«Առաջին օրը թվում էր, թե հերթական էսկալացիան է, հաջորդ առավոտյան ամեն ինչ պարզ էր. Շուշիում այնպիսի իրավիճակ էր, որ «շունը տիրոջը չէր ճանաչում»». Դավիթ Թորոսյան

Լույս է տեսել ռազմական լրագրող, «Հանուն Հայ զինվորի» ՀԿ ղեկավար Դավիթ Թորոսյանի «44-ի տղերքը» գիրքը, այն հանրության լայն շրջանակներին կներկայացվի նոյեմբերի 1-ին։

2020թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ 44-օր շարունակ Դավիթ Թորոսյանը եղել է Արցախում, առաջնագծում, Ստեփանակերտում ու այլ վայրերում, տեսել ու ֆիքսել է այն իրադարձությունները, որոնք այդ օրերին տեղի էին ունենում։ Տեսել է բազմաթիվ մահեր, այդ թվում՝ լավագույն ընկերների, վիրավորում է ստացել, սակայն շարունակել է ֆոտխցիկով աշխատել, հարկ եղած դեպքում էլ ֆոտոխցիկը մի կողմ է դրել ու վիրավոր զինվորներին առաջին բուժօգնություն ցուցաբերել։

168.amի հետ զրույցում Դավիթը պատմեց նոր հրատարակված գրքի մանրամասների, ինչպես նաև 44-օրյա պատերազմում իր տեսածի մասին։

Կան զոհված տղաներ, որոնք նկարվելուց հետո են զոհվել տարբեր ուղղությունների մարտերի ժամանակ

Կարդացեք նաև

««44-ի տղերքը» գիրքը բաղկացած է երեք մասից, կան տեքստեր, 10 պատմություններ, նաև 44 տեսանյութ, որոնք տեղադրված են QR կոդերի միջոցով, և լուսանկարներ ամբողջ պատերազմի ընթացքից։ Այսինքն՝ սկսվելու օրվանից, մինչև վերջին օրը, երբ եղել եմ Արցախում։

700-ից ավելի լուսանկարներ կան, որտեղ հարյուրավոր, հազարավոր տղաներ են, նաև՝ աղջիկներ։ Այնտեղ չունենք որևէ բաժանում, սպաների, կանանց, տղաների, ՄՈԲ-ի, դիրքերի և այլն։ Ֆոտո և վիդեո պատմություններն իմ տեսած կամ մասնակից եղած դեպքերի մասին են։ Կան զոհված տղաներ, որոնք նկարվելուց հետո են զոհվել տարբեր ուղղությունների մարտերի ժամանակ, որոնց համար նաև գրքի վերջին հատվածում հուշատախտակի նման էջ ենք առանձնացրել, որտեղ կան բոլոր զոհերի լուսանկարները։ Պատմությունները սկսվում են սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերվանից, ինչպես էինք մենք նախնական տեղեկություններ ստանում ու արդեն շարունակում սեպտեմբերի 27-ի առավոտյան լայնամասշտաբ պատերազմի սկսվելով։ Այդպես հասնում է արդեն մինչև վերջին պատմությունը, արդեն Շուշիից վերջին կադրերն ու այնտեղ վերջին անգամ դուրս գալու պատմությունն է։ Վերջին կադրերը եղել են Մարտունու ուղղությունից»։

Երբ արդեն ի հայտ եկավ կապի խնդիրը, բազմաթիվ ընտանիքներ չէին կարողանում կապ հաստատել իրենց տղաների հետ, առաջին ֆոտոռեպորտաժն այդ մղումով արեցի

«Պատերազմի առաջին օրը, կարելի է ասել, հիմնականում տեսախցիկը չեմ օգտագործել, որովհետև աշխատանքի ու ընթացակարգի ճշգրտման փուլ կար։ Իհարկե, որոշ կադրեր հեռախոսով արված են, որոնք ևս գրքում կան, բայց դրանք ֆոտո կամ վիդեո ռեպորտաժ չեն, ուղղակի ինչ-որ հետաքրքիր պահի 1-2 ֆոտո է արվել։ Առաջին օրը երբ հասանք, միանգամից գնացինք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ, որովհետև հենց այնտեղ պետք է հասկանայինք, թե ընդհանուր ճակատում ինչ է կատարվում։

Երբ արդեն ի հայտ եկավ կապի խնդիրը, բազմաթիվ ընտանիքներ չէին կարողանում կապ հաստատել իրենց տղաների հետ, առաջին ֆոտոռեպորտաժն այդ մղումով արեցի, հետո, բնականաբար, ընտանիքների մի մասը գտան իրենց զինվորներին, մի մասը գուցե չեն տեսել այդ նկարները։ Այսպես սկսվեց ֆոտոռեպորտաժների շարքը՝ կա՛մ ամենաթեժ տեղերից, կա՛մ այն տեղերից, որտեղ կապի լուրջ խնդիր կար։

Խոսքը վերաբերում է արդեն նահանջելուց հետո Մատաղիսի, Եղնիկների և այլ ուղղություններին, որտեղ առհասարակ կապ չկար։ Իսկ այն, ինչ արդեն տեսանք Արցախում, սկսվեց սեպտեմբերի 28-ի առավոտյան՝ Ստեփանակերտից Մարտակերտ գնալու ճանապարհին, իհարկե, կային շրջանցող ճանապարհներ, որոնք այսօր արդեն դարձել են հիմնական ճանապարհներ։

Այն ժամանակ դրանք կիսալեռնային ու անտառային, գրունտային ճանապարհներ էին։ Այդ ժամանակ մեր մտքով չէր անցնում, որ կարող են ճանապարհին հարվածել, անմեղ միամտություն կար․ հենց այդ ճանապարհին՝ Ասկերանից վերևի Ակնայի հատվածում, որտեղ բաց տեսանելիության դաշտ կար, 2-3 անգամ հրթիռահրետանային հարված եղավ, ճանապարհին միայն մենք էինք։ Այդ հարվածից հետո միֆերը միանգամից կոտրվեցին, վերադարձանք ռեալ իրականություն։ Այսինքն՝ ոչ թե վերադարձանք, այլ պատերացրեցինք, թե ինչպիսին է իրականությունը։

Դրանից հետո հասանք Մարտակերտ, ծանր մարտեր էին ընթանում, հենց այդ ժամանակ որոշեցի առաջին ստենդ-ափը նկարել հենց Մարտակերտի շտաբի մոտ։ Այդ ժամանակ մտածում էինք, որ շենքն ապահով է, որովհետև որոշակի քողարկվածություն ուներ, բայց հետո տեսանք, որ շենքին էլ որոշակի հարվածներ հասցրեցին։ Այդ ստենդ-ափն այդպես էլ չհրապարակվեց, քանի որ գրադ համակարգեր էին աշխատում, կողքի աղմուկը շատ էր, ոչինչ չէր լսվում»։

Գևորգի հոգեհանգստի ժամանակ եղավ Շուշիի հետ կապված հայտարարությունը, որ այն արդեն անցել է թուրքերի հսկողության տակ

«Առաջին օրը բոլորիս թվում էր, թե հերթական փոքր էսկալացիան է կամ սահմանային ինչ-որ դիվերսիա, սակայն հաջորդ առավոտյան լայն իմաստով արդեն ամեն ինչ պարզ էր։ Մարտերը թեժ են եղել տարբեր ուղղություններում։ Մեկը՝ Եղնիկները կառանձնացնեմ, թեպետ այդ պահին ծանր մարտեր չէին ընթանում, բայց ծանր էր այնքանով, որ ես էի թեթև գլխից վիրավորվել, բայց ինչպես ասում են՝ գլխից թեթև վիրավորում չի լինում։ Այս իմաստով դա ֆիզիկապես ամենածանր օրն էր։

Ծանր մարտեր եղել են Մարտունու ուղղությամբ, երևի նոյեմբերի 3-4-ին էր, լայն իմաստով արդեն բնագծեր չկային, այսինքն՝ դիրքեր էլ չկային, ինչ-որ խրամատային, 90-ականների պատերազմի վիճակ էր։ Խոսքը 2-3 հարյուր մետրի վրա թշնամու զորքերի դիրքավորման մասին է։ Ինձ համար հոգեպես ամենածանր օրերը եղել են իմ մտերիմ ընկերների մահվան օրերը, իհարկե, տասնյակ ընկերներ եմ կորցրել, բայց նրանցից երեք հոգու զոհվելը կառանձնացնեմ, որոնցից մեկը՝ Արթուր Աղասյանը, զոհվել է Մատաղիս-Թալիշ ամենածանր մարտերում, այն դիրքում, որն անվանում են «անբարոյականի զուգագուլպա»։

Թովմասը զոհվել է Շուշիի ուղղությամբ, Եղնիկներում էր ծառայում, այնտեղ էինք ծանոթացել։ Նոյեմբերի 7-ին էլ զոհվեց Գևորգ Արշակյանը, ճանապարհին իմացա, որ նա վիրավորվել է և մի քանի ժամ հետո մահացել․․․ ինձ համար ամենածանր պահն էր։ Երբ Գևորգի հոգեհանգստի կարգն էր եկեղեցում, մոտավորապես ժամը 18։15-ին եղավ Շուշիի հետ կապված հայտարարությունը, որ այն արդեն անցել է թուրքերի հսկողության տակ, տեղեկատվական «բարդակ» սկսվեց»։

Շուշիիում այնպիսի իրավիճակ էր, որ «շունը տիրոջը չէր ճանաչում»

«Գրքի վերջին պատմությունում ներկայացրել եմ այն, ինչ վերջին անգամ տեսել եմ Շուշիում։ Այնտեղ այնպիսի իրավիճակ էր, որ «շունը տիրոջը չէր ճանաչում»։ Այնտեղ հանդիպել եմ ամեն դեպքում հայերեն խոսացող և հայկական համազգեստով բազմաթիվ զինծառայողների։ Ասել, որ նրանք հայ չէին, ենթադրություն կլինի, կամ ասել, որ հայ էին՝ կրկին ենթադրություն է։

Նրանց հետ, իհարկե, մի քանի րոպե, մի քանի բառով շփվել ենք, բայց տարբեր զորամասերից եկած խմբեր էին, վիրավորներ կային… Ընդ որում, այդ խմբերն էլ մեծ հաշվով իրար չէին ճանաչում, ուր մնաց՝ ես ճանաչեի նրանց։

Ինչքան հնարավոր էր, փորձեցինք տեղում հասկանալ, թե ինչ է կատարվում, ստացվեց այնպես, որ մեր ուղղությամբ ականանետի կրակոց եղավ, այսինքն՝ մեր վրայով անցավ և ընկավ մեր թիկունքում։ Այդ ժամանակ մեր մեքենան թողեցինք Մշակույթի նախարարության շենքի մոտ, այնտեղ շենքը համեմատաբար բարձր էր, հնարավոր էր քողարկել։ Ես ու վարորդը, ով արցախցի մեր ընկերներից է՝ մեկ զենք ուներ, մեկ «կասկա», մեկ զրահաբաճոն, որը բեռնախցիկում էր, ու բնականաբար չէինք էլ հասցնի օգտագործել։ Բոլորս մի կողմ ցրվեցինք ու փորձեցինք հասկանալ՝ ինչ է կատարվում, հասկացանք, որ որևէ մեկն այնտեղ չի հասկանում՝ ինչ է կատարվում։

Հետո տեղեկություններ եղան, դրա մասին մամուլն էլ նյութեր հրապարակեց, որ թուրքերն արդեն Շուշիի պարսպի տակ են։ Այդ պահին արագ իջանք այդ հատված, հասկանալու՝ այնտե՞ղ են, թե՞ ոչ, եթե այնտեղ են, մենք համապատասխան ուղղությամբ շարժվենք, որովհետև այն դուրս գալու հիմնական ճանապարհն էր, եթե թշնամին արդեն այնտեղ էր, պետք է ուրիշ ճանապարհով դուրս գայինք։

Պարզվեց, որ այնտեղ մարդ չկա, դա փաստորեն կիսահռետորական հայտարարություն էր, նկատի ունենալով Սղնախ, Ավետարանոց, Քարինտակ ուղղությունը, արդեն հասել էին Քարինտակ։ Այդտեղ իմ վերջին «սելֆին» արեցի, որովհետև լուսանկարելու այլ տարբերակ չկար, ես էի, Շուշիի հայերեն ցուցանակը և պարիսպները։ Հետո այդ նկարը հրապարակեցինք, դրանք եղան վերջին կադրերը, դրանից հետո նորից մտանք Շուշի ու դուրս եկանք, բայց արդեն վիճակն ավելի անհասկանալի էր դարձել ու զգացվում էր՝ իրավիճակը ծանր է։

Այդ անորոշությունը գումարվում էր ծանր վիճակին, այդ վերջին այցին առհասարակ լուսանկար չարեցինք, միայն մեկ լուսանկար արեցի, որը չհրապարակվեց՝ իմաստ չկար։ Շուշին գրավվելուց հետո զգացողությունը, որ ունեցա, այն էր, որ գուցե վերջին այցին էլ պետք էր ինչ-որ բան նկարել…»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս