«Հիմա միակ փրկությունը միասնականությունն է, միայն այդ դեպքում կարող ենք հասնել մեր հայրենիքի փրկությանը». Լիսագորի գյուղապետ
Արցախի Հանրապետությունում բնակիչներն անընդունելի են համարում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ։
Արցախի Շուշիի շրջանի Լիսագոր գյուղում Նիկոլ Փաշինյանի այդ քայլը դավաճանական են համարում։
168.am-ի հետ զրույցում Լիսագորի գյուղապետ Գագիկ Նասիբյանն ասաց, որ նման հայտարարությունն իր բնակիչներն ընդունել են այնպես, ինչպես ցանկացած հայ, հետևաբար՝ չի ցանկանում իր բնակիչներին տարանջատել հայությունից։
«Չեմ ուզում տարանջատել, եթե որևէ բան ճիշտ է հայտարարվում, բոլորը դա ընդունում են, եթե սխալ ու անընդունելի հայտարարություն է արվում՝ չեն ընդունում, այս հարցում այստեղ միասնական ենք։
Սա այն հարցն է, որ եթե բոլորս նույն ուղղությամբ մտածենք ու կողք կողքի կանգնենք, ապա հնարավոր կլինի ինչ-որ բան փոխել։ Այսինքն՝ հիմա մեր միակ փրկությունը միասնականությունն է, միայն այդ դեպքում կարող ենք հասնել մեր նպատակին՝ հայրենիքի փրկությանը։ Եթե պառակտվենք ու ամեն մեկս մի ուղղությամբ գնանք, ոչինչ չենք ունենալու»,- նշեց Լիսագորի գյուղապետը։
Ինչ վերաբերում է գյուղի ընդհանուր վիճակին, որն ապրիլի 23-ից գտնվում է տոտալ շրջափակման մեջ, Գագիկ Նասիբյանն ասաց, որ ընդհանուր իրավիճակը նորմալ է, առաջացող խնդիրները կարգավորում են։
Միաժամանակ նա տեղեկացրեց, որ ապրիլի 23-ից բնակիչներից որևէ մեկը ո՛չ Ստեփանակերտ է գնացել, քանի որ չեն պատրաստվում անցնել ադրբեջանական անցակետով, ո՛չ Գորիս։
«Այս ողջ ընթացքում որևէ լիսագորցի չի անցել ադրբեջանական անցակետով, ու ոչ էլ պատրաստվում են անցնել»,- եզրափակեց Գագիկ Նասիբյանը։
Նշենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմն Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում, փակել է և իրականացնում է հսկիչ անցակետեր տեղադրելու աշխատանքներ։ Արդյունքում՝ Արցախի Հանրապետության Լիսագոր, Եղցահող, Մեծ Շեն և Հին Շեն գյուղերը գտնվում են տոտալ շրջափակման մեջ, նրանք կապ չունեն ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի հետ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս ամենի հետևանքով արդեն 171-րդ օրն է՝ Արցախը գտնվում է շրջափակման մեջ։