Կութում և Կուտականում իրավիճակը հանգիստ է, կրակոցները դիրքերի ուղղությամբ են եղել. Վարչական ղեկավարներ
ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը վաղ առավոտյան հայտնել էր, որ նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերն Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմը կորուստներ չունի:
Ըստ տարածված հաղորդագրության, ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
168.am–ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վարչական ղեկավար Գրիգորի Ավագյանն ասաց, որ կրակոցներ գյուղում չեն լսել։
«Այս պահին կարող եմ միայն ասել, որ Կութում իրավիճակը լավ է, հանգիստ է։ Մնացած հարցերն ուղղեք համայնքապետարանին, այնտեղից ճշտեք»,- ասաց Կութի գյուղապետը։
168.am-ի հետ զրույցում Կուտական գյուղի վարչական ղեկավար Մակիչ Թովմասյանն էլ ասաց, որ կրակոցները գյուղի ուղղությամբ չեն եղել։
«Իրավիճակն այս պահին գյուղում նորմալ է, կրակոցների ձայները չենք էլ լսել, դրանք հայկական դիրքերի ուղղությամբ են եղել»,- եզրափակեց Մակիչ Թովմասյանը։
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Դրանից հետո ադրբեջանական կողմը պարբերաբար կրակ է արձակում հայկական դիրքերի, ինչպես նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։