Լիցքավորելու պահին չի զգացվում՝ խաբո՞ւմ են, թե՞ ոչ. 2 օր հետո ինչպե՞ս ես ապացուցելու, որ քիչ են լցրել. Վարորդները՝ գազալցակայաններում թերլիցքավորման համար տուգանելու մասին
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ դեկտեմբերի 7-ին ընդունել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանի և Բաբկեն Թունյանի հեղինակած օրենքի նախագիծը։
Ներկայացված նախագծով հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառակետերում թերլիցքավորում հայտնաբերելու դեպքում տնտեսվարողի բաշխիչ աշտարակների վրա մեկ ամիս ժամկետով փակցվելու է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» գրառմամբ ցուցանակը։ Նախագծով տուգանքը սահմանվել է ֆիքսված 200.000 դրամ՝ գումարած տուգանքը հայտնաբերելու նախորդող եռամսյակի շրջանառության 0.5 տոկոսը: Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառակետերը կունենան QR կոդեր, որոնց միջոցով վարորդները կարող են ստանալ տեղեկատվություն տնտեսվարողի մոտ կատարված ստուգումների և դրանց արդյունքների վերաբերյալ:
Վարորդները, սակայն, չեն կարծում, որ օրենքը որևէ եղանակ է փոխելու: Շատերի խոսքով՝ ավտոմատացված համակարգ է, ցանկացած պահի կարող են այնպես անել, որ ճիշտ ցույց տա:
«Լիցքավորելու պահին չի զգացվում՝ խաբո՞ւմ են, թե՞ ոչ: Դա երևում է մեքենայի վազքի արդյունքում։ 2 օր հետո ինչպե՞ս ես ապացուցելու, որ քիչ են լցրել: Եթե լցվող գազը չի սառեցվում, լցնելու պահին ցույց է տալիս համապատասխան ճնշում, բայց հովանալուց հետո ունենում է ավելի ցածր ճնշում: Լցվող (մղվող) գազի ջերմաստիճանը պետք է հսկվի»,- մեզ հետ զրույցում ասաց վարորդ Սևակ Կիրակոսյանը:
«Ես չեմ հավատում, որ սկսելու են ստուգել, մի բան էլ տուգանել. մեկ է՝ թերլիցքավորողն էլի է թերլիցքավորելու։ Բոլորն էլ թերի են լիցքավորում: Ավելին, եթե անգամ տուգանեն, համոզված եմ՝ գները կրկին բարձրացնելու են. նորից կթանկացնեն՝ ասելով, որ լիտրաժը համապատասխանում է ստանդարտներին: Կառաջարկեի խախտում գտնելիս ոչ թե անընդհատ տուգանել, այլ փակել գազալցակայանը, օրինակ՝ երեք ամսով: Լավ կլիներ նաև, որ անցնեին ճնշումով, ոչ թե կիլոգրամով լիցքավորմանը: Պետք է նաև մեխանիզմները հստակեցնել, սարքավորումների ստանդարտները համապատասխանեցնել. կա՞ մի չափանիշ, որով սպառողը կհասկանա ճիշտ լիցքի չափը կամ միավորը»,- նշեց մեկ այլ վարորդ:
Վարորդներից շատերը նշեցին, որ եթե իրականացվում է չափագրություն, ապա պետք է համապատասխան տարաները կապարակնքված լինելու կամ այլ տարբերակով հաշվառվեն, որպեսզի դրանք այլ տարաներով փոխարինվելու դեպքում հնարավոր լինի իրականացնել նույնականացում: