Հասկանալով կարդալու մասին
Իմաստո՛ւն դարձրու ինձ, որ քննեմ Քո օրենքը և ամբողջ սրտովս պահպանեմ այն (Սաղմ. ՃԺԸ 34)։
Եվ արդ, պատվենք Սուրբ Գիրքն ընթերցանությամբ, որը պատճառն է մեր բոլոր բարելավությունների. սիրով փափագենք Սուրբ Գրքի ուսումնասիրությունը և ընթերցելիս հոգանք երկու բանի մասին. նախ` որ հասկանանք ընթերցվածը, և երկրորդ` որ մտքում անմոռաց պահենք, մանավանդ գործով կատարենք և օրենքը կատարող լինենք, որ թեթևամտությամբ չզրկվենք մեծագույն բարիքներից (Խոսրով Անձևացի):
Թերևս կարելի է արտագրություններ անել Գրքերից, սակայն պետք է յուրացնել: Կարդալ այն, ինչը հասկանալի է: Պետք է քիչ կարդալ, բայց` հասկանալով (Ամբրոսի Օպտինսկի):
Երբ ձեռնամուխ լինես աստվածային Գրքերն ընթերցել և իմանալ խոսքերի զորությունը, աղաչում եմ, ուշադրություն դարձրու, որ ոչ մի տառ չվրիպի քո մտքից: Բոլոր գրվածքները երկնավոր իմաստություն են պարունակում և ծնում են իմաստուն մտքերի հոգևոր խոսքեր, որոնք ամուլ են չհասկացողների համար, իսկ հասկացողների համար` բազմուսույց: Այդպես էլ` յուրաքանչյուր միտք լսելիս. ով ճիշտ է հասկանում, նրա մտքի ճաշակելիքն անուշանում է (Մամբրե Վերծանող):
Ս. Աթանասը Անտոն Անապատականի մասին խոսելիս ընդգծում է այն ճշմարտությունը, որ նա «այնքան ուշադիր էր Աստվածաշնչի ընթերցանությանը, որ նրանում գրված ոչ մի խոսք գետին չէր ընկնում, այլ հիշում էր ամբողջը, և հիշողությունը գրավում էր Գրքերի տեղը» («Աբբա՛, մի խոսք ասա՛ ինձ»):
Հետամո՛ւտ եղիր հասու լինել սուրբգրային յուրաքանչյուր բառի իմաստին, որ հասնես սրբերի մարգարեների և առաքյալների մտքերի խորքերին և մեծ ստուգությամբ հասկանաս դրանք: Իրենց կյանքում աստվածային շնորհով դեպի լույս առաջնորդվողները միշտ զգում են, որ ասես մտավոր ինչ-որ ճաճանչ է անցնում տողերի վրայով` գիտակցության համար մերկ բառերը զանազանելով հոգևոր գիտությամբ արտահայտված խոր մտքերից:
Եթե մեկը կարդում է բազմիմաստ համարներ` չխորանալով դրանց իմաստի մեջ, ապա սիրտն էլ է մնում աղքատ, անհաղորդ, և նրա մեջ մարում է սուրբ զորությունը, որը հոգու հրաշալի ընկալման դեպքում սրտին քաղցրություն է պատճառում (ս. Իսահակ Ասորի):
Ընթերցողներն առանց որևէ դժվարության հասկանում են աշխարհիկ գրքերը, սակայն աստվածային ու փրկագործական Գրքերը ոչ ոք չի կարող ինքնուրույն հասկանալ կամ ընկալել առանց Սուրբ Հոգու օգնության (Սիմեոն Նոր Աստվածաբան):
Շնո՛րհ տուր, Տե՛ր, որ մենք բոլորս կատարենք ավետարանական այս պատվիրանը. «Քննեցե՛ք Գրքերը» (Որոգինես Ալեքսանդրացի):
Լավ է մի տուն սաղմոս ասել հասկանալով ու ըմբռնելով, քան թե հազար տուն` առանց հասկանալու և միտքը քննելու:
Աստվածաշունչը վերընթերցանության գիրք է
Աստվածաշունչն ընթերցելիս, երբ անհասկանալի մտքի ենք հանդիպում, չպետք է կանգ առնենք դրա վրա. կհասկանանք հետո` երկրորդ անգամ ընթերցելիս: Առհասարակ օգտակար է միևնույն բանը հաճախ վերընթերցելը: Այսպես` Պողոս առաքյալի որևէ թուղթն ընթերցելուց հետո անմիջապես կարդանք երկրորդ, երրորդ անգամ: Մի հեղինակ ասում է. «Երբ ամբողջ գրվածքն ընթերցվել է, և բոլոր մանրամասնությունները ձուլվել են մի կուռ ամբողջության մեջ, անհրաժեշտ է կարդալ երկրորդ անգամ, որպեսզի այդ ներդաշնակ ամբողջության լույսի ներքո հասկանալի դառնան մանրամասները, որ նրա կազմի մեջ են մտնում իբրև բաղկացուցիչ մասեր»:
Նմանօրինակ կրկնողական ընթերցանության դեպքում ոչ միայն հասկանալի է դառնում մինչ այդ անհասկանալին, այլև արդեն մի անգամ հասկացված խոսքերի մեջ ջանասեր ընթերցողը ամեն անգամ նոր մտքեր է բացահայտում, որոնք ընդլայնում ու խորացնում են նրա ըմբռնումը` ուրախություն պատճառելով սրտին: Այդժամ աստվածային յուրաքանչյուր խոսք իրավամբ սերմ է դառնում, որից հավատի աչքերով ուշադրությամբ քննելիս միշտ աճում են ցողուններ, ծաղիկներ և նոր մտքերի պտուղներ: Այնպես որ, ինչքան շատ ենք ընթերցում Սուրբ Գրքի որևէ հատված, այդքան նորանոր բաներ ենք գտնում նրանում. նրա բովանդակությունն աստիճանաբար ընդլայնվում է մինչև անսահմանություն` իր մեջ ի հայտ բերելով Աստծու խոսքի հատկանիշը, որը նույնքան հավերժ ու անսահման է, որքան Նա, Ումից այն բխել է։