«Լույսերը հանելուց հետո հնարավոր չի լինի այդ անցքերն այնպես վերականգնել, որ տեսանելի չլինի ու շենքի տեսքը չաղավաղվի». Տիգրան Գալստյան
Հանրապետության հրապարակում գտնվող շենքերը, որոնք համարվում են պետության կողմից հատուկ պահպանվող հուշարձաններ, ամանորյա զարդարանքի համար ծակում են և լույսեր տեղադրում։ Այս մասին նկատել ու բարձրաձայնել էին անցորդները, քանի որ այդ անցքերն այնքան մեծ են, որ անզեն աչքով տեսանելի են։
168.am–ի հետ զրույցում մշակույթի նախկին փոխնախարար, ճարտարապետ Տիգրան Գալստյանն ասաց, որ առհասարակ այս խնդիրը համակարգային է, հետևաբար՝ մասնավոր մեկ դեպքով դիտարկելը ճիշտ չէ։
«Հայաստանում առհասարակ համակարգային խնդիր կա, որ հուշարձան-շենքերի վրա տեղադրում են լուսային զարդարանքներ, գովազդներ, կամ խանութի ինչ-որ մուտք են ձևավորում ու դրանով վնասում են հուշարձանը։ Հատկապես այն դեպքերում, երբ այդ ամենը ժամանակավոր է տեղադրվում։ Այսինքն՝ այդ տեղադրված լույսը հանելու են, բացած անցքերը մնալու են՝ վնաս է պատճառվում հուշարձանին։
Առհասարակ դեմ չեմ, որ հուշարձանը լուսային զարդարանք ստանա, ինչպես աշխարհի կայացած բոլոր երկրներում, որտեղ կան պահպանվող հուշարձաններ, նույնը պետք է Հայաստանում լինի՝ շենք զարդարվի, խանութ բացվի, գովազդ տեղադրվի, սակայն այդ ամենն այնպես պետք է անեն, որ շենքի արտաքին տեսքին վնաս չպատճառվի։ Այդ ամենի մեջ պետք է լինի մասնագիտական հմտություն, օրինակ, երբ բժիշկը մարդուն վիրահատում է, կտրվածքն այնպես է անում, որ մարդուն չվնասի, նույնն էլ այս դեպքում է։ Հուշարձանների վրա լույսեր ամրացնելը չպետք է լինի կամուրջների վրա լույսեր տեղադրելու նման մի բան»,- նշեց Տիգրան Գալստյանը։
Նրա խոսքով՝ հուշարձանների վրա գոնե անցքերն այնպես պետք է բացվի, որպեսզի տեսանելի չլինի ու հատուկ տեղում բացվի, այլ ոչ թե զարդանախշերի վրա։
Ճարտարապետի բնորոշմամբ՝ տվյալ դեպքում «հավանաբար մետրով չափել են ու որտեղ ընկել՝ այնտեղ էլ ծակել են»։
Ըստ Տիգրան Գալստյանի, լույսերը հանելուց հետո հնարավոր չի լինի այդ անցքերն այնպես վերականգնել, որ տեսանելի չլինի ու շենքի տեսքը չաղավաղվի։
«Այսպես ասեմ՝ հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե այդ ծակած տուֆ քարը փոխարինվի մեկ այլ տուֆ քարով։ Այսինքն՝ այդ քարն ապամոնտաժվի ու տեղն ուրիշ քար դրվի։ Հարց է՝ եթե այդպես անեն, նույն երանգի քար կգտնվի՞, թե՞ ոչ։ Քարի հետ աշխատող մարդիկ լավ գիտեն, որ նույն քարը տարբեր երանգներ է ունենում, նույնիսկ նույն հանքից հանելու դեպքում մի կտորը կարող է մի երանգ ունենալ, մյուս կտորը՝ այլ»,- շեշտեց Տիգրան Գալստյանը։
Խոսելով միջազգային փորձի մասին, թե ինչ են անում այլ երկրներում, երբ քաղաքը զարդարելիս հուշարձանը չեն վնասում, և առհասարակ համակարգային խնդիրը լուծելու տարբերակներից, Տիգրան Գալստյանն ասաց, որ այլ երկրներում այդ անցքերը կրկին բացվում են՝ հնարավոր չէ լույսերը կախել՝ առանց անցքերը բացելու, բայց դրանք նուրբ են անում, ապամոնտաժելու դեպքում դրանք տեսանելի չեն լինում։
«Զուգարան ռեմոնտ անողը չի կարող հուշարձանի վրա լույս ամրացնել, այսինքն՝ ունակություններ են մարդուն պետք, որպեսզի հասկանա, թե իր արած գործողությունները որքանով է աղճատում հուշարձանի ճարտարապետական արժեքը։
Կարծում եմ՝ այն մասնագետներին, որոնք աշխատում են հուշարձանի վրա, պետք է տրվի առանձին լիցենզավորում, նույնը վերաբերում է հեղինակային հսկողությանը։ Եթե մեղադրենք միայն շինարարներին, բայց չէ՞ որ ինչ-որ մեկն այդ աշխատանքներին հետևել է, որ այդ անցքերն անեն, և համաձայնություն է տվել։ Այս դեպքում էլ հնարավոր է՝ հեղինակային հսկողությունը պետական գնումներով շահել է մարդ, որն առհասարակ դրա մասնագետը չէ։ Այսինքն՝ նման աշխատանք իրականացնողը՝ ճարտարապետը, հեղինակային հսկողություն իրականացնողը, պետք է ունենա մասնագիտական ունակություններ»,- եզրափակեց Տիգրան Գալստյանը։