Ինչու Փաշինյանը որոշեց գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահությունից զրկել ՊՆ-ին
Նոյեմբերի 16-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի էր ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը:
ՀՀ պաշտպանության նախարարությունից այս հանձնաժողովի նախագահությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հանձնելու որոշում Նիկոլ Փաշինյանը կայացրել էր 2022-ի հոկտեմբերի 20-ին, որում, մասնավորապես, նշված է.
«Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի նոյեմբերի 19-ի «Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1535-Ա և 2020 թվականի դեկտեմբերի 9-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 1343-Ա որոշումները:
Սույն որոշման N 1 հավելվածում նշված պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն ներկայացնել հանձնաժողովի և հանձնաժողովին կից գործող աշխատանքային խմբի կազմում ընդգրկվող պաշտոնատար անձանց տվյալները»:
Նշենք, որ դեռևս այս տարվա փետրվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարությանն էր մնում պաշտպանության նախարարի մակարդակով գլխավորելու հանձնաժողովը և հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ընտրելու իրավունքը:
Թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել, որ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերը պետք է լինեն ԱԱԾ նախագահության ներքո, հայտնի չէ, որոշման կայացման համար որևէ հիմնավորում հրապարակված չէ: Մի բան հստակ է՝ Պաշտպանության նախարարությունից զինված ուժերի լիազորությունները նվազեցնում են: Էական չէ, որ նոր ձևավորված հանձնաժողովում նաև Պաշտպանության նախարարությունը ներկայացուցիչներ ունի:
Նշենք, որ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը իրավասու է կազմակերպել հանձնաժողովի գործունեությունը, այն ներկայացնել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, միջազգային և այլ կազմակերպություններում և այլն: Բացի այս, հանձնաժողովի շրջանակում աշխատանքային խմբի անհատական կազմը ևս հաստատվելու է ԱԱԾ-ի տնօրենի հրամանով:
Ի դեպ, 2022-ի հոկտեմբերի 20-ի ՀՀ վարչապետի որոշմամբ հանձնաժողովի առջև դրված խնդիրների լուծման նպատակով և հանձնաժողովի նախագահի առանձին հանձնարարականները կատարելու նպատակով աշխատանքային խումբը կարող է գործուղվել Արցախի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետության մարզեր:
Արդյո՞ք նշանակում է, որ այս փոփոխությունից հետո գերիների, պատանդների և անհայտ կորածների հարազատները պետք է ԱԱԾ-ի դուռը ծեծեն:
Իսկ Նիկոլ Փաշինյանի այս որոշումը, բնավ, զարմանալի չէ, այս տարվա հուլիսին նա հայտարարել էր.
«Մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանները՝ առանց բացառության, հանձնվեն սահմանապահ զորքերի հսկողությանը, և բանակի ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր: Եվ հենց զինված ուժերի տրամաբանության մեջ այս նկատի ունենք՝ խաղաղության օրակարգ ասելով, հենց այս նկատի ունենք, երբ արձանագրում ենք, որ Հայաստանի կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգ»։
Վերը նշված փոփոխությունները և սահմանները ԱԱԾ-ին ամբողջությամբ հանձնելու նպատակը պրոֆեսիոնալ բանակի փաշինյակական տեսլականի համատեքստո՞ւմ են, թե՞ այլ հանգամանքներ ու դրդապատճառներ կան: