Հովնանի քունը
«Ի՞նչ ես խռմփացնում, վե՛ր կաց, աղաչի՛ր քո Տեր Աստծուն» (Հովնան 1։6)։
Իմ այս բնաբանը Հովնան մարգարեի գրքից է: Նրա պատմությունն ամենաարտասովոր հրաշքներից մեկն է: Հավատացյալն, անշուշտ, այդ պատմության ոգուն պետք է նայի, և ոչ թե տառին, ու երբ մարդ այդ ոգու տեսանկյունից է նայում, այնտեղ մարդու սրտի և Աստծու ճանապարհների ուսումնասիրությանն է հանդիպում ու համոզվում, որ այս գիրքը սքանչելի է թե՛ իր ինքնատիպությամբ և թե՛ համառոտությամբ:
Ապաշխարության կիրակիի իմ այս քարոզով կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել Հովնանի գրքում եղող խրատական մի հանգրվանի վրա, ասել է թե՝ կուզեի անդրադառնալ հենց իսկ Հովնանի քնին: Ինչպիսի՞ քուն էր այն: Վստահաբար կարելի է ասել, որ հոգնած մարդու քուն լինելուց ավելի այն խղճահար մարդու քուն էր: Հովնանը չէր հնազանդվել Տիրոջը և հրաժարվել էր գնալ ու նինվեացիներին քարոզել իրենց սպասվող դատաստանի մասին:
Հովնանը նստել էր մի նավ, որը նրան դեպի Թարսիս էր տանում: Այդպիսով նա մտածում էր փախչել Աստծուց և նույնիսկ ինքն իրենից, եթե կարելի է այդպես ասել: Ուստի և Հովնանը, նավի մի անկյունը քաշվելով, քուն էր մտել, որպեսզի թմրեցներ իր խիղճը:
Մարգարեն այնքան «հաջողակ» գտնվեց, որ ո՛չ փոթորկի սաստկությունը, ո՛չ կայմերի ճայթյունը, ո՛չ ճամփորդների աղաղակը չկարողացան արթնացնել նրան: Նավապետը, մոտ գնալով Հովնանին, արթնացրեց նրան՝ ասելով. «Ինչպե՞ս ես այդպես խոր քուն մտել, ելի՛ր աղաղակի՛ր քո Աստծուն, թերևս Նա հիշի մեզ՝ կորստյան մատնվողներիս»:
Ա.
Մարդ կարող է քուն մտնել կա՛մ Աստծու հետ լինելով, այսինքն՝ Նրա հետ խաղաղություն ունենալով, կա՛մ էլ Աստծուց հեռու, որ ինքն իրենով իսկ թմրություն ու բարոյական անկում է ենթադրում, և հենց այս վերջին կետի վրա էլ կցանկանայի հրավիրել ձեր ուշադրությունը:
Թերևս ձեզնից ոմանք առարկեն և ասեն. «Ի՞նչ եք ուզում մեր քնից, մի՞թե մեր քունն էլ է հանցանք ու մեղք: Կարծես բավական չէր, որ մեր արթնության ժամերի համար էիք մեզ ամբաստանում, այժմ էլ ուզում եք մեր քո՞ւնը խաթարել: Մի՞թե կարելի է քննադատության առարկա դարձնել այն կրավորական արարքը, որի դրսևորման պահին կամքը և ուժը անգործության են մատնված»:
Այդպես խորհողներին պիտի պատասխանեի հետևյալ կերպ. կարիք չկա, որ մենք քունը բոլոր պարագաներում լիովին կրավորական և անպատասխանատու արարք համարենք: Չի կարելի ուրանալ, որ շատ հաճախ քունը ներկայացնում է մեր բարոյական կացության, մեր մտածումների ու մեր ներքին զգացումների իրական պատկերը: Մարդկային բնությունն «օժտված» է այնպիսի հատկությամբ, որ կարող է փչացնել ու վատթարացնել Աստծու թե՛ այս պարգևը, թե՛ երկնային մյուս պարգևները:
Բայց նախ պետք է ասեմ, որ քունը բարիք է: Այն Աստծու գորովագութ հոգածությունն է մեր նկատմամբ, ըստ որի՝ Նա արևամուտից անդին մեզ համար հանգստի ժամեր է սահմանել: Հանգստյան այդ ժամերին մարդկային էակի բոլոր զսպանակները թուլանում և շունչ են քաշում: Այդ դադարը վերանորոգում է մեր ֆիզիկական ու բարոյական ուժերը:
Նայե՛ք այն ազնիվ երկաթագործին, որն իր աշխատանքին լծված՝ օրնիբուն չարչարվում է, որը երկաթը ծեծում է սալի վրա ու որքա՜ն հոգնած է լինում, երբ երեկոյան ժամն է մոտենում: Նրա ձեռքերը կոշտացած են, դեմքը սևացած է դարբնոցի ծխից, իսկ անկողինը, որ սպասում է նրան, թերևս ավելի բիրտ է, քան նրա օրվա աշխատանքը:
Սակայն ի՞նչ փույթ. երբ այդ դարբինը ձգվում է իր անկողնու մեջ ու փակում աչքերը, որպեսզի քուն մտնի, այդժամ նա ավելի բարեբախտ է, քան թագավորն իր փառքի մեջ: Դարբինն այդ քնի շնորհիվ հաջորդ առավոտյան վերագտնում է իր ուժերի թարմությունն ու զվարթորեն և կայտառությամբ դարձյալ լծվում է իր պարտականությունների կատարմանը:
Մյուս կողմում էլ մտքի ու սրտի գործիչներն են, որ ամբողջ օրն առանձնանալով իրենց գիտական կամ իմաստասիրական աշխատանոցներում, ստեղծագործում և լույս աշխարհ են բերում մտքի ու սրտի սքանչելիքներ, լույս են սփռում մարդկային իմացական ու բարոյական աշխարհներում: Անշուշտ, նրանք ևս քնի խիստ կարիք են զգում և օրհնում են այդ բարեբաստիկ հանգիստը, որը նրանց հնարավորություն է ընձեռում նոր, թարմ մտքով վերսկսելու իրենց վսեմ առաքինությունը:
Ահա նայե՛ք վշտացյալներին, ահավասի՛կ աղքատները, ահա՛ մեկուսացածները, ամենքն էլ քնի կարիք ունեն՝ գեթ մի քանի ժամ ընկղմվելու մոռացության մեջ, որից որ դուրս են ելնում ավելի խաղաղված ու կազդուրված իրենց ցավերից և թշվառություններից:
Ահավասիկ մի հիվանդ, որի շուրջը բոլորված նրա սիրելիներն ասես շունչներն էլ պահում են, որպեսզի շշունջ անգամ չհնչի և հիվանդը գոնե մի փոքր անուշ քնով ննջի: Եվ երբ այդ հիվանդը, այլևս իր ցնցումներից հոգնած, քնով է անցնում, նրա շուրջը գտնվողներն ուրախության արտասուքով դիմում են իրար ճիշտ այնպես, ինչպես առաքյալները դիմեցին իրենց Տիրոջը՝ ասելով. «Քանի որ քնել է, ուրեմն կառողջանա»: Գուցե նաև չառողջանա, բայց գոնե ցավերը կմեղմանան:
Նայե՛ք այն խարտյաշ ու գեղեցկատես մանկանը, որ գլուխը բարձին դրած ննջում է: Երջանկության, մաքուր ու խաղաղ երջանկության պատկերն է դա: Ինչպիսի՜ գեղեցկություն, ինչպիսի՜ քնքշություն անգամ քնի մեջ: Մանկան հրեշտականման դեմքի վրա ասես ժպիտ է թևածում, որն օրորոցի վրա սավառնող հրեշտակների քաղցր ժպիտի ցոլքն է:
Քնից բխում են նաև մի շարք այլ օրհնություններ: Չէ՞ որ, իսկապես, առավոտյան արթնանալով՝ մռայլ ու կնճռոտ մտածումներին վերջ ենք դնում ու նշմարում ենք լուսավոր հորիզոններ, և մեր ուղեղն ու գիտակցությունը նոր պայծառությամբ են համակվում, որից հետո էլ մեր գալիք որոշումների հարցում ավելի հստակորեն ենք կողմնորոշվում:
Երբ երեկոյի, գիշերվա մութը հետզհետե իջնում է երկրի վրա, և կյանքի աղմուկը քիչ-քիչ սկսում է հանդարտվել, երբ թռչունները դադարեցնում են իրենց գեղահնչուն ճռվողյունը, երբ ծառերի տերևների սոսափյունը միայն մեղմիվ է լսվում, բոլոր էակների համար սկսվում է ինքնամփոփման շրջանը, և քաղցր ու հաճելի հանդարտություն է սփռվում երկրի վրա:
Նույնիսկ գիշերվա մթության մեջ փայլփլող աստղերն իրենց լռիկ ու լուսալիր նայվածքով ասես ընկերանում են գիշերվա խաղաղությանը: Դա մի հանգիստ է, որ երկնքից իջնում է երկրի վրա՝ նման բարերար ու կենսագործող ցողի:
Բ.
Երբ ասում եմ, որ քունը բարիք է, պետք է ասեմ նաև, որ կա քնի մի տեսակ, որը տարբերվում է խաղաղասեր քնից և խոտորվում է Աստծու շնորհած բարիքից: Մահակերպ ու չարաբեր քունն է դա: Ամենքն էլ գիտեն, որ այդ քունը ծույլերի բարձն է:
Ինչպես որ կերուխումի սիրահարներ կան, այդպես էլ կան նաև քնի սիրահարներ, որոնք բոլոր հաճույքներից վեր են դասում քունը: Հայացք գցենք Առակաց գրքի՝ քնի սիրահարներին ուղղված պատկերավոր ազդարարությանը. «Ո՜վ ծույլ, մինչև ե՞րբ պիտի պառկես, ե՞րբ պիտի արթնանաս քնիցդ. մի փոքր քնում ես, մի փոքր նիրհում ես, մի փոքր բազուկներդ ես ծալում ննջելու համար, և ահա աղքատությունը գալիս է ճամփորդի նման, և կարիքը՝ զինված մարդու պես» (հմմտ. Առակ. 6։9-11):
Այդ «զինված մարդը» քանի՜-քանիսի՜ն է իր զոհը դարձրել: Նրա զոհն է անարժան աշխատակիցը, որը միշտ ուշ է ժամանում իր աշխատավայր և դժգոհ է թողնում իր պետին, ինչի հետևանքով էլ վերջիվերջո զրկվում է աշխատանքից ու դառնում իր ընտանիքի թշվառության պատճառը, իսկ ինքն էլ հայտնվում է ծանր պարտքերի տակ՝ խոր հուսահատության գիրկն ընկնելով:
Այդ «զինված մարդու» զոհն են հարուստ ու ծույլ երիտասարդները, որոնք փոխանակ իրենց անձերն աշխատանքին նվիրելու՝ նախընտրում են ողջ օրը փափուկ բարձերի վրա քնել ու թավալվել հեշտասեր բարքերի մեջ: Այդպիսիք, ինչպես իրենք էլ սիրում են ասել, «սպանում են ժամանակը»:
Ժամանակը սպանել. ինչպիսի՜ անողոք ու բիրտ հեգնանք, երբ կյանքն այդքա՜ն կարճ է, իսկ ժամանակն այնքա՜ն թանկագին… Մինչդեռ նրանք հանձն են առնում «ժամանակ սպանողներ» կոչվելու: Նրանք հաճույքի մարդիկ են, որ շարունակ քնած են այն դեպքում, երբ մյուսներն աշխատում են:
Իսկ գիշերներն էլ, ավա՜ղ, նրանք իրենց հանձնում են չար զվարճությունների հորձանքին և խորտակում են իրենց առողջությունը, երիտասարդությունը, իրենց մարմինն ու հոգին:
Այն վերոնշյալ զինյալի զոհն են նաև խաղամոլները, որ մոլեռանդորեն վատնելով իրենց դրամն ու առողջությունը՝ խոր քնի միջոցով ցանկանում են մոռանալ իրենց պատուհասած ահավոր չարիքը:
Ինչպիսի՜ սրբապիղծ տեսարան Քո արդարության ու սրբության առջև, ո՜վ Աստված իմ: Դու գիշերները պարգևել ես արարածներիդ հանգստի համար, սակայն ամբարիշտները, այդ սքանչելի ընծան մերժելով, այն սարսափելի մի տքնության են վերածել, որի ժամանակահատվածում էլ չարը մշտապես սրում է իր զենքերն ու ոճիրներ է նյութում:
Կցանկանայի ձեր ուշադրությունը սևեռել նաև մի շարք այլ պարտազանցությունների վրա, որոնց հետևանքով առաջացող անախորժությունները մենք փորձում ենք մոռանալ Հովնանի ըմբոստ ու անհավատարիմ քնի միջոցով:
Այսպես, օրինակ, տան զավակը, հազիվ թևակոխած երիտասարդության շեմը, ազատության հովերով ու լրբությամբ տարված, հետզհետե սկսում է զանց առնել ամեն տեսակի հարգանք հանդեպ իր ծնողների: Իր կենցաղավարությամբ ու խոսքերով վիրավորում է ծնողներին, և երբ նրա խիղճն իրեն զգացնել է տալիս, որ բնավ իրավունք չուներ վշտացնելու իր ծնողներին, չի էլ ուզում, սակայն, անգամ զղջման խոսքեր բարբառել:
Այդպիսի պարագաներում նման զավակը բարկությամբ իրեն հանձնում է խոր քնի, որպեսզի մոռանա ստեղծված անախորժությունները: Այսժամ, սակայն, նրա քունը որքա՜ն է տարբերվում իր անմեղ մանկության ժամանակների քնից, որի մեջ տեղ ունեին միայն քաղցր տեսիլքներն ու գեղեցիկ երազները:
Ո՜վ դու, ըմբո՛ստ երիտասարդ, եթե շարունակես անկարգություններ գործել ծնողներիդ հանդեպ, մի օր էլ բոլորովին պիտի կորցնես ներքին խաղաղությունդ և թերևս քայքայես ողջ բարոյական կյանքդ:
Մտի՛ր հնազանդության լծի տակ, որպեսզի ամեն բան նպաստավոր դառնա քեզ համար և քեզ համար իրականանա երիտասարդներին վերաբերող Սուրբ Գրքի այս խոսքը. «Ես ննջեցի ու քուն մտա, զարթնեցի, և Տերն իմ ապավենն է» (Սաղմ. 3։6):
Եվ դարձյալ, մի՞թե Հովնանի ըմբոստության ու անհնազանդության քնով չէ, որ ննջում են այն ամուսինները, որոնք, միմյանցից սրտնեղած լինելով, չեն ցանկանում փնտրել իրար վիրավորած լինելու պատճառը, չեն ուզում դարման գտնել իրենց սխալն ուղղելու համար, այլ օրեցօր ավելացնում են իրենց ատելությունն ու թշնամանքը՝ հրաժարվելով արտասանել սուրբ և ճշմարտապես աստվածային այն խոսքը, որը պետք է հնչեր քրիստոնյա բոլոր ամուսինների շուրթերից. «Ների՛ր, սիրելիս, ցավ եմ ապրում քեզ վիրավորած լինելուս համար»:
Ո՜վ ամուսիններ, եթե շարունակեք ոխ ու քեն պահել, իմացա՛ծ եղեք, որ այդպիսով՝ կասկածամիտ տրամադրություններով ու բացասական նկարագրով այլասերած կլինեք ձեր զավակներին, և նրանք այն համոզման պիտի հանգեն, որ ընտանեկան երջանկությունը մի ցնորք է միայն: Մի՛ գործեք այդ սրբապղծությունը: Քաջությո՛ւն ունեցեք միմյանց ներելու և ասելու. «Թող արեգակը մեր բարկության վրա մայր չմտնի, ներենք իրար»:
Մեկ ուրիշ օրինակ բերեմ ձեզ, որը ևս նման է Հովնանի քնին և որը վատթար քուն պետք է կոչեի: Ձիթենյաց պարտեզում, հազիվ մի քարընկեց հեռավորության վրա գտնվելով իրենց Տիրոջից, երեք առաքյալները քնով էին անցել: Հիսուս հոգեկան պայքար էր մղում, արյան կաթիլներ էին հոսում Նրա աստվածային ճակատից:
Այդ զարհուրելի տագնապի պահին առաքյալները խույս տվեցին ստեղծված հուսահատական իրավիճակից և քնի միջոցով ցանկացան մոռանալ ամեն բան: Նրանց քունը անհրաժեշտ ծառայություն մատուցելուց հրաժարվել էր նշանակում, ուստի իսկապես մի չար քուն էր այն:
Անշուշտ, այս քնամոլների շարքին ամենից առաջ պետք է դասել նրանց, ովքեր հոգևորապես են քնում: Նրանք թերևս բողոքեն, որ ես իրենց ևս քնամոլ եմ համարում, գուցե և պնդեն, թե իրենց աչքերը չորս արած բացել են, որ իրենք գործում են ու շրջում:
Չէ՞ որ, սակայն, շրջմոլիկներն էլ բաց աչքեր ունեն և շրջում են, բայց իրականում քնամոլ են ու քայլում են վտանգավոր անդունդների եզերքներով: Հոգով քուն մտած այս մարդիկ չեն հետաքրքրվում ո՛չ Աստծով, ո՛չ կրոնով և ո՛չ էլ հավիտենականությամբ: Նրանց Աստվածն ու կրոնն իրենց որովայնն է, նրանց փառքն իրենց ամոթն է, նրանք չեն ցանկանում մշակել այն վսեմ ու սուրբ բնազդները, որ Աստված սերմանել է մարդու հոգում, և այդպիսի մարդիկ օրեցօր ընթանում են դեպի անասնականություն, դեպի զեղծում:
Ձմռան սաստկաշունչ շրջանում, երբ ձյունը պատում է Ալպյան լեռները, ճանապարհորդները, շատ հաճախ ուժասպառ եղած իրենց շրջապտույտներից, անուշ քնով ննջում են ձյան վրա: Այդ քունն իրական մահ կարող է բերել, եթե Սեն Բեռնարի վանականներն իրենց հավատարիմ շներով չփնտրեն քնով անցած ճամփորդներին: Վանականներն իրենց ձեռքին զանգակ ունեն և ուժգին հնչեցնում են այն՝ բարձր աղաղակելով. «Արթնացե՛ք, արթնացե՛ք»:
Ապաշխարության այս կիրակի օրը այդ կոչն ու աղաղակը կցանկանայի ձե՛զ ուղղել, ո՜վ իմ սիրելի ունկնդիրներ: Ես էլ Ավետարանի զանգակը հնչեցնելով՝ ցանկանում եմ ձեզ ասել. «Արթնացե՛ք, արթնացե՛ք»: Արթնացե՛ք Հովնանի մահահամբույր քնից, արթնացե՛ք և «ապաշխարեցե՛ք, քանի որ Աստծու թագավորությունը մոտ է»:
«Վե՛ր կացեք դուք, որ ննջում եք, կանգնե՛ք մեռելների միջից, և Քրիստոս պիտի լուսավորի ձեզ» (Եփես. 5։14). ամեն:
Տեր Ղևոնդ եպս. Դուրյան, «Պարզ քարոզներ», Զ հատոր,
Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը