«Սպառնում են լրագրողներին սահման ուղարկել՝ ենթադրելով՝ այն համակենտրոնացման ճամբար է». Գեղամ Մանուկյան

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձավ խորհրդարանում լրագրողների աշխատանքին և այդ համատեքստում իշխանական որոշ պատգամավորների՝ մասնավորապես՝ Անդրանիկ Քոչարյանի հայտարարություններին։

Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ տարիներ շարունակ Հայաստանում խոսքի ազատության, լրագրողների իրավունքի պաշտպանության գործում անուրանալի ներդրում ունեցած հասարակական կազմակերպությունները կրավորական դրսևորում են ցուցաբերում։

«Վերջին մի քանի օրերին առավել խայտառակ դրսևորում եղավ, երբ լրագրողներին այլևս սպառնում են սահման ուղարկել՝ ենթադրելով, որ դա համակենտրոնացման ճամբար է։ Որպես լրատվական ոլորտում նախկինում աշխատող, կոչ եմ անում բոլորիդ՝ մինչև վերջ տեր կանգնեք ձեր իրավունքներին։ Մենք ԱԺ-ում տարիների ընթացքում ունեցել ենք դեպքեր, երբ լրագրողի նկատմամբ պատգամավորի նույնիսկ փոքր ոտնձգության դեպքում, լրագրողներ են եղել, որ դիմել են ֆիզիկական հակազդեցության։ Ես կարող եմ դեպքեր հիշել, երբ լրագրողը պաշտպանել է իր գործընկերոջ շահերը։ Սա պետք է կասեցվի, հակառակ դեպքում մենք վաղը կտեսնենք շատ ավելի խայտառակ դրսևորումներ»,- խոսքն ուղղելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ ասաց Գեղամ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ օրերս ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ եթե բոլորը մասնակցեն 25-օրյա վարժանքներին, ապա ԱԺ-ում իրենց դեմ չինական պարիսպ կառուցելու խնդիր չի լինի՝ նկատի ունենալով օպերատորներին և լրագրողներին, որոնք իրենց աշխատանքային պարտականություններն էին կատարում և հանձնաժողովում նիստի ավարտից հետո միջանցքում սպասում էին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ հարցեր ուղղելու նպատակով։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս