ԵԿԵՂԵՑԻՆ ՄԻՇՏ ԷԼ ՊԱՏՐԱՍՏ Է ՈՐԵՎԷ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼ ՉՏԱԼ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՆԹԱՐԿԵՑՆԵԼ ԻՐ ԿԱՄՔԻՆ. ԳԱՐԵԳԻՆ 2-ՐԴ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում ներառել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը և համապատասխան ճանապարհային քարտեզը, ինչը ենթադրում է հետևյալ քայլերը.
ա) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում (հանգստի կոչում),
բ) Սահմանված կարգով Կաթողիկոսական տեղապահի ընտրություն,
գ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնադրության ընդունում. Կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր,
դ) Սահմանված կարգով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած խորհրդարանական մեծամասնությունը և Կառավարությունը ձեռնամուխ կլինեն հոգևոր ծառայողներին սոցիալական երաշխիքների պետական համակարգում ներառելուն։
Եվ այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ մի շարք լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպմանը 168.am լրատվական կայքի և «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը հիշեցրել է այս մասին, նշել, որ եթե ընտրություններում Նիկոլ Փաշինյանի ուժը հաղթի, Եկեղեցու դեմ պայքարն ուժգնանալու է, ըստ այդմ՝ Գարեգին Երկրորդից նա հետաքրքրվել է՝ Եկեղեցին ի՞նչ քայլերի է պատրաստ, կամ՝ արդյո՞ք պատրաստվում է այդ նոր հարձակումներին:
Սաթիկ Սեյրանյանի այս հարցադրումներին Վեհափառը պատասխանել է.
«Մենք տակավին ընտրության արդյունքները չգիտենք: Բայց Եկեղեցին միշտ էլ պատրաստ է իր իրավունքները պաշտպանել ամբողջանվեր կերպով և որևէ կերպ որևէ կառույցի և իշխանության թույլ չտալ, որ միջամտի Եկեղեցու ներքին կյանքին և փորձի Եկեղեցին ենթարկեցնել իր կամքին: Մեր և մեր եկեղեցականաց կեցվածքն ու դիրքորոշումը շատ ամուր է և հստակ։ Եկեղեցու այդ կեցվածքն ի սեր ժողովրդի է, ի սեր մեր հայրենիքի է»:
Գարեգին Բ-ն շեշտել է, որ եկեղեցին ունի կարևոր առաքելություն, որ դարերով իրականացրել է մեր ժողովրդի կյանքում՝ մեր մշակույթի կերտման, հոգևոր, ազգային արժեքների ձևավորման, ինքնության պահպանության և մեր ժողովրդի կյանքի հարատևության երաշխիքներն ապահովելու առումով:
«Եվ այդ պատմական առաքելությունը Եկեղեցին բոլոր պայմաններում և իրավիճակներում անշեղորեն իրագործելու է»,- շարունակել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում



