Իրավիճակը բարդ է, թիկունքը՝ թույլ, լուծումներ կան
Իշխանությունը
Հիմա այն վիճակն է, երբ պետք է պարզ խոսենք բաժանարար գծերից. կա իշխանություն, ու կանք մենք։
Ամբողջ ադրբեջանական մեդիան Վիգեն Խաչատրյան, Հովիկ Աղազարյան ու Գագիկ Մելքոնյան է։ Առավել շուստրիները սուսուփուս են, բայց նույն բանն են մտածում։ Նրանց ղեկավարը սրանցից ավելի խելոք է ու շատ լավ հասկանում է, որ որոշակի զարգացումների դեպքում ներքին լարվածությունը կարող է անկառավարելի դառնալ։
Մենք
Մնացածը մենք ենք՝ բավական շատ ու 100 տոկոսով իշխանությունից տարբերվող։ Մենք-ի մեջ նույնիսկ դեռևս «անտարբերներն ու կոնֆորմիստներն» են, և մեր խնդիրներից է նրանց արթնացնելը։
Շատ կարևոր է մեր խնդիրները ճիշտ պատկերացնելը. այն չի կարող սահմանափակվել հայտարարություններ ընդունելով կամ իշխանություն խարազանելով։ Իրավիճակը կարող է ցանկացած սցենարով զարգանալ, և պետք է ոչ միայն պատրաստ լինել դրանց, այլև՝ փորձել ազդել սցենարների վրա։
Առաջարկում եմ.
- Ստեղծել Արցախի աջակցության օպերատիվ շտաբ, որը կաշխատի արդեն իսկ գործող Արցախի օպերատիվ շտաբի հետ։
- Ստեղծել միասնական տեղեկատվական կենտրոն՝ շտաբի կազմում, որը թե´ հայ, թե´ միջազգային հանրությանը կապահովի գրագետ ու անհրաժեշտ տեղեկատվական հոսքերով։ Սա նաև տեղեկատվական սուր պայքարի փուլ է։
Օպերատիվ շտաբը պետք է աշխատի միջազգային կառույցների, դեսպանատների, միջազգային հանրության հետ, հայկական և հայամետ գործիչների, շրջանակների հետ։
Օպերատիվ շտաբը պետք է սկսի Արցախին հումանիտար օգնության հավաքման և տեղ հասցնելու գործը՝ հումանիտար շարասյան ձևավորումը։
«Էկոակտիվիստների դեմքով» ցեղասպանության կանխարգելմանը, պետք է պատասխանել գրագետ, օրինակ՝ հենց հանրային-մարդասիրական հումանիտար աջակցության արշավով՝ Հայաստանից և ողջ աշխարհից։
Մենք պետք է շատ լավ պատկերացնենք իրականությունը. մեր դեմ գիշատչի հոգեբանությամբ Ալիև-Էրդողանի իշխանությունն է, իսկ թիկունքում՝ ՔՊ-ական իշխանությունը։ Ուրեմն պետք է ուժեղացնենք հանրային գործոնը։ Պետականության թուլացման պայմաններում ուղղակի ուրիշ այլընտրանք չկա. ինքնակազմակերպում։
Եվ մի խնդրանք. եթե գաղափարն ընդունվի հանրային շրջանակների կողմից, հանկարծ չմտնենք քաղաքական խանդի ու մերկանտիլ հարցերի դաշտ՝ ով քանի քվոտա ունենա, բա տարածքի փողը ով կտա, աթոռ-սեղանինը՝ ով, և այլն։ Էդ փուլերը անցել ենք։ Հիմա իսկապես պատմական ողբերգություն է կատարվում, ու ամենապահանջարկված հատկանիշը սեփական անձի ու շահի մասին չմտածելն է։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ