Ո՞ւմ դեմ է ադրբեջանական սադրանքը. Ինչո՞ւ է թիրախավորվում Վոլկովը, և ինչո՞ւ է Պուտինը զանգահարել Փաշինյանին ու Ալիևին

Բնապահպանական արհեստական պատճառաբանություններով Ադրբեջանի մի շարք քաղաքացիներ, որոնք ներկայանում են իբրև թե «բնապահպան-ակտիվիստներ», կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին՝ փորձելով էքզիստենցիալ սուր մարտահրավերների առջև կանգնեցնել Արցախի բնակչությանը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների ու տելեգրամյան ալիքների՝ «բնապահպան-ակտիվիստները» պահանջում են հանդիպում Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ, «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։

Ըստ լուսանկարների ու տեսանյութերի՝ տեղում նույնիսկ վրաններ են տեղադրվել։ Իսկ ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, ըստ նույն աղբյուրների, տեխնիկա է կենտրոնացնում, այսպես կոչված, ակցիայի վայրում:

Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցների քննադատությունների թիրախում այսօր գեներալ Վոլկովն էր:

Ստեղծված իրավիճակի առնչությամբ հայտարարություններ են տարածել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Արցախի ԱԺ խմբակցությունները, ոստիկանությունը:

Նշենք, որ Թովմասյանը՝ ի տարբերություն Արայիկ Հարությունյանի, որը պատասխանատվությունը դրել էր ռուսական խաղաղապահ կոնտինգենտի և միջազգային հանրության վրա, դիմել էր հայկական կողմին.

«Դիմում ենք ՀՀ իշխանություններին և ժողովրդին, սփյուռքահայությանը, Արցախում ապրող մեր հայրենակիցներին ՝ հանուն Հայաստանի սահմանամերձ շրջանների և Արցախի Հանրապետության պաշտպանության, մի կողմ դնել ներքին տարաձայնությունները, այլապես վաղը ուշ կլինի»:

Հայաստանի Հանրապետությունից որևէ պաշտոնական հաղորդագրություն չի եղել ստեղծված արտակարգ իրավիճակի առնչությամբ։

Ավելին՝ այսօր առավոտյան Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ իր ելույթում Նիկոլ Փաշինյանը, չնայած խոսելով ցեղասպանության վտանգի մասին, և այն մասին, թե ինչպիսի մարտահրավերների առջև է կանգնած Արցախի բնակչությունը և ինչպիսի վտանգներ են սպառնում Արցախին, Ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքը համարեց երկխոսությունն ու համագործակցությունը, այդ թվում՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև:

Եվ սա՝ այն դեպքում, երբ օրերս Հիքմեթ Հաջիևը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին ուղղված արձագանքում հերքել էր նման գործիքի որևէ հեռանկար, կրկին արցախահայության հետ երկխոսությունը դիտարկելով և ներկայացնելով՝ որպես Ադրբեջանի ներքին գործ:

Ի դեպ, Արցախի իշխանությունները ոչ միայն չեն հրաժարվում երկխոսությունից, այլև վերջերս հրապարակային երկխոսելու փորձեր են արել։ Խոսքն Իլհամ Ալիև-Ռուբեն Վարդանյան վերջերս տեղի ունեցած հեռահար փոխհայտարարությունների մասին էր, որը չունեցավ շարունակություն կամ գործնական զարգացում:

Ավելին՝ իր վերջին հարցազրույցում Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը նշել էր.

«Բայց մեր հարևանի կողմից սադրանքները շարունակվում են, ու մենք առավելագույնս պետք է պատրաստ լինենք դրանց՝ կիրառելով համապատասխան միջոցներ: Միջադեպի հետ կապված Արցախի Հանրապետության իրավասու կառույցներն արդեն դիմել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ առաջարկելով հետագայում եռակողմ բնույթ ունեցող ցանկացած գործողություն հանգամանալից քննարկել՝ հաշվի առնելով թե բնակչության հետ պատշաճ հաղորդակցության հարցը, թե իրավիճակի լարվածությունը»:

Այսինքն՝ նույնիսկ պատրաստակամություն կա առանձին հարցեր քննարկել Արցախ-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափով, այս առաջարկը ևս դեռ շարունակություն չի ստացել: Եվ մինչ ՀՀ իշխանություններն ամիսներ շարունակ խոսում են ինչ-որ անհասկանալի ու անհեռանկար, անընդհատ հերքվող ձևաչափերի մասին, Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով շարունակում է Արցախի հայաթափման, ահաբեկման քաղաքականությունը՝ զուգահեռաբար լարվածության փուլ մտցնելով նաև խաղաղապահների հետ հարաբերությունները:

Նշենք, նաև, որ երբ այսօր ժամը 10։00-ից փակվեց Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, տեղի ունեցավ Պուտին-Ալիև հետախոսազրույց:

Հարկ է նշել, որ ադրբեջանական աղբյուրների համաձայն, հեռախոսազրույցը նախաձեռնել է ՌԴ նախագահը, քննարկվել էին եռակողմ հայտարարությունների իրականացման պրակտիկ հարցեր: Սակայն ամենայն հավանականությամբ հեռախոսազրույցը վերաբերել է հենց Լաչինի միջանցքի փակման թեմային:

Ավելի ուշ տեղի էր ունեցել նաև Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց:

Չնայած ՌԴ դիվանագիտական գերատեսչությունը, ի դեմս նախարար Լավրովի և ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, փորձում են Լաչինի միջանցքում Ադրբեջանի ստեղծած իրավիճակը ներկայացնել որպես կառավարելի հարց, այնուամենայնիվ, դատելով ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներից, տպավորություն է, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտը լրջորեն թիրախավորվում է, այդ թվում՝ ի դեմս գեներալ Վոլկովի:

Դեկտեմբերի 5-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ ասուլիսի ընթացքում անդրադարձավ ավելի վաղ՝ դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած նմանատիպ ակցիայի, ասելով. «Քննարկումների որոշ մասը նվիրվեց այս թեմային: Նշվել է, որ Ադրբեջանի գերատեսչությունների ներկայացուցիչները «տեղում» աշխատում են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մասնակցությամբ։ Ինչպես մյուս դեպքերում, մեզ համար առաջնահերթ նշանակություն ունեն բոլոր այն հարցերը, որոնք ծագում են ադրբեջանցի հարևանների և գործընկերների մոտ եռակողմ հայտարարությունների պայմանավորվածությունների իրականացման թեմայով։ Դրանով ակտիվորեն զբաղվում են ռուս զինվորականները տեղում»:

Այսպես էր արձագանքել Լավրովը դեկտեմբերի 3-ի ակցիայի մասին հարցին ի պատասխան, փորձելով հարթել թեման և ցույց տալ, թե Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև տարաձայնություններ այս հարցով չկան:

Սակայն Լավրովի այս արձագանքը խիստ կասկածելի է, եթե իսկապես տեղում Ադրբեջանն ու Ռուսաստանն աշխատում են, ապա իսկապես հարց է առաջանում, թե ինչո՞ւ է թիրախավորվում խաղաղապահ կոնտինգենտը, և ի՞նչ կապ ունի այս ամենն ընդհանրապես հետպատերազմյան 3 եռակողմ հայտարարությունների հետ:

168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ պետք է տարանջատել դիվանագիտական հայտարարությունները և իրավիճակները:

«Դիվանագետները, այն էլ նախարարի պաշտոնում, նրա համար են, որպեսզի այդպիսի հայտարարություններ անեն: Սակայն ակնհայտ է, որ ոչ թե հենց այսօր, այլ շատ ավելի վաղուց կան խնդիրներ ռուս խաղաղապահների հետ: Եթե ավելի ճշգրիտ լինենք, ապա Ղարաբաղյան երկրորդ մեծ պատերազմի դադարեցումից հետո, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումից սկսած, Ադրբեջանը թիրախավորել է խաղաղապահներին՝ նրանց Ղարաբաղից դուրս բերելու համար, քանի որ ի սկզբանե մանդատ չէր տվել, և այս առաքելությունը ՄԱԿ-ի կողմից հաստատված չէր»,- նման տեսակետ հայտնեց վերլուծաբանը:

Ըստ նրա, սա նոր երևույթ չէ, պարզապես Ադրբեջանն այս անգամ այլ պատրվակով է փորձում հասնել իր նպատակներին:

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը շտապում է, քանի դեռ Ռուսաստանը զբաղված է շատ ավելի թեժ օջախներով և ոչ դիվանագիտորեն, ոչ ռազմական առումով չունի բավարար ռեսուրս Ղարաբաղն անընդհատ ուշադրության կենտրոնում պահելու համար, ուստի պետք է փորձի ժամանակ ձգել, չթեժացնել կրքերը, որպեսզի իր համար, այդ թվում՝ լարվածության հավելյալ օջախներ չբացվեն: Սա Ռուսաստանում հասկանում են, հենց այդ պատճառով էլ, կարծում եմ, ղեկավարների մակարդակով հեռախոսազրույց է տեղի ունեցել: Թե ինչպե՞ս պետք է Ռուսաստանը հանդարտեցնի այս իրավիճակը՝ ինձ համար բարդ է ասելը»,- ասաց Խրամչիխինը:

Ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը ևս այն կարծիքին է, որ բոլոր հնարավոր գոտիներում հավելյալ խնդիրներ են ստեղծվում ռուս խաղաղապահների համար:

Ըստ նրա, եթե հետևենք աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, ապա կտեսնենք, որ Ռուսաստանի շուրջ հնարավորինս շատ անկայունություն են փորձում ստեղծել ուկրաինական իրադարձություններին զուգահեռ՝ թուլացնելու համար ՌԴ-ին:

«Այնուամենայնիվ, կարծում եմ, որքան էլ բարդ է իրավիճակը, ՌԴ-ն ունի համապատասխան լծակներ իրավիճակը կարգավորելու համար և, ինչպես տեսնում ենք,  անընդհատ երկխոսությունն ընթանում է: Այստեղ խնդիրը խաղաղապահ ջոկատը չէ, խնդիրները քննարկվում ու լուծվում են քաղաքական մակարդակում, այսինքն՝ կա քաղաքական խնդիր, որը և քննարկվում է: Պետք է հետևել զարգացումներին»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս