«Այս տարի մոտավորապես 20.000-ով քիչ մարդ է գնացել խոպան». Վահան Քերոբյան
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ աշխատուժի ցածր աշխատավարձի խնդիրն իրենք գիտակցում են, և այն լուծելու գլխավոր եղանակը կառավարության այս տարի ընդունած տնտեսության արդիականացման ծրագիրն է, որի ներքո ընկերություններին խրախուսում են և, կարելի է ասել՝ ֆինանսավորում են՝ ձեռք բերել նորագույն սարքավորումներ, հոսքագծեր և բարձրացնել արտադրողականությունը, հետևաբար՝ հնարավորություն ունենալ ավելի բարձր վարձատրել աշխատակիցներին։
«Հոկտեմբերի վերջի դրությամբ այս ծրագրից արդեն օգտվել է 426 ընկերություն և ընդհանուր սարքավորումների պորտֆելն արդեն 32 մլրդ դրամի է հասնում, ընդ որում, միայն հոկտեմբերին 106 ընկերություն ձեռք է բերել մոտավորապես 7,7 մլրդ դրամի սարքավորումներ, որը մենք գնահատում ենք էական քայլ՝ մեր տնտեսության արտադրողականությունը բարձրացնելու ուղղությամբ, հետևաբար՝ աշխատավարձերը բարձրացնելու ուղղությամբ։
Ես նշեցի ցածր որակավորում ունեցող մասնագետների, բայց պետք է նշել նաև բարձր որակավորում ունեցող մասնագետների խնդիրը, որը լուծելու համար ունենք նաև բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման, աշխատավարձերի սուբսիդավորման ծրագիր»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Վահան Քերոբյանը։
Ըստ էկոնոմիկայի նախարարի՝ այս տարի նվազել է արտագնա աշխատանքի մեկնողների թիվը։
«Այսօր մեր նախարարության համար գլխավորը տնտեսական աճն է, և այս առումով, եթե մենք տեսնում ենք, որ աշխատատեղերը չի լրացվում Հայաստանի ռեզիդենտ բնակչի կողմից, ապա այն պետք է լրացվի այլ մարդու կողմից, բայց պետք է աշխատատեղը թափուր չմնա և պետք է ամեն մի ընկերություն մինչև վերջ լծվի տնտեսական աճը հնարավորինս բարձր ապահովելու գործին։
Պետք է նշել, որ այս տարի մոտավորապես 20 հազարով քիչ մարդ է գնացել խոպան, սա հենց վերջերս Միագրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի հետ ենք քննարկել։ Բացի այդ, պետք է նշել, որ Ռուսաստանից վերադարձած կամ Հայաստան տեղափոխված մարդկանց ուղիղ կեսը ռուսական անձնագրերով է, հայկական անուններով մոտ 50 հազար մարդու մասին է խոսքը։ Այսինքն՝ կարելի է ասել, որ այդ մարդիկ հետ են վերադարձել»,- ընդգծեց Վահան Քերոբյանը։