
Երբ Շուշիում հարսանիք էիք անում, գիտեի՞ք, որ այն «ադրբեջանական տարածք» է. Հարց՝ ԱԽ քարտուղարին
Այսօր Կառավարության հերթական նիստից հետո Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին լրագրողները հարց ուղղեցին Արցախի վերաբերյալ։
Մասնավորապես հետաքրքրվեցին՝ երբ նա իր հարսանիքն էր անում Շուշիում, գիտե՞ր, որ նախկինները բանակցել են, որպեսզի Արցախը տան Ադրբեջանին, քանի որ Նիկոլ Փաշինյանն Արցախի կորստի ամբողջ մեղքը փորձում է բարդել նախկին իշխանությունների վրա՝ պարբերաբար հայտարարելով, որ նախկին իշխանությունները 1994 թվականից սկսած՝ բանակցել են, որ Արցախը վերադարձնեն Ադրբեջանի կազմ։ Գիտե՞ր, արդյոք, որ այն «ադրբեջանական տարածք է»»։
Արմեն Գրիգորյանը պատասխանեց, թե այդ մասին նախորդ անգամ ևս իրեն հարց են տվել, և իր պատասխանը որևէ ձևով չի փոխվել։
«Երբ դուք փորձում եք Լեռնային Ղարաբաղի հարցով շատ անձնականացնել և տեղափոխել անձնական տիրույթ, ես այստեղ որևէ իմաստ չեմ տեսնում անձնական քննարկումներ տանելու։ Հրապարակային բոլոր հայտարարությունները, ԼՂ-ի շուրջ՝ կլինի 1990-ականներին, թե 2000-ականներին… Սրա մասին ես հրապարակային խոսել եմ, իմ դիրքորոշումների բացատրությունը տվել եմ»,- նշեց նա։
Լրագրողի ճշտող հարցին՝ երբ 2018 թվականին հեղափոխություն էին անում, Արցախի վերաբերյալ հանդես էին գալիս լոզունգներով, չգիտեի՞ն, որ «Արցախը Ադրբեջանի տարածք է», Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ 2018 թվականի հեղափոխությունն Արցախի մասին չէր։
«2018 թվականի օրակարգը «Մերժիր Սերժին» օրակարգն է եղել, և դրա համար է տեղի ունեցել հեղափոխությունը»,- ընդգծեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում