
Եղիշե Մելիքյանը ներողություն է խնդրել

Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հայկական ակումբի` Կոնֆերենցիաների լիգայում գրանցած արդյունքից չի ամաչում:
«Բոլորով մտածելակերպ ենք փոխել, ինչի համար շնորհավորում եմ բոլորիս: Այս ամենը մեկս մյուսին հավատալով ենք արել: Տեսա, որ երկրպագուները մինչև վերջ մեզ հետ էին և ներողություն եմ խնդրում, որ չհաղթեցինք: Ուզում եմ մեզ հասկանաք, բայց պարտությանն էլ արդարացում չկա: Չեմ ամաչում իմ թիմից: Հպարտ եմ, որ նվիրված են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Մելիքյանը:
Վերջինիս խոսքով` գալիք մրցաշրջանում «Փյունիկ»-ն ավելի պատրաստ պետք է մոտենա եվրոպական մրցաշարերին: Ըստ մասնագետի՝ երևանյան ակումբը վերջին երկու խաղերում պարտության արժանի չէր:
«Պետք է վերլուծենք խաղը: Բայց շատ լավ հիշում եմ, որ Շվեյցարիայի չեմպիոնը եկել էր մեզ մոտ ու խաղում էր երկրորդ համարով: Առաջին 15 րոպեներին մենք ունեինք առավելություն, ճնշում էինք գործադրում, խաղում էինք ագրեսիվ»,-ասել է նա:
Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում Երևանի «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ մրցեց «Բազել»-ի հետ։ Բավականին դրամատիկ պայքարում անցած խաղում երևանյան ակումբը 1-2 հաշվով զիջեց մրցակցին և դուրս մնաց հետագա պայքարից։