«Եթե ընդունեինք սահմանադրական փոփոխությունները, կասեին՝ ընդունեցին մեկ մարդու համար». Արթուր Թովմասյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 22-ին, հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը և 78-րդ հոդվածի 6-րդ մասը, դիմել էր Ազգային ժողովի նախագահին՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով՝ այն հանելով շրջանառությունից:
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, նման որոշման համար պատճառ են հանդիսացել Արցախի Հանրապետության սահմանադրական փոփոխության նախաձեռնության իրացման ընթացքում հնչած տարաբնույթ քաղաքական գնահատականները, ինչպես նաև նախագծի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած բացասական արձագանքները, ինչը կարող էր ներքին պառակտման ու լարվածության հերթական պատճառ դառնալ:
Ի դեպ, այսօր խորհրդարանում արտահերթ նիստի ընթացքում Արցախի Հանրապետության նախագահն ասել էր, որ Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը եղել է իրենը, որը, իհարկե, համաձայնեցրել ու քննարկել է ԱԺ պատգամավորների հետ։ «Սկզբնական փուլում համագործակցված ունեցել ենք մի տարբերակ, որը, այո, իմ խնդրանքով ու առաջարկությամբ փոխվել է այս տարբերակին:
Արցախի Հանրապետության ԱԺ խոսնակ Արթուր Թովմասյանն էլ այսօրվա արտահերթ նիստում անդրադարձավ սահմանադրական փոփոխություններին, նկատելով՝ հարգում է Գերագույն դատարանի որոշումը՝ բայց 50/50 էր։
Հիշեցնենք, որ Արցախի Ազգային ժողովի նոյեմբերի 3-ին գումարված հերթական նիստում որոշում էր կայացրել դիմել երկրի Գերագույն դատարան՝ Սահմանադրության փոփոխության նախագծի՝ Արցախի Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով։ Գերագույն դատարանը 17.11.2022թ. որոշմամբ նախագիծը ճանաչել է ԱՀ Սահմանադրությանը համապատասխանող: ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն արտահերթ նիստի ընթացքում իր ելույթում ասաց նաև.
«Եթե մարդկային տեսանկյունից ենք նայում, եթե մարդուն դիտում ենք՝ որպես գերագույն արժեք, եթե մարդասեր ենք, ապա տվյալ մարդուն ձայնի իրավունքից չպիտի զրկենք։ Ես սպասում էի, որ կարող էր լինել հակասահմանադրական։ Մարդուն զրկել ձայնի իրավունքից ժողովրդավարական պետությունում ի՞նչ է, եթե հակասահմանադրական չէ։ Նորից եմ ասում՝ հարգում եմ Գերագույն դատարանի որոշումը, բայց այս առումով մեր հիմնական ձեռքբերումը անկախության հռչակումից հետո՝ ժողովրդավարությունն է։ Եթե մենք այստեղ էլ բռնապետական երկիր լինենք, միջազգային հանրության համար նույնը կլիներ, թե «բռնապետական» Արցախն ում կազմում կլինի՝ բռնապետական Ադրբեջանի՞, թե՞ եսիմ…»,- նշեց Արթուր Թովմասյանը։
Ըստ Արցախի ԱԺ նախագահի, Արցախի հիմնական ձեռքբերումները համապետական ընտրություններն են, հանրաքվեն պետք է լինի տոնական օր։
«Առաջինը՝ ԱԺ-ն չունի այն ներուժը, որ կարողանայինք այդ օրենքի հոդվածները փոխելու։ Ես մտավախություն ունեի հանրաքվեի օրը հայտարարելու։ Երբ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը բերեցին խորհրդարան, մտքերի փոխանակության ժամանակ 33 պատգամավորներից միայն ես մասնակցեցի։ Ե՛վ առաջին ընթերցման, և՛ որոշում ընդունելու ժամանակ։ Նորից եմ ասում, եթե մենք ընդունեինք, պատմության մեջ մտնելու էինք հետևյալ կերպ՝ որ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ Արցախի ԱԺ-ն այնպիսի Սահմանադրություն է գրել, այսինչ մարդու համար, որովհետև տարածաշրջանում չկա մեկ Սահմանադրություն, որն անձի հետ չեն կապել»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում