Ողջ ԲԴԽ-ում մեկը չկա՞ր՝ Կարեն Անդրեասյանին տեղեկացներ, որ աշխարհում կա «Բանգալորյան սկզբունքներ» հասկացություն

Շաբաթ օրը փաշինյանական «էլիտան» «Դվին» ռեստորանային համալիրում հարսանիքի էր: Վայոց ձորի նախկին մարզպետ, ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանն էր ամուսնանում՝ Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո, ողջ ՔՊ-ական իշխանության ներկայությամբ ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի քավորությամբ:

ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի կինն այդ հարսանիքից լուսանկար էր հրապարակել, որում երջանիկ ու անհոգ ժպտում էին նաև Ալեն Սիմոնյանն ու Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանն ու վերջինիս կինը:

Լուսանկարը մակագրված էր՝ «Իրավաբաններով»…

Կարդացեք նաև

Հետաքրքիր է՝ իսկ այդ լուսանկարի հրապարակումից առաջ կամ հետո ԲԴԽ նախագահ, իրեն իրավաբան-գիտնական համարող Կարեն Անդրեասյանը տեղյակ եղե՞լ է արդյոք դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքներից և դրա հավելվածից՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից թիվ 2200A(XXI) բանաձևով հաստատված «Դատավոր-ների վարքագծի Բանգալորյան սկզբունքներից:

Ըստ ամենայնի՝ տեղյակ չէ, բայց կարող է ծանոթանալ. հղումը հրապարակման մեջ հատուկ Կարեն Անդրեասյանի համար ենք տեղադրել:

Նշենք նաև, որ Բանգալորյան սկզբունքները նպատակ ունեն սահմանելու դատավորի վարքագծի չափանիշները, դատավորի համար ծառայում են որպես ուղենիշ և հնարավորություն են տալիս դատական մարմիններին կարգավորել դատավորների վարքագիծը: Իսկ զկզբունքներն ու մեկնաբանություններն անփոփոխելի են:

2016թ. Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը որոշում ընդունեց, որով հաստատեց կամ սահմանեց Բանգալորյան սկզբունքները, այն է՝ ՀՀ դատավորների վարքագծի կանոնները:

Որոշումն ուժի մեջ է մտել 2016թ. ապրիլի 11-ին: Ըստ այդ որոշման 3-րդ կանոնի՝ Դատական նիստից դուրս դատավորը պարտավոր է ձեռնպահ մնալ կողմերի և դատավարության այլ մասնակիցների հետ առանձին շփումից:

Դատավորը պարտավոր է զերծ մնալ օրենսդիր և գործադիր մարմինների, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների, մասնավոր շահերի, հասարակական կարծիքի և այլ կողմնակի ազդեցություններից, ճնշումներից, սպառնալիքներից և այլ միջամտությունից, ազատ լինել քննադատության մտավախությունից և անկախ մարդու համբավ ձեռք բերել անկողմնակալ դիտորդի մոտ:

Դատավորը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատավորը պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:

Եվ թեպետ արդեն 2018թ. այս որոշումը ուժը կորցրած ճանաչվեց, բայց միայն ձևականորեն: Պարզապես «հեղափոխական» Հայաստանում կրկին ձևակերպվեցին Բանգալորյան սկզբունքների հայկական պահանջները:

Ի դժբախտություն Կարեն Անդրեասյանի՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը շեշտում է, որ դատավորի վարքագծի կանոնները պարտադիր են նաև Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամների, դատավորի թեկնածուի հավակնորդների, դատավորների թեկնածուների, ներառյալ` առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակներում ընդգրկված անձանց, ինչպես նաև դատարանի աշխատակազմի համար այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են նրանց նկատմամբ:

Այս կետը հատկապես կիրառելի է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի համար:

Ինչպես արդեն նշեցինք, 2018թ. դեկտեմբերի 21-ին Դատավորների ընդհանուր ժողովը ևս մեկ անգամ անդրադարձավ այս խնդրին՝ սահմանելով դատավորի էթիկայի կանոնները:

Ըստ Կանոն-2-ի՝ Դատավորի էթիկայի սույն կանոններով անձնական և վարքագծի սահմանափակումները դատավորն ընդունում է գիտակցաբար և ինքնակամ` նպատակ ունենալով բարձր պահել դատավորի և դատական իշխանության հեղինակությունը, ապահովել իր արդարամտության, բարեկրթության և հավասարակշռվածության հասարակական ընկալումը:

Էթիկայի կանոնների վերաբերյալ խորհրդատվություն ստանալու նպատակով դատավորը կարող է դիմել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովին:

Իսկ Կանոն 3-ն ասում է՝ Դատավորը պարտավոր է զերծ մնալ օրենսդիր և գործադիր մարմինների, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների, մասնավոր շահերի, հասարակական կարծիքի և այլ կողմնակի ազդեցություններից, ճնշումներից, սպառնալիքներից և այլ միջամտությունից, ազատ լինել քննադատության մտավախությունից և անկախ մարդու համբավ ձեռք բերել անկողմնակալ դիտորդի մոտ:

Ինչպես տեսնում եք, նույն 2016թ. որոշման ձևակերպումն է, բայց արդեն հետհեղափոխական Հայաստանում: Այսինքն՝ անգամ ըստ իրենց իշխանության օրոք ընդունած սկզբունքների՝ Կարեն Անդրեասյանն իրավունք չուներ ոչ ներկա գտնվել այդ հարսանիքին, և ոչ էլ առավել ևս՝ հրապարակված լուսանկար ունենալ:

Նույն էթիկայի կանոնների Կանոն 16-ը սահմանում է, որ դատավորի ոչ դատական գործունեության իրականացումը չպետք է անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկածներ առաջացնի որպես դատավոր անաչառ գործելու նրա ունակության վերաբերյալ, նսեմացնի դատավորի պաշտոնի հեղինակությունը կամ խոչընդոտի դատական պարտականությունների պատշաճ իրականացմանը:

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն հանդես է գալիս որպես դատարան: Իսկ Մարիամ Մարգարյանի հրապարակած լուսանկարի 2 իրավաբանները պետք է որ նրան բացատրեին, որ այս լուսանկարը դատական համակարգի ինստիտուցիոնալ անկախության վերաբերյալ անկախ դիտորդի մոտ արդեն կասկած կառաջացնի, և գոնե պետք է արգելեին հրապարակել, բայց ինչպես արդեն նշել ենք, ըստ ամենայնի, Կարեն Անդրեասյանը գաղափար անգամ չունի Բանգալորյան սկզբունքների մասին:

Տեսանյութեր

Լրահոս