Կառավարությունն առաջիկա 5 տարում նախատեսում է առնվազն 50 բժշկական կենտրոնի կառուցում, վերակառուցում և վերազինում

Կառավարությունն առաջիկա 5 տարում նախատեսում է իրականացնել առնվազն 50 բժշկական կենտրոնի կառուցում, վերակառուցում և ամբողջական վերազինում, 2023-ին հիմնականում նախատեսված են մարզային ամբուլատորիաների վերակառուցման, վերազինման աշխատանքներ:

Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:

«Կառավարության ծրագրով մենք առաջիկա 5 տարիներին պետք է իրականացնենք առնվազն 50 բժշկական կենտրոնների կառուցում, վերակառուցում և ամբողջական վերազինում: Ընթացիկ ֆինանսական բարեհաջող ավելացումների պարագայում կարծում ենք, որ առաջիկա տարիներին պետք է ամբողջությամբ այս խոստումն իրագործենք»,-ասաց Ավանեսյանը:

2022 թվականին կապիտալ շինարարությունների ընդհանուր ցանկը ներառում է 13 բժշկական կենտրոն: 2023-ին ևս ավելանում են բժշկական կենտրոններ: 2023 թվականին հիմնական ուղղվածությունը լինելու են մարզային ամբուլատորիաների վերակառուցման, վերազինման նախագծերը:

«Հաջորդ տարի մենք նախատեսել ենք թվով 20 ամբուլատորիաների նախագծանախհաշվային աշխատանքներ: Բանակցություններ ենք վարում քաղաքաշինության կոմիտեի հետ՝ դրանք անելու մոդուլային տարբերակներով, այսինքն՝ ունենալ մեկ նախագծված տիպային ամբուլատորիա, որը հետո տեղակապումով կարող ենք տարածել նաև բնակավայրերում: Բացի այդ, ներառված է նաև Շիրակում պոլիկլինիկայի վերակառուցում, Վանաձորի պոլիկլինիկայի վերակառուցում»,-ասաց նախարարը:

Ավանեսյանը ընդգծեց՝ խոստացել են, որ առողջության առաջնային օղակի հզորացումը լինելու է իրենց առաջնահերթությունը, առաջիկա ծրագրերը հենց կոչված են ծառայելու այդ նպատակին:

Նախագծման աշխատանքներն ավարտվել են և շինարարություն է լինելու Արմավիրի և Արարատի մարզերում ՀՎԿԱԿ-ի երկու մասնաշենքերում, վերակառուցվելու է նաև Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի մասնաշենքը: Համաշխարհային բանկի ծրագրերով էլ 2023-ին կավարտվեն Մարտունու ԲԿ-ի և Եղեգնաձորի ԲԿ-ի շինարարական աշխատանքները: Մարտունու ԲԿ-ն ապրիլին կհանձնվի շահագործման, իսկ Եղեգնձորինը՝ աշնանը:

Տեսանյութեր

Լրահոս