«Երկրի անվտանգության առումով սահմանադրական փոփոխությունը որևէ բան չի ավելացնելու». Արցախի նախագահ
Այսօր Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստում, որին մասնակցում էր նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, անդրադարձ եղավ նաև Սահմանադրական փոփոխությունների նախագիծն ԱԺ-ից հետ կանչելու հարցին։
Նախագահ Արայիկ Հարությունյանն ասաց, որ Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը եղել է իրենը, իհարկե, այն համաձայնեցրել ու քննարկել է ԱԺ պատգամավորների հետ։
«Սկզբնական փուլում համագործակցված ունեցել ենք մի տարբերակ, որը, այո, իմ խնդրանքով ու առաջարկությամբ փոխվել է այս տարբերակին։
Երբ ասում ենք, որ հասարակության կողմից թյուրըմբռնում կա, նշեմ, որ իմ կողմից եղել է մեկ հոդվածով փոփոխություն, որը, մինչև այսօր համարում եմ, որ ամենաճիշտ տարբերակն է, այնպես չէ, որ հետ եմ կանգնել։ Բայց ինձ համար նաև երկրի ներքին կայունությունն ավելի կարևոր եմ համարում, քան սահմանադրական փոփոխությունը։ Սահմանադրական փոփոխությունը մեր երկրի անվտանգության առումով որևէ բան չի ավելացնելու, և Սահմանադրությունը չփոխելով՝ մեր երկիրը չի քանդվելու»,- նշեց Արայիկ Հարությունյանը։
Ըստ Արցախի նախագահի, սահմանադրական փոփոխություններ չիրականացնելով՝ Արցախը որևէ բան չի կորցնելու, ընդամենն իր կողմից եղել է մտահոգություն։ Բացելով փակագծերը՝ նա հավելեց.
«Քաղաքական ուժերի կողմից կար կարծիք, որ ամեն ինչ կենտրոնացված է մեկ մարդու ձեռքին՝ երկրի նախագահի։ Նոր իշխանություն ձևավորելու համար պետք էր գնալ արտահերթ ընտրությունների, իսկ դրա համար անհրաժեշտ էր սահմանադրական փոփոխություններ։ Այսօր դրա կարիքը, բարեբախտաբար, չկա, քանի որ ամբողջը կենտրոնացված չէ մեկ հոգու ձեռքում»,- շեշտեց Արայիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 22-ին, հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը և 78-րդ հոդվածի 6-րդ մասը, դիմել է Ազգային ժողովի նախագահին՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով՝ այն հանելով շրջանառությունից:
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, նման որոշման համար պատճառ են հանդիսացել Արցախի Հանրապետության սահմանադրական փոփոխության նախաձեռնության իրացման ընթացքում հնչած տարաբնույթ քաղաքական գնահատականները, ինչպես նաև նախագծի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած բացասական արձագանքները, ինչը կարող էր ներքին պառակտման ու լարվածության հերթական պատճառ դառնալ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում