
Կռիվը սկսվեց միջանցքի համար. Հայաստանի ուկրաինացման մեկնարկը տրված է. Արմեն Բաղդասարյան
Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանն այն կարծիքին է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագիրն առավելապես բխում է Ադրբեջանի շահերից:
«Ադրբեջանը որևէ լուրջ բան չի զիջել: Բոլոր այն պահանջները, որ ունեին Հայաստանի նկատմամբ, կարող են ունենալ նաև պայմանագրի ստորագրումից հետո, իսկ ՀՀ-ն, մեծ հաշվով, որևէ բան չի շահել, որովհետև, օրինակ՝ երբ այնտեղ գրված է՝ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, հրաժարվում են ագրեսիայից և այլն, դա ընդամենը կարող է մնալ թղթի վրա: Ադրբեջանը հո չի՞ ասելու՝ մենք հարձակվում ենք Հայաստանի վրա, ասելու են՝ «Հայաստանը հարձակվեց, մենք պատասխան գործողությունների դիմեցինք»:
Բացի այդ, այնտեղ այլ խնդրահարույց կետեր էլ կան, բայց դա չէ էականը: Այդ պայմանագիրն իր տեսքով այնպիսին է, ինչպիսին այսօրվա Հայաստանի իրողություններն են: Այդ փաստաթուղթը Հայաստանի աղետալի վիճակի հետևանքն է: Այն վիճակում, որում հայտնվել է Հայաստանը, դրանից նորմալ փաստաթուղթ հնարավոր էլ չէր ակնկալել, հետևաբար՝ խնդիրն այդ թուղթը չէ, այլ այն, թե ինչու է Հայաստանը հայտնվել այս վիճակում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Ըստ նրա՝ այն, ինչ հիմա կատարվում է հայ-ադրբեջանական հարաբերություններում, արդարացի չէ. «Արդարացի չէ, որ հիմա Արցախը հայաթափված է, որ հազարավոր պատմական հուշարձաններ են ոչնչացվում, որ Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքից կտորներ է օկուպացրել, որ նրանք պահանջում են իրենց փախստականների վերադարձ, մինչդեռ արգելափակում են արցախցիների վերադարձի հարցը, որ նրանք ահռելի ռեպարացիաներ են պահանջում, մինչդեռ հայկական կողմը չի համարձակվում նման հարց բարձրացնել: Եթե արդարացիության զգացումը չկա, հնարավոր չէ կայուն, տևական խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև: Հետևաբար, այս փաստաթուղթը մեզ ոչինչ չի տալու: Իսկ Ադրբեջանը ստացել է այն, որ կարևոր չէ՝ այնտեղ ինչ է գրված, կարևոր է, թե ինչ չի գրված, իսկ այդտեղ որևէ բառ չկա Արցախի մասին: Ադրբեջանն ինչ պետք է ստանար՝ այդ թղթով ստացել է»:
Ինչ վերաբերում է Դոնալդ Թրամփին, ապա, ըստ Արմեն Բաղդասարյանի՝ նա համարում է, որ Հարավային Կովկասի ամենաարժեքավոր բանը վերցրել է.
«Մեր դեպքում դա միջանցքն էր, հետո ինչ կլինի՝ իրեն առանձնապես չի հետաքրքրում: Բայց այնպես չէ, որ այդ միջանցքը բացվել է կամ բացվելու է: Այն, ինչ այնտեղ ստորագրվեց, միջանցքի մասին չէր, այլ այն մասին, որ միջանցքի համար կռիվը թևակոխում է թեժ փուլ. կռիվը սկսվեց միջանցքի համար: Այն կարող է չբացվել, ինչպե՞ս եք պատկերացնում դրա բացվելը: Մի կողմում Իրանն է, որ դա համարում է թշնամական և բացահայտ հայտարարում՝ տորպեդահարելու ենք: ՌԴ-ն դա ընկալում է որպես իր դեմ թշնամական գործողություն: Հայ-իրանական սահմանին ռուսական զորք է կանգնած, մի՛ մոռացեք: Ռուսաստանն ինչպե՞ս է հայտնվել մեր տարածքում, որևէ մեկը նրանց հրավիրե՞լ է, իրենք պատերազմով եկել՝ գրավել են: Ինչո՞ւ պետք է պատերազմով գրաված տարածքը հենց այնպես տան: Կդիմադրեն մինչև վերջ: Իրանը նույնպես կդիմադրի»:
Նրա խոսքով՝ օգոստոսի 8-ից մեկնարկեց Հայաստանի ուկրաինացումը.
«Ավելի վատ էլ կարող է լինել՝ սիրիացում, որովհետև Ուկրաինան ամեն դեպքում Եվրոպա է, մենք Եվրոպա չենք: Մեր տարածաշրջանում իրադարձությունները շատ ավելի դաժան են զարգանում»:
Արմեն Բաղդասարյանը նկատեց՝ եթե Հայաստանը միջանցք կոչվածն ԱՄՆ-ին է տվել, այդ թղթի տակ ինչո՞ւ է դրված նաև Ադրբեջանի ստորագրությունը.
«ՀՀ տարածքի որոշակի հատվածի իրավական ռեժիմները կարգավորվում են Ադրբեջանի համաձայնությամբ և ստորագրությամբ: Հակառակ դեպքում ի՞նչ գործ ուներ այնտեղ Ադրբեջանի ստորագրությունը: Փաստաթղթերով արդեն կա այդ միջանցքը, իրականություն կդառնա՞, թե՞ չէ, կարծում եմ՝ չէ: Եթե Իրանը ռմբակոծի միջանցքը, ո՞ր երկրի տարածքն է ռմբակոծելու՝ ՀՀ տարածքը: Դրա համար եմ ասում՝ Հայաստանի ուկարինացման կամ սիրիացման մեկնարկն է տրվել»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում