Թամանյանական շենքերի դեմ բարբարոսության ճչացող հետևանքները. No comment

2023 թվականն աննախադեպ լուսավորությամբ դիմավորելու համար քաղաքային իշխանությունը, չնայած մասնագետների և հանրության լայն շրջանակների զայրույթին և քննադատությանը, Հանրապետության հրապարակի շենքերին հազարավոր անցքեր էր բացել, լույսեր ամրացրել:

Այս գործողությունն արժանացել էր հազարավոր քաղաքացիների դժգոհությանը, դե, իսկ ճարտարապետները մասնագիտական տեսանկյունից էին քննադատել իշխանություններին՝ պատմամշակութային արժեք հանդիսացող շենքերի հետ նման վայրագ, թշնամական կերպով վարվելու համար: Մասնագետները նույնիսկ ահազանգում էին, որ ձյան և անձրևաջրերի հետևանքով պատմաճարտարապետական այդ շենքերը լուրջ վնասներ են կրելու, և որքան էլ հետո փորձեն դրանք փակել՝ տուֆը քայքայվելու է:

Արևմտյան որևէ երկրում, օրինակ, պատմամշակութային ժառանգության նկատմամբ որևէ մեկի ոտնձգությունը լրջագույն պատժամիջոցների կարժանանար:

Կարդացեք նաև

Հիշում եք, քաղաքային իշխանություննայդ օրերին հայտարարությամբ հանդես եկավ՝ խոստանալով տոներից հետո վերացնել շենքերին պատճառված վնասների հետևանքները: Հայտարարությունը, փաստորեն, ինչպես նրանց հայտարարած որևէ բան՝ ձևական էր և կեղծ:

«Ամանորյա ձևավորման աշխատանքների ժամանակ իրականացվել է նվազագույն միջամտություն, շենքերի նկատմամբ վերաբերմունքը եղել է մաքսիմալ նուրբ, հետևանքներն էլ վերացվելու են»,- հայտարարել էր Տիգրան Ավինյանը։

Մոտ 3 ամիս է՝ Հանրապետության հրապարակի շենքերից հեռացվել են ամանորյա տրամադրություն ապահովող լույսերը, և քաղաքային իշխանությունը հայտնել էր, որ մարտի 14-ին շենքի վրա առկա բոլոր անցքերը, որոնք առաջացել էին ամանորյա զարդարանքների տեղադրման արդյունքում, նորոգված են:

Այս օրերին տարբեր լրատվամիջոցներ, այդ թվում՝ 168.am-ը, շրջել է Հանրապետության հրապարակի տարածքով, շենքերի վրա ֆիքսել բազմաթիվ անցքեր, որոնց մի մասն ավելի վաղ է արվել՝ գործող իշխանությունների տարբեր միջոցառումների նպատակով, մի մասը՝ ամանորյա զարդարանքից հետո մնացած անցքերն են:

Ընդ որում, մեր տեսախցիկը ֆիքսել է, որ միայն Կառավարության շենքի պատերին արված անցքերն են մանրամասն մշակվել, և «շլիֆովկա» արվել, իսկ ահա մի քանի մետր հեռավորության վրա գտնվող շենքի պատերին ոչ միայն բազմաթիվ անցքեր են մնացել, այլև փակված անցքերը նորմալ չեն էլ ներկվել: Ավելին, ներկի ամանը՝ իր վրձիններով, մինչ օրս մնացել է նույն շենքի վրա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս