«2016-ին եկել ենք ընդհանուր հայտարարի՝ բանակցային օրակարգում Արցախի ներկայիս փաստացի կարգավիճակից ոչ մի քայլ հետնահանջ չի կարող լինել». հիշելով Փաշինյանի իշխանությունից առաջ և հետո եղած Արայիկ Հարությունյանին
Թաթուլ Հակոբյանի aniarc.am կայքը նոյեմբերի 16-ին շրջանառել էր Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի՝ InfoPort.am-ին երկու տարի առաջ տված հարցազրույցը։
Նպատակը պարզ չէ, քանի որ Թաթուլ Հակոբյանը հիշեցումներ անում է տվյալ օրվա հետ կապված, այսինքն, եթե, օրինակ, նոյեմբերի 16-ն է, այդ օրը եղած ուշագրավ իրադարձություններն է հիշեցնում: Իսկ նշված հարցազրույցն արվել է 2020-ի նոյեմբերի 28-ին:
Ավելին, հարցազրույցը տեղադրվել է՝ առանց նշման, որ այն երկու տարվա վաղեմություն ունի:
Ինչևէ, կոնկրետ դեպքում մեր նպատակը գործընկերների գործողությունը քննարկման առարկա դարձնելը չէ, որի շարժառիթը, կրկնում ենք, հասկանալի չէ:
Իսկ հիշատակված հարցազրույցում Արցախի ԱԺ նախագահն ասում է, թե 2016-ի ապրիլյանից հետո Սերժ Սարգսյանը հորդորել է իրենց համաձայնել յոթ շրջանների հանձնմանը, ինչին իրենք չեն համաձայնել:
Նման միտք ավելի վաղ՝ 2019-ի փետրվարի 5-ին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում արտահայտել էր ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ պնդելով, թե «2017-ին Սերժ Սարգսյանն Արցախի իշխանությունների հետ զիջումների մասին քննարկում է ունեցել»:
«Ամիսը հստակ չեմ կարող ասել, բայց գնացել են, բանակցել են, ասել են՝ ինչ փոխզիջում, ոնց պիտի լինի: Ղարաբաղի իշխանություններից հարցրեք, ասեք՝ Ձեզ հավաքել են դահլիճում, և ոչ միայն իշխանություններին, ակտիվիստներ և այլն, ու խոսել են, հարցրեք՝ ինչի մասին են խոսել: Եվ ամբողջ վերնախավը բերանները ջուր էին հավաքել: Այ, երբ որ անկեղծ ասեն, թե ինչի մասին են խոսել իրենց հետ, հասկանալու եք, թե ինչի համար են ինձ փակել»,- նշել էր Բաբայանը՝ ակնարկելով, թե իբր ինքն է դեմ եղել տարածքային զիջումներին, ինչի արդյունքում էլ իր դեմ հարուցվել է «Իգլայի» գործը:
Այս հարցազրույցից մեկ օր հետո՝ 2019-ի փետրվարի 6-ին, այդ ժամանակ Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Արայիկ Հարությունյանն արձագանքել էր Սամվել Բաբայանի այս հայտարարությանը:
«Սամվել Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում երեկ հայտարարել է, որ 2017թ. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի իշխանությունների հետ բանակցել է զիջումների մասին։ Կուզեի պարոն Բաբայանին և մեր հանրությանը տեղեկացնել, որ նախագահ Սարգսյանն իր կառավարման տարիներին բանակցային գործընթացի վերաբերյալ միշտ էլ բաց է եղել Արցախի իշխանությունների հետ, և բոլոր հարցերը քննարկվել են փոխադարձ հարգանքի ու երկխոսության պայմաններում։ Հաջորդը. հիշատակված հայտնի հանդիպումը կամ, ավելի ճիշտ, հանդիպումները տեղի են ունեցել ոչ թե 2017թ., այլ 2016թ. ապրիլ և հուլիս ամիսներին, որտեղ մենք եկել ենք ընդհանուր հայտարարի, այն է՝ բանակցային օրակարգում Արցախի ներկայիս փաստացի կարգավիճակից ոչ մի քայլ հետնահանջ չի կարող լինել, և պետք է հակամարտության վերջնական կարգավորման մեջ Արցախի բնակչության անվտանգությունը բացարձակ կերպով երաշխավորված լինի։
Հ.Գ. «Հող հանձնող» իշխանությունը Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցում չի նախաձեռնում, հայրենադարձության ծրագիր չի իրականացնում, ներդրումների ու պետական միջոցների հաշվին տարածքային համաչափ զարգացման քաղաքականությամբ չի զբաղվում, ի վերջո՝ առաջնագիծն ու բանակը չի ամրացնում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Արցախի այսօրվա նախագահ Արայիկ Հարությունյանը:
Իսկ 2016-ի ամռանն Արցախի Հանրապետության վարչապետի պաշտոնում Արայիկ Հարությունյանը հարցազրույց էր տվել ռուսական «ВЗГЛЯД» էլեկտրոնային պարբերականին և պնդել, որ Արցախի իշխանությունների հետ չի քննարկվել անգամ այդ ժամանակ ոչ պաշտոնական քննարկումների առարկա դարձած «Լավրովի պլանը»:
«Մեզ հետ որևէ պլան չի քննարկվել և, դրանից ելնելով, սխալ կլինի որևէ ենթադրություն կամ եզրակացություն անելը»,- շեշտել էր նա՝ հավելելով, որ առանց Արցախի՝ բանակցային գործընթացին մասնակցության, այն դատապարտված է ձախողման:
Ի դեպ, 2021-ի փետրվարին 24News-ի հետ հարցազրույցում Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը կրկնել էր Սամվել Բաբայանի և Արթուր Թովմասյանի պնդումը, որը ժամանակին Արայիկ Հարությունյանը հերքել էր և հայտարարել՝ «2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությունները պաշտոնական Ստեփանակերտին առաջարկում էին զիջել տարածքները՝ վերահաս պատերազմը կանխելու համար, սակայն ստացել են կտրուկ մերժում»:
«Պատերազմը եղել է անխուսափելի, և այս պատերազմի սկսման առաջին նախազգուշացումը եղել է 2016-ին։ Դեռևս «քառօրյայից» հետո քննարկվում էր, որ այն ընդամենը սկիզբն է, բայց ավարտը չէ։ Ավարտը պետք է լինի խաղաղ բանակցությունների միջոցով՝ տարածքների հանձնմամբ։ Այդպիսի քննարկումներ ՀՀ նախկին ղեկավարների մակարդակով 2016թ.-ին եղել են Արցախի իշխանությունների հետ, 88-ի շարժման ակտիվիստների հետ: Սակայն եղել է միանշանակ մերժում։ Մենք այս տարիների ընթացքում ճիշտ չենք օգտագործել ժամանակը, որովհետև այն, ինչ քննարկվում էր բանակցային սեղանին, հանրությանը չի ներկայացվում»,- ասել էր նա:
Հնարավո՞ր էր՝ առանց իր վերադասի նման հայտարարություն աներ Վահրամ Պողոսյանը. թերևս՝ ոչ: Ի՞նչ է ստացվում՝ ժամանակին Սամվել Բաբայանին քննադատող Արայիկ Հարությունյանը մտափոխվե՞լ էր, հայտնի չէ՝ գուցե իր ենթակային ոչ հրապարակավ «նկատողությո՞ւն» է տվել:
Իսկ նույն հարցազրույցում միաժամանակ Վահրամ Պողոսյանը նախկին իշխանություններին մեղադրել էր «ոչմիթիզական» լինելու համար:
«Մենք երկու սխալ ճանապարհ ենք ընտրել. մեկը, որ բանակը համապատասխան սպառազինություն չէր ստանում, մյուսը՝ այնպիսի ծայրահեղական թեզեր էին տարածում հայ ժողովրդի մեջ, որոնք մեզ տարել են մի վիճակի, որի հետևանքը, ցավոք, եղել է այն, ինչ կա։ Մենք պետք է կա՛մ բանակը պատրաստեինք, կա՛մ ժողովրդին նախապատրաստեինք քաղաքական ճանապարհին»,– շեշտել էր նա:
Իր ենթակայի հայտարարությունից մոտ մեկ ամիս հետո՝ 2021-ի ապրիլի վերջին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ևս նախկինների հասցեին ոչմիթիզական լինելու մեղադրանք էր հնչեցրել՝ նշելով, թե 44-օրյա պատերազմում անհաջողություններ գրանցվեցին նաև նախկին բացթողումների պատճառով:
«Մայիսի 12-ի (1994թ․։– խմբ․) զինադադարից հետո մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ճիշտ դասեր չի քաղել աշխարհի օրինակներից և ունենալով առավելություն, բանակցային գործընթացում ավելի նպաստավոր լուծումներ չի կարողացել ունենալ։ Ինչո՞ւ ենք կռվել, որովհետև բոլորս միասին մշտապես ասել ենք՝ ոչ մի թիզ հող»,- 2021-ի ապրիլի 27-ին Արցախի քաղաքաշինության նախարարության աշխատակիցների և շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանն ասել էր Արայիկ Հարությունյանը:
Այս համատեքստում նա նաև ասել էր, թե պատերազմի հետևանքներն իր համար պարզ էին արդեն հոկտեմբերի սկզբին, սակայն հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել.
«Չի ձևավորվում քաղաքական կոնսենսուս կամ միասնական կարծիք՝ ընդդիմադիր, իշխանամետ, իշխանություն, և կարծես թե պատերազմը կանգնեցնելն այդ օրը համարում էին դավաճանություն»,- շեշտել էր նա:
Այստեղ Արայիկ Հարությանյանը, ըստ էության, կրկնել էր Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ՝ 2020-ի նոյեմբերի 29-ին հնչեցրած արդարացումը:
«Եվ այս իրավիճակում եկեք հասկանանք՝ տեղի ունեցածի այլընտրանքը ո՞րն էր: Այլընտրանքն այն էր, որ դիմեի ժողովրդին, ասեի՝ ժողովուրդ ջան, իրավիճակը էսպիսին է, կամ պիտի հանձնենք 7 շրջանները, առանց Ղարաբաղի կարգավիճակի, կամ պատերազմ է: Մարդիկ ի՞նչ պետք է ասեին. պիտի ասեին՝ ոչ, մենք կկանգնենք և կկռվենք հանուն մեր հայրենիքի: Ու պատերազմը կսկսվեր, ու կստացվեր, որ Հայաստանը պատերազմ սկսեց: Եթե ասեի՝ չէ որ չէ, պետք է հանձնենք, մարդիկ պիտի ասեին՝ «Նիկոլ դավաճան», ու էլի պատերազմ պիտի սկսվեր: Որևէ փուլում, այդ թվում՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների շրջանում գնայի թուրքերին ասեի՝ եկեք առանց պատերազմի լուծենք հարցը, պիտի ասեին՝ կոնկրետ ժամանակացույց տուր, երբ ես տարածքները հանձնում: Ստորագրեի՝ պիտի ասեին՝ «Նիկոլ դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Փաշինյանը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որն առիթների դեպքում միշտ դեմ է արտահայտվում Մադրիդյան սկզբունքներին, միաժամանակ, ըստ էության, համակարծիք է եղել նախկին իշխանությունների հետ, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի, որ խնդիրը պետք է լուծել փոխզիջումների միջոցով, ինչը ենթադրում է նաև որոշ տարածքների հանձնում, սակայն առաջին պլանում պիտի լինի Արցախի կարգավիճակի հարցը, Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքը:
Բայց 2018-ին ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից հետո ժամանակին ՀՀ նախկին իշխանությունների հետ ընդհանուր հայտարարի եկած Արայիկ Հարությունյանն իր դիրքորոշումը ներդաշնակեցրեց Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը՝ «չկան տարածքներ, կա անվտանգություն»՝ երկրորդ պլան մղելով Արցախի կարգավիճակի հարցը:
Այս մասին պատերազմից առաջ բազմիցս գրել ենք և զգուշացրել սրա վտանգի և սցենարի մասին, ինչը, ցավոք, իրականություն դարձավ 44-օրյա պատերազմի արդյունքում:
«Մենք այսօր չենք քննարկում որևէ տարբերակ, որը կարող է թուլացնել Արցախի անվտանգության աստիճանը: Մենք ունենք մեր հստակ դիրքորոշումը՝ ՀՀ իշխանությունների հետ: Ես նշել եմ, որ դրանք նույնական են, որևէ խնդիր չկա: Նախկինում շատ ավելի խոսում էինք՝ ինքնորոշման իրավունքի ճանաչման, հետո՝ անվտանգության մասին, հիմա՝ ոչ, գլխավորն անվտանգությունն է: Եթե անվտանգության մի փոքր թուլացում լինի, դա նշանակելու է Արցախի վերջը, մենք գիտենք՝ ով է մեր թշնամին»,- պատերազմից մոտ 20 օր առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր Արցախի ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանի՝ «մյունխենյան բանաձևին» իր համաձայնությունը տված Արայիկ Հարությունյանը պատերազմից հետո իր փրկությունը և անվտանգության ապահովումը սկսեց սպասել ՌԴ-ից, ոչ թե Նիկոլ Փաշինյանից, որի հետ այդքան ներդաշնակ դիրքորոշումներ ունեին Արցախի հարցում:
Մինչդեռ 2019-ին ռուսալեզու լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել էր.
«Մենք չենք վստահում ոչ միայն Ռուսաստանին, այլև ցանկացած այլ խաղաղապահների: Արցախի անվտանգությունը պահպանել կարող են միայն Ղարաբաղի և Հայաստանի պաշտպանության ուժերը: Խաղաղապահների անհրաժեշտություն չկա: Մենք Ադրբեջանի հետ կկարողանանք ապագայում պայմանավորվել: Բայց մեզ անվտանգության միջնորդներ պետք չեն»:
Այսօր սեղանին ՊԲ ամբողջովին չլինելու հարցն է դրված, Ադրբեջանը և Ռուսաստանը, ըստ էության, մերժել են Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ Արցախում ռուս խաղաղապահների անժամկետ առաքելության հետ կապված, իսկ ազատ և անկախ Արցախի ժողովուրդն այսօր միայն ԼՂ-ում ապրող հայեր են, ղեկավարությունն էլ՝ «ընտրյալ ներկայացուցիչներ»…