«Օրենքի այս նախագծին նույնիսկ մեկ դեմ քվեարկելը խայտառակություն է». Արթուր Թովմասյան

Այսօր Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց և ընդունվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը։

Ներկայացնելով նախագծում ընդհանուր փոփոխությունները, Արցախի Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Առաքելյանը մանրամասնեց, որ փոփոխությունների հիմնական նպատակն Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով մահացած, անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական երաշխիքներն օրենքի մակարդակով ամրագրելն է։

«Արցախի կառավարության 2022 թվականի մայիսի 23-ի  թիվ 575 որոշմամբ արդեն իսկ սահմանվել է միանվագ դրամական աջակցություն՝ թշնամու սադրիչ գործողությունների հետևանքով մահացած կամ անհետ կորած անձանց ընտանիքների համար՝ 5 մլն դրամի, առաջին խմբի հաշմանդամ ճանաչված կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ստացած անձի համար՝ 3 մլն դրամի, երկրորդ խմբի հաշմանդամ ճանաչված անձի համար՝ 2 մլն, և երրորդ խմբի հաշմանդամ ճանաչված անձի համար՝ 1 մլն դրամի չափով։ Առաջարկվող լրացումների ընդունման դեպքում, նշված աջակցության իրավունքը կամրագրվի օրենքով»,- իր խոսքում նշեց Վահրամ Առաքելյանը։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծին անդրադարձավ նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ օրենքում նման փոփոխություններ կատարելու առումով ուշացել են։

«Մենք հայրենակիցներ ենք կորցրել, գրեթե բոլորի ծնողների հետ հանդիպել ենք։ Կան դեպքեր, երբ մարդն իր մասնագիտական պարտքն էր կատարում հայրենիքի հանդեպ, երեք հոգի զոհվել են։ Երկուսը զինվորական են և այդ նպաստներից օգտվում էին, մեկ հոգին՝ ոչ։  Բայց երեքն էլ գնդակահարվել են նույն վայրում, նույն ժամին։ Ակամայից հիշեցի 90-ական թվականները, մենք այս հնարավորությունը չունեինք Արցախյան առաջին ազատամարտի զոհված, անհետ կորած  ազատամարտիկների իրավահաջորդների համար այսպիսի մեծ ծրագրեր իրագործելու համար։  Այսօր մենք կողմ պետք է քվեարկենք օրենքի այս նախագծին, սա այն լավագույն դեպքն է, երբ նույնիսկ մեկ դեմ քվեարկելը խայտառակություն է»,- շեշտեց ԱՀ ԱԺ նախագահը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս