«Միանշանակ բոլորին էլ տեղավորել ենք, նրանց մեջ երեխաներ չկան». Լիսագորի գյուղապետ
Դեկտեմբերի 12-ին ադրբեջանցիների կողմից Բերձորի ճանապարհը փակելուց հետո, ճանապարհին մնացած մարդկանց մի մասին տեղափոխել են Շուշիի շրջանի Լիսագոր, Հին Շեն, Եղցահող գյուղեր, մարդկանց մի մասին էլ տեղափոխել են Սյունիքի մարզ, մասնավորապես՝ Գորիս քաղաք։
168.am-ի հետ զրույցում Լիսագոր գյուղի ղեկավար Գագիկ Նասիբյանն ասաց, որ կարողացել են ճանապարհին մնացած մարդկանց տեղավորել գյուղում։
«Միանշանակ բոլորին էլ տեղավորել ենք, նրանց մեջ երեխաներ չկան։
Առաջին անհրաժեշտության ապրանքների հետ կապված սննդի խնդիր կար, բայց հիմա այդ հարցն էլ է լուծվել։ Հիմա ամեն ինչ կարգավորվել է, նորմալ է ամեն ինչ»,- նշեց Գագիկ Նասիբյանը։
Ըստ Լիսագորի գյուղապետի, հնարավոր չէ, որ Բերձորի ճանապարհը երկար փակ մնա։
«Երկար ճանապարհը փակ պահելն արդեն ուրիշ բան է դառնալու, չեմ կարծում, որ այս իրավիճակը պետք է երկար շարունակվի։ Կարծում եմ՝ ռուս խաղաղապահների միջամտությամբ ճանապարհը պետք է բացվի։
Ադրբեջանցիներից ամեն ինչ էլ սպասելի է, իրենց արարքները տեսնելով՝ բոլորիս համար էլ ակնհայտ է, որ ամեն ինչի պետք է սպասենք։ Այս ամենը մեզ համար նորություն չէ և զարմանալու որևէ բան չկա»,- շեշտեց նա։
Գագիկ Նասիբյանը նաև ընդգծեց, որ այժմ տները տաքացնում են փայտի վառարանների միջոցով։
«Մենք միշտ էլ տներն այսպես ենք տաքացրել՝ փայտի վառարանի միջոցով։ Միայն դպրոցն ենք գազով տաքացնում, դե, հիմա էլ դասերը ժամանակավորապես դադարեցվել են, այս առումով խնդիր չունենք»,- եզրափակեց Լիսագորի գյուղապետը։