Ստացվում է՝ ինքնակամ շինություն անելն ավելի ձեռնտու է, քան՝ օրինական. Նիկոլ Փաշինյան
«Մենք ականատես ենք լինում դեպքերի, երբ որևէ տեղում շինարարական փոս է ստեղծվում, և վերջ, դրանով ավարտվում է ու տարիներով, տասնամյակներով մնում»,- Կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով անավարտ շինություններին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում այսօր բազմաթիվ շինություններ կան, որոնք կիսատ են մնացել, կամ հիմքերն են գցել, կամ միայն առաջին հարկերն են կառուցել և կիսատ թողել, և դա կարծես որպես նորմալ երևույթ է դիտվում․
«Բայց ոչ մեկը չի արձանագրում, որ դա նախ անհարգալից վերաբերմունք է հանրության նկատմամբ, անհարմարություններ է ստեղծում, խաթարում է միջավայրը, միջավայրի գեղագիտական տեսքը։ Հիմա մենք ասում ենք՝ շինթույլտվության ժամկետն ավարտվեց, դրանից սկսած այլ կարգավորումներ և գույքային հարկեր պետք է վճարվեն։ Շինթույլտվությունները երկրորդ անգամ երկարացնելու համար պետք է արդեն այլ չափերով դրուքաչափեր վճարեն․․․ Շինարարությունը սկսվեց, պետք է ավարտվի, չի կարող քաղաքի կենտրոնում, կամ ո՛չ կենտրոնում, կամ մայրուղու վրա ուղղակի ցելոֆաններով կամ շինարարական աղբի մեջ կորած կամ չկորած տարածքները հավերժ մնան, դա պետք է իր հետ բերի ֆինանսական հետևանքներ․․․»։
Անդրադառնալով առաջարկվող փոփոխություններին՝ Փաշինյանն ասաց, որ այնտեղ կետ կա՝ «Հանրային տարածքի վրա ինքնակամ կառուցված շինությունը մենք որևէ կերպով չենք հարկում»,- ապա Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին հարց ուղղեց․
«Այդ նախադասությունն ընդհանրապես հետաքրքիր է հնչում՝ հանրային տարածքի վրա ինքնակամ կառուցված շինությունը մենք որևէ կերպ չենք հարկում, բայց ոչ էլ քանդում ենք, հա՞»։
Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ քանդելու հարցը համայնքի իրավասության տիրույթում գտնվող հարց է, բայց չեն հարկում։
Փաշինյանն էլ այսպես արձագանքեց նախարարին․
«Ստացվում է, որ ինքնակամ շինություն կառուցելն ավելի ձեռնտու է, քան օրինական շինությունը․․․»,- ասաց
Փաշինյանը, ապա հավելեց, որ հետագայում չի բացառվում՝ ավելի խիստ միջոցներ կիրառվեն:
Շարունակելով թեմայի շուրջ քննարկումը, Փաշինյանն ասաց, որ քաղաքաշինության ոլորտում կարգուկանոն հաստատելը շատ կարևոր է․
«Եթե շատ գռեհկացնենք, եթե որևէ մեկը հասցնի գիշերվա ընթացքում Հանրապետության հրապարակի կենտրոնում բուդկա դնի, հետո կարող է պարզվի, որ մենք պետք է տարիներով դատական պրոցեսներով անցնենք, որ այդ բուդկան հանենք․․․
Դեպքեր ունենք, որ ինչ-որ մեկը Երևանի զբոսայգիներում բերել մի ժանգոտ բուդկա է դրել 25-30 տարի առաջ, ու մինչև հիմա մեր պետական մարմինները երևի մի 500-600 կիլո թուղթ են գրել այդ ապօրինի կառույցի վերաբերյալ։
Շատ կարևոր է, որ այս կարգավորումներն անենք, որովհետև հանրային շահը չի կարող ստորադասվել մի բուդկայի նկատմամբ որևէ իրավունք ունեցող անհատի շահին»։
Հիշեցնենք, որ Կառավարությունն այսօր հավանություն տվեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին։ Փոփոխություններով առաջարկվում է շինարարության համար թույլտվություն ստանալու համար տեղական տուրքի դրույքաչափը բարձրացնել՝ տարբերակելով ըստ գոտիականության, բարձրացումը կկազմի 2-ից մինչև 10 անգամ։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում