Մարզերում աշխատատեղեր կփակվեն. խնդիրը սուր է դրված. երկրում կունենանք ավելի շատ աղքատներ. Կառլեն Խաչատրյան
2022 թվականի տնտեսական զարգացումները պայմանավորված են բացառապես արտաքին գործոններով. մեր տնտեսական ներուժը որևէ կերպ դրանից չի ավելացել ու հզորացել, հետևապես՝ հարց է առաջանում. այդ չզարգացած տնտեսական ներուժով ինչպե՞ս է այս Կառավարությունն ապահովելու 7 տոկոս տնտեսական աճ 2023 թվականին, երբ դրսից եկած ֆինանսական հոսքերը պակասեն։
«Նման զարգացման դեպքում ամեն ինչ կարող է գլխիվայր շրջվել, բացասական ցուցանիշներ ունենանք, երբ կրճատվեն դրսից եկող մարդկային և ֆինանսական հոսքերը»,– 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով 2023 թվականի բյուջեի նախագծին, նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ տնտեսության ողնաշարն արտահանելի հատվածն է, որն այսօր ունի մեծագույն դժվարություններ՝ ունենալով կայուն աշխատատեղերի մեծ կշիռ ու տնտեսական շոկերին դիմակայելու մեծ ներուժ, պետությունը պարտավոր է հիմա արտահանելի հատվածի խնդիրները պահել խոշորացույցի տակ՝ առողջացնելով բիզնես միջավայրն ու ցրել անվտանգային խնդիրները, որպեսզի այդ բիզնեսները չփակվեն։
Դիտարկմանը՝ իշխանությունը, փաստորեն, անում է հակառակը՝ 2023 թվականի բյուջեով նվազագույն աշխատավարձը դարձնելով 75 հազար դրամ, ինչը մարզերի փոքր ձեռնարկություններին կանգնեցնելու է փակման առաջ, Կառլեն Խաչատրյանն արձագանքեց.
«Նվազագույն աշխատավարձը բարձրացնելու հետևանքով պետությունը հարկային հավելյալ եկամուտներ է ունենալու, բայց դա բերելու է մարզերում աշխատատեղերի փակման, որտեղ խնդիրը սուր է դրված։ Նվազագույն աշխատավարձի փոփոխությունը մարզերում բերելու է լրջագույն խնդիրներ։ Հայաստանում աղքատների թիվն է ավելանալու, որովհետև տնտեսական զարգացումները ներառական չեն, և ստացվելու է, որ 14.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշը վայելում է հարուստ խավը, իսկ աղքատները գնալով ավելի կաղքատանան»,- ասաց տնտեսագետը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում