«Ազգով մեկ խայտառակ ենք լինում». Ապարան համայնքի որևէ վարչական ղեկավար չի մասնակցում հակաեկեղեցական արշավին

Իշխանությունների կողմից Արմավիրի, Արագածոտնի մարզերի համայնքապետերին, վարչական ղեկավարներին, դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններին հրահանգված է այսօր մարդկանց տանել Մայր Աթոռ՝ թիվ ապահովելու համար, որպեսզի կաթողիկոսի դեմ գրոհ իրականացնեն։

Քիչ առաջ զրուցեցինք Ապարան համայնքի գրեթե բոլոր վարչական ղեկավարների հետ, նրանցից որևէ մեկն այսօր չի մասնակցելու իշխանությունների հակաեկեղեցական արշավին։

Արագածի վարչական ղեկավար Լուկաշ Խաչատրյանը 168.amի հետ զրույցում ասաց, որ որևէ գործողության չի մասնակցելու, բացի այդ էլ՝ վատառողջ է։

Արայի վարչական ղեկավար Նարեկ Սերոբյանը նույնպես ասաց, որ եկեղեցու դեմ որևէ գործողության չի մասնակցելու։

Կարդացեք նաև

«Մենք որևէ տեղ չենք գնալու, այսօր մեզ մոտ հաջորդ տարվա բյուջեի հետ կապված քննարկում կա։ Բացի այդ էլ, մեր Ամանորյա զարդարանքով ենք զբաղված, մենք իսկի մեր տուն չենք գնում, ժամանակ չունենք, ուր մնաց՝ գնանք եկեղեցու դեմ»,- նշեց Նարեկ Սերոբյանը։

Ափնագյուղի վարչական ղեկավար Ռոբերտ Կարապետյանը զարմացավ մեր հարցից՝ ասելով՝ ինքն ուր, հակաեկեղեցական արշավին մասնակցելն ուր։

«Ես այդքան էլ թեթևսոլիկ մարդ չեմ, որ նման բաների մասնակցեմ։ Ինքս հավատացյալ մարդ եմ, տա Աստված, որոշ մասսա ինձ նման մտածելակերպ ունենար, որ այս օրին չհասնեինք։

Մենք վարչական ղեկավարներով միասնական ենք, մեկս մյուսին հարգում ենք, իմացեք, որ որևէ մեկն էլ չի մասնակցում։ Ապարանցիներից շատ-շատերին այս հարցը չի հետաքրքրում, ընդունելի չէ այս ամենը։

Այս ամենը շատ վատ տպավորություն է թողնում մեր ազգի մեջ, հատկապես սփյուռք ունեցող մարդ ենք, սա սխալ մոտեցում է։ Կրկնում եմ՝ ազգով մեկ խայտառակ ենք լինում։ Մեր նախնիները որոշակի սխալ են թույլ տվել, դրա հետևանքները մինչև օրս կրում ենք, հիմա այս 21-րդ դարում ինչպե՞ս ենք նման սխալ թույլ տալիս»,- ասաց Ռոբերտ Կարապետյանը։

Եղիպատրուշի վարչական ղեկավար Մարզպետ Գրիգորյանն ասաց, որ շատ զբաղված է, ավելի կարևոր գործով։

«Ես չեմ կարծում, որ այս ամենը կարող է որևէ լավ հետևանք ունենալ»,- շեշտեց նա։

Նիգավանի վարչական ղեկավար Արտաշես Գալստյանն էլ հավելեց, որ որևէ տեղ չի գնալու։

«Ինքս որևէ տեղ էլ չեմ գնալու, ոչ մեկն էլ չի գնալու»,- ընդգծեց նա։

Տեսանյութեր

Լրահոս