«Փաշինյանին ով ավելի շատ է վախեցնում, նա էլ արդյունքի է հասնում». Հայկ Խալաթյան
«Վերջին երկու օրերին իշխանական խմբակցության պատգամավորների հարցազրույցներում կարմիր թելով անցնում է այն, որ Սոչիի հանդիպման գլխավոր ձեռքբերումն այն է, որ վերահաստատվեցին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչը ծիծաղելի է: Ըստ Հայաստանի իշխանությունների՝ ստացվում է, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի կյանքի կոչի Արևմուտքի հովանու ներքո ձեռք բերված պայմանավորվածությունները, չնայած նրան, որ մենք տեսանք, թե ինչ կոշտ արձագանք էր եղել Ռուսաստանից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «VERELQ» տեղեկատվական վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը:
«Երբ համեմատում ենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները և Սոչիի եռակողմ հայտարարության տեքստը, տեսնում ենք, որ փաստացի դա Ադրբեջանի հաջողությունն է, որոշակիորեն Ռուսաստանի անհաջողությունն է, բայց իր համար ամենակարևոր հարցը կարողացավ լուծել. Առաջին հերթին ձեռք բերվեց գոնե համաձայնություն՝ հանդես գալ նոր եռակողմ հայտարարությամբ, և ռուս խաղաղապահների մասին կետը այնտեղ տեղ գտավ:
Այլ հարց է, որ Լեռնային Ղարաբաղի անվանումն այնտեղ չհնչեց, բայց գալիս ենք առաջին կետին, որ Ադրբեջանը կարողացավ իր ուզածին հասնել:
Այսինքն՝ ինչին Ադրբեջանն իրականում կարող էր հավակնել՝ ստացավ, Ռուսաստանը գոնե իր համար կարևոր հարցերը կարողացավ ներառել, և հարց է ծագում, թե Հայաստանն ի՞նչ ստացավ դրանից, Ալմա Աթայի հռչակագի՞րը: Կներեք, բայց նույն Ալմա Աթայի հռչակագիրը դիտարկվում է՝ որպես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, այլ ոչ՝ Հայաստանի, իսկ ո՞ւր մնաց Արցախը:
Փաստորեն, եթե հետևում ենք մեր իշխանությունների հայտարարություններին, տպավորություն է ստեղծվում, որ մեր իշխանություններն ընտրել են արևմտյան տարբերակը, իսկ հասարակությանը հանգստացնելու համար ասում են՝ համաձայն ենք Ռուսաստանի առաջարկին, բայց եթե կարողանում են, թող իրենք ամեն ինչ անեն: Այդպես չի լինում»,- շեշտեց Խալաթյանը:
Նրա խոսքով՝ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել. «Իշխանությունը, որն այդքան համարձակ է և կարողանում է ՌԴ Պետդումայի պատգամավորին և ռուսական խոշոր պետական մեդիա հոլդինգի ղեկավարին սև ցուցակ մտցնել, չգիտես՝ ինչու, ամաչում է կոշտ դիրք զբաղեցնել այդ եռակողմ հայտարարության ժամանակ:
Օրինակ՝ պատկերացրեք՝ Հայաստանն ասեր՝ ոչ, այսպես չի լինելու, ի՞նչ է նշանակում՝ Լեռնային Ղարաբաղն ընդհանրապես չի հիշատակվելու նույնիսկ խաղաղապահների տեղակայման գոտում: Համարձակություն ունենայիք և ասեիք, որ նման հայտարարության տակ չեք ստորագրելու, թող Ռուսաստանը ճնշումներ գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի գոնե մի տեղ հիշատակվի Լեռնային Ղարաբաղը: Դա խոսում է այն մասին, որ այս իշխանությունները ձեռքերը լվացել է Արցախից և Ռուսաստանին ասում է՝ դու արա: Ոչ ոք չի լինելու ավելի պրոհայկական, քան Հայաստանի իշխանություններն ու հայ հասարակությունը: Եթե մեզ Արցախը պետք չէ, ապա դժվար թե Ռուսաստանին դա ավելի շատ պետք լինի: Ռուսաստանին պետք է, որ իր խաղաղապահները մնան, իր շահերն ամրագրվեն տարածաշրջանում, եթե Հայաստանը փորձի Ռուսաստանի դեմ խաղալ, Ռուսաստանը կփորձի լեզու գտնել Բաքվի հետ և որևէ կերպ ամրագրել, օրինակ, իր խաղաղապահների հարցը:
Այլ հարց է, որ այստեղ մենք կարող ենք օգտագործել խաղաղապահներին Արցախում պահելու Ռուսաստանի ցանկությունը, կարգավիճակի հարցը կախված թողնել, եթե, իհարկե, մենք նպատակ ունենք պահպանել Արցախը, հնարավորություն թողնել, որ գոնե ապագայում, երբ մենք մեր պոտենցիալը վերականգնենք, այլ դիրքերից հանդես գանք»:
Անդրադառնալով գործող իշխանությունների հայտարարություններին, թե նախկին իշխանություններն Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում, Հայկ Խալաթյանը դրանք մարազմ որակեց.
«Եթե նախկին իշխանությունները ճանաչել են Արցախը՝ Ադրբեջանի կազմում, ապա Ադրբեջանն այսքան տարի Հայաստանից ի՞նչ էր ուզում, թե՛ նախկին իշխանություններից, թե՛ Նիկոլ Փաշինյանից, պատերազմն ինչո՞ւ եղավ: Մարազմ է»:
Դիտարկմանը՝ մարազմ է, բայց որոշ մարդկանց վրա ազդեցություն ունենում է, նա արձագանքեց.
«Ցավոք, այդ որոշ մարդկանց կարելի է համեմատել աղանդավորների հետ, որովհետև կաղապարված են, չեն ուզում որևէ տրամաբանված միտք լսել: Պետք է ինքնուրույն մտածել՝ այն փաստը, որ այսքան տարի գնում էին բանակցություններ, եղավ պատերազմ, և նույնիսկ հիմա են Փաշինյանից պահանջում ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, խոսում է այն մասին, որ ոչ ոք նախկինում չի ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում»:
Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե իրենց իշխանությունն ամենապրոռուսականներից է, Խալաթյանը հետևյալ հարցադրումն արեց. «Դրա՞ համար են ՌԴ Պետդումայի ամենապրոհայկական պատգամավորին սև ցուցակ մտցնում»:
Դիտարկմանը՝ Ալեն Սիմոնյանն ասում է, որ դա այլ խնդիր է, և էլի մարդիկ կան, որոնց պետք է անցանկալի համարել, նա արձագանքեց. «Խորհուրդ կտամ Ալեն Սիմոնյանին հետևել Հ1-ի եթերներին, տեսնել՝ ովքեր են ելույթ ունենում և ինչ մտքեր են արտահայտում: Դա պետությանը պատկանող հեռուստաալիքն է, հեռարձակվում է ամբողջ Հայաստանում, և այնտեղ ամենօրյա ռեժիմով միտք է գնում, որ Ռուսաստանը Հայաստանի և հայ ժողովրդի թշնամին է, և պետք է հրաժարվել ՌԴ հետ դաշնակցային հարաբերություններից, նույնիսկ՝ որոշ փորձագետներ միտք են արտահայտում, որ եթե դրա համար պետք է զոհաբերել Արցախը, ապա Հայաստանի պետականությունը դա պահանջում է, Ռուսաստանին մեղադրում են տարբեր մեղքերի մեջ:
Օրինակ՝ նույն Արամ Սարգսյանը հոկտեմբերի 27-ի իր հարցազրույցում փաստացի Ռուսաստանին մեղադրեց Հոկտեմբերի 27-ը կազմակերպելու մեջ, միևնույն ժամանակ՝ որևէ փաստ չներկայացնելով: Դա՞ է պրոռուսականությունը»:
Նա նկատեց՝ Ադրբեջանի և Թուրքիայի նման հակառակորդներ ունենալու պարագայում՝ Հայաստանի իշխանությունները նոր խնդիրներ են ստեղծում. «Ինձ թվում է՝ նրանք մեկ-մեկ մոռանում են նայել քարտեզին և հասկանալ՝ ինչ պայմաններում է Հայաստանը գոյատևում: Ես չեմ ասում, թե պետք է գնալ Արևմուտքի հետ բացահայտ առճակատման, բայց պետք է ընտրենք այն, ինչը մեզ համար ավելի նախընտրելի է, ավելի քիչ խնդիրներ կստեղծի:
Նույն արևմտյան տարբերակը խնդիրներ է ստեղծելու ոչ միայն Ռուսաստանի, այլև Իրանի հետ: Թեհրանը, որ ամենապրոհայկական հայտարարություններով է հանդես գալիս, ստիպված է որոշակի մեսիջներ ուղարկել Երևանին, որ՝ գիտե՞ք ինչ, ոչ ռեգիոնալ երկրների ներկայությունը մեզ համար անընդունելի է:
Հիմա հարց՝ միևնույն է, Արևմուտքն իր հարաբերությունները պահպանելու է Ադրբեջանի և Թուրքիայի հետ, այն, ինչում հիմա մեղադրում են Ռուսաստանին, բայց ունենալով երկու թշնամի, չստանալով դաշնակից, մենք նոր երկու թշնամի ենք ստեղծելու մեզ համար տարածաշրջանում՝ Ռուսաստան և Իրան, դա հայ ժողովրդի շահերից բխո՞ւմ է»:
Նա հավելեց, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն առաջնորդվում են ոչ թե Հայաստանի և հայ ժողովրդի շահերով, այլ նրանց արտաքին քաղաքականությունը պայմանավորված է նրանով, թե ումից են այդ պահին ավելի շատ վախենում.
«Ով կարողացավ այդ պահին ավելի շատ վախեցնել, որ այս կամ այն ձեր քայլը կունենա բացասական հետևանքներ՝ հատկապես ձեր իշխանության համար, նա էլ արդյունք է ստանում: Դու չես կարող բոլորին բավարարել, պետք է քո կուրսը տանես, փորձես առաջնորդվել քո շահերով, այլ ոչ թե նրանով, թե ով քեզ վրա այս պահին ավելի մեծ ճնշում գործադրեց կամ ավելի շատ վախեցրեց»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում