
Կառուցապատողներն անհանգիստ են. ոլորտում բացարձակ անարխիա է

Իշխանությունների ագահությունը սահմաններ չի ճանաչում։ Որտեղից փողի հոտ են առնում՝ հարկային մամլիչը միացնում են։ Առանց ծանր ու թեթև անելու՝ բեռն ավելացնում են ու բիզնեսին դնում փաստի առաջ։
Հիմա էլ խնդիրների առաջ են կանգնեցրել կառուցապատողներին։ Շինարարության բումից հետո, որոշել են հնարավորինս քամել նրանց։ Շինթույլտվությունների տուրքերն ու վճարները տասնյակ անգամներով բարձրացնելով չբավարարվեցին, ճանապարհի կեսից լրացուցիչ հարկային պարտավորություններ են սահմանել ու կառուցապատողներին դրել հետագա գործունեությունը շարունակելու վտանգի տակ։
Պարտադրում են գույքահարկ վճարել ժամանակին չավարտված շինությունների համար։
Սա կառուցապատողների համար լուրջ ռիսկեր ու սպառնալիքներ է ստեղծել։
Դրանում, իհարկե, կառուցապատողները մեղքի մեծ բաժին ունեն. Շատ հաճախ չեն պահպանում շինարարության ժամկետները, ուշացնում են, նախատեսված ժամկետներում շենքերը չեն հանձնում շահագործման ՝ խնդիրներ ստեղծելով պարտաճանաչ ձեռքբերողների համար։
Այդպիսիք քիչ չեն ու գնալով ավելանում են։ Բայց դա գալիս է նրանից, որ ոլորտում բացարձակ անարխիա է, բարձիթողի վիճակ, չկա ոչ մի հսկողություն՝ շինարարության նորմերի ու շինթույլտվության ժամկետների հետ կապված։
Իրենց մեղքերը քավելու, թերացումները շտկելու, խնդիրներին պատշաճ լուծում տալու փոխարեն՝ որոշել են պատժել անպարտաճանաչ կառուցապատողներին. Եվ քանի որ հարկային բեռն ավելացնելուց բացի, այլ բան չգիտեն, միացրել են հարկային մամլիչն ու լրացուցիչ պարտավորություններ առաջադրել՝ շատերին կանգնեցնելով սնանկացման վտանգի առաջ։ Մի բան, որը չի բխում՝ ինչպես պետության, այնպես էլ՝ քաղաքացիների շահերից։
Արտաքուստ ցույց են տալիս, թե ֆինանսական պատժամիջոցներ կիրառելով՝ կառուցապատողների պատասխանատվությունն են բարձրացնում ու այդպիսով պաշտպանում քաղաքացիների շահերը։ Այնինչ՝ դրանով իրականում քաղաքացիներին դնում են ավելի մեծ վտանգի առաջ։ Կառուցապատողների սնանկացումը ոչնչով չի բխում քաղաքացիների շահերից։
Բայց իշխանությունները որոշել են գնալ հենց այդ ճանապարհով։ Խնդրի լուծման հեշտ տարբերակ են գտնել՝ փորձելով դրանից օգուտներ քաղել։
Ու մինչ ատամները սրած սպասում են, թե երբ են գանձելու գումարները, կառուցապատողների շրջանում լուրջ անհանգստություններ են առաջացրել։ Առանց այդ էլ՝ հարկերով ու տուրքերով արդեն այնքան են ծանրաբեռնել շինարարական բիզնեսը, այնքան ֆինանսական բեռ են ավելացրել, որ անշարժ գույքի գները հասել են աստղաբաշխական թվերի։
Բնակարանների թանկությամբ Երևանը եվրոպական շատ երկրներին տվել-անցել է։ Արհեստական խթանել են գների աճն ու շուկան՝ իր բոլոր հարակից ոլորտներով, բերել-կանգնեցրել ճգնաժամի վտանգի առաջ։
Երևանում հիփոթեքի շրջանակներում եկամտային հարկի վերադարձի մասին օրենքը չեղարկելուց հետո, կտրուկ ընկել է անշարժ գույքի պահանջարկը։ Դրա հետևանքով ուռճացված գները վերջին շրջանում սկսել են նվազել՝ նոր խնդիրներ առաջադրելով կառուցապատողներին։ Այս միտումը շատ խորանալու պարագայում՝ կարող է անդունդը քաշել նրանցից շատերին։
Արդեն երրորդ ամիսն է, Երևանի անշարժ գույքի շուկայում կադաստրի կոմիտեն արձանագրում է բնակարանների գների անկում, ինչը բոլորովին չի բխում կառուցապատողների շահերից։ Մայրաքաղաքի առանձին վարչական շրջաններում գները նույնիսկ ավելի ցածր են իջել նախորդ տարվանից։
Կադաստրի կոմիտեն նման արձանագրում է կատարել հատկապես թանկարժեք բնակարանային շուկայում։ Խոսքը Կենտրոնի ու Արաբկիրի մասին է։
Երեք-չորս տարվա բարձրացումից հետո սա առաջին դեպքն է, որ նախորդ տարվա համեմատ Երևանի բնակարանային շուկայում, թեկուզ առանձին հատվածներում, գնանկում է արձանագրվում։ Կենտրոնում և Արաբկիրում դա արդեն իրողություն է։
Պաշտոնական տվյալներով, այս տարվա փետրվարին Կենտրոնում բնակարանների միջին գները նախորդ տարվանից ցածր են՝ 0,4, իսկ Արաբկիրում՝ 2 տոկոսով։ Եթե 2024թ. փետրվարին Կենտրոնում 1 քառակուսու միջին գինը եղել է 903,5 հազար դրամ, այս տարի 900 հազար դրամ է։ Արաբկիրում եղել է 639,5 հազար, այս տարի դարձել է 626,5 հազար։
Կենտրոնի և Արաբկիրի առանձին գոտիներում անկումը շատ ավելին է։
Օրինակ՝ Կենտրոնի երրորդ գոտում, կադաստրի կոմիտեի տվյալներով, 1 քառակուսի մետրի գներն այս տարի ավելի քան 100 դոլարով ցածր են եղել նախորդ տարվանից։ Նույնը՝ նաև Արաբկիրի չորրորդ գոտում։
Գուցե կադաստրի կոմիտեի այս արձանագրությանը դժվար է միանշանակ վստահել, բայց սրանք են պաշտոնական տվյալները ու դրանք վկայում են, որ շուկան մի կողմից՝ պասիվանում է, մյուս կողմից՝ նվազում են գները։
Ճիշտ է, Երևանի վարչական շրջանների մեծ մասում բնակարանների գները դեռևս այնքան չեն նվազել, որ զիջեն նախորդ տարվա մակարդակին, բայց տարբերությունը մեծապես կրճատվել է։ Կադաստրի կոմիտեի հրապարակած ամենաթարմ տվյալներով, այս տարվա գներն ամբողջ Երևանի կտրվածքով այլևս 1,4 տոկոսով են գերազանցում նախորդ տարվա գնային սահմանը։
Ընդամենը 1 ամիս առաջ տարբերությունը 2,4 տոկոս էր, իսկ 2 ամիս առաջ՝ 4 տոկոս։
Նույն տեմպով շարունակվելու պարագայում, արդեն 1-2 ամիս հետո, ամբողջ Երևանի կտրվածքով, բնակարանային շուկայում գների անկում կգրանցվի։
Այս իրավիճակը չի բխում, առավել ևս՝ այն կառուցապատողների շահերից, որոնք տարբեր պատճառներով դեռևս չեն հասցրել իրացնել իրենց կառուցած շենքերը։ Գների նվազումը նրանց հաշվարկներում ֆինանսական կորուստներ է առաջացնում։ Ու երբ դրան ավելանում են լրացուցիչ պարտավորությունները՝ հարկերի ու տուրքերի տեսքով, խնդիրներն ավելի են սրվում։
Օրերս կառուցապատողներն իրենց մտահոգությունները ներկայացրել են էկոնոմիկայի նախարարությանը։ Սպասում են, որ Երևանի քաղաքապետարանի ու կադաստրի կոմիտեի հետ խորհրդակցելուց հետո, օրենսդրական նոր փաթեթ կմշակեն։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ