վրա, որ հայկական ԶԼՄ-ներին թույլ չի տրվում տեղից լուսաբանել իրադարձությունների ընթացքը, սակայն ադրբեջանական լրատվամիջոցները դա ազատորեն անում են` ներկայացնելով միակողմանի ինֆորմացիա, տարածելով ատելության խոսք։

Մինչդեռ պարզվում է` ադրբեջանական ոչ բոլոր լրատվամիջոցներին է թույլ տրված լուսաբանել տեղի ունեցողը։

Մասնավորապես, ադրբեջանական «MEYDAN TV» ընդդիմադիր հեռուստաալիքը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 14-ին իր 2 աշխատակիցները և մեկ անկախ լրագրող ձերբակալվել են սև դիմակներով քաղաքացիական անձանց կողմից, երբ գնացել են ռեպորտաժ պատրաստելու Շուշի-Ստեփանակերտ փակված ճանապարհից։ Լրագրող Խայալի Աղաևայի խոսքով` իրենց ոչ մի բացատրություն չի տրվել։ Նրանց պարզապես նստեցրել են մեքենա և վերադարձրել Բաքու։

Լրագրողներն ասել են, որ մինչ այդ առգրավվել են իրենց ֆոտոխցիկները, իսկ արդեն նկարահանված նյութը ջնջվել է։

Վերջիններս արձանագրել են` էկո-մասսովկան և ԶԼՄ-ները Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության լիակատար վերահսկողության ներքո են։

Տեսանյութեր

Լրահոս