«Ներքին Սուսից, ովքեր բնակարանների սերտիֆիկատներ ստացել են՝ չեն կարողանում տուն գտնել, տները թանկացել են». Ներքին Սուսի գյուղապետ

Օգոստոսի 25-ին, երբ Բերձորից, Ներքին Սուսից ու Աղավնոյից բնակիչներին իրենց կամքին հակառակ տարհանեցին՝ տարածքներն Ադրբեջանին հանձնելու համար, Արցախի տարածքային կառավարման նախարարությունը խոստացել էր, որ սեղմ ժամկետներում տեղահանված բոլոր բնակիչներին կտրամադրեն բնակարանների սերտիֆիկատներ։ Սերտիֆիկատների տրամադրման համար Արցախի տարածքային կառավարությունը տվյալներ էր տրամադրում ՀՀ սոցապ նախարարությանը, որն էլ պետք է հատկացներ սերտիֆիկատները։

Թեպետ ՀՀ սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը մոտ մեկ շաբաթ առաջ վստահեցնում էր, որ գործընթացն ակտիվ փուլում է, տեղահանված բնակիչների մեծ մասը շարունակում է վարձով բնակարաններում ապրել կամ բարեկամների տանը։

168.amի հետ զրույցում Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ներքին Սուսի գյուղապետ Մխիթար Ներսիսյանն ասաց, որ գործընթացը կա, բայց ոչ բոլորն են ստացել իրենց հասանելիք սերտիֆիկատները, իսկ ով ստացել է, բնակարան ձեռք բերելիս բախվում է մի շարք խնդիրների։

«Ներքին Սուսի բնակիչներից, ովքեր ստացել են, մեկ շաբաթ է, չեն կարողանում գործարքներ անել, պետք է տուն գտնեն, նոր բանկ մտնեն։ Ներքին Սուսից մեկ ընտանիք կար, Նորք-Մարաշում էր ապրում, այսօրվա դրությամբ չի կարողանում տուն գտնել, տները շատ են թանկացել»,- նշեց Մխիթար Ներսիսյանը։

Կարդացեք նաև

Ըստ գյուղապետի, մարդիկ վերցնում են գումարը, բայց տներն այնքան թանկ են, որ մնացած գումարը չեն կարողանում գտնել, ու այդպես էլ մնում են, բացի այդ, բանկին պետք է 500 հազար դրամ նախնական գումար տան տների համար՝ չունեն, այսպիսով բազմաթիվ ֆինանսական խնդիրներ են առաջանում։

«Այս բոլոր խնդիրները ես լսել եմ բնակիչներից։ Սպասում ենք, տեսնենք՝ մյուս բնակիչները երբ են ստանալու, որից հետո արդեն կտեսնենք, էլի, թե ինչ է կատարվում։ Մեր գյուղից երևի բնակիչների 30 տոկոսն է սերտիֆիկատ ստացել։ Գյուղից փոխանցել եմ 134 հոգու տվյալ, իսկ եթե ընտանիքների թվով ասեմ՝ 39 են։ Ես ինքս էլ բնակարանի սերտիֆիկատ չեմ ստացել, սպասում եմ, տեսնենք՝ ինչ կլինի»,- եզրափակեց Մխիթար Ներսիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս