Արցախի համար ընդունելի է ռուսական տարբերակը՝ ստատուս-քվոյի պահպանումը՝ մինչև հարցի վերջնական լուծում. Հայկ Խանումյան

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանն այսօր Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Պուտինի՝ խաղաղության համաձայնագրի վաշինգտոնյան տարբերակի վերաբերյալ հայտարարությանը և առհասարակ ի՞նչ տեղեկություններ ունի։

«Դուք հիմա ուզում եք՝ ես Պուտինին հերքե՞մ, թե՞ հաստատեմ, ասեմ կա՞, կամ չկա՞։ Իհարկե, այս պահին քննարկվող երկու մոտեցում կա, մեկը՝ եղած ստատուս-քվոն պահպանելն է, որն այլ կերպ ռուսական տարբերակ են ասում, ռուսաստանցի համանախագահի կողմից առաջարկվող։ Այնտեղ հատուկ կետ կա, որ երկու կողմերն այդ հարցի կարգավորումը հետաձգում են մինչև, այսպես ասած, լավ ժամանակներ։

Երկրորդ մոտեցումը, որն իր հերթին կարող ենք բաժանել եվրոպական և ամերիկյան մասերի, որն ընդհանուր առմամբ ենթադրում է Արցախի ինտեգրացիա Ադրբեջանի կազմում։ Հարցի լուծում այն ձևով, ինչ ձևով իրենք են պատկերացնում, այսինքն՝ Արցախի ինտեգրացիա Ադրբեջանի կազմում։ Բնականաբար, մեզ համար դա անընդունելի տարբերակ է։ Այս փուլում ավելի ձեռնտու է ստատուս-քվոյի պահպանումը՝ մինչև հարցի վերջնական լուծում, արդեն մեր օգտին»,- նշեց Հայկ Խանումյանը։

Ըստ Հայկ Խանումյանի, Արցախի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Արցախի ինքնորոշման իրավունքը, Արցախի անկախության միջազգային ճանաչումը առաջնահերթ հարցերից է, և, բնականաբար, այդ ուղուց որևէ շեղում չի եղել։ Հետևաբար՝ Արցախի ժողովրդի, իշխանության, այդ թվում՝ Արցախի ընդդիմության հայացքներում այս թեմայով որևէ հակասություն չկա։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է հայտարարություններին, որ քայլեր են ձեռնարկվում Բաքվի և Ստեփանակերտի միջև քննարկումններ իրականացնելու համար, Հայկ Խանումյանը նկատեց՝ Արցախն այսօր այնպիսի վիճակում է, որ բավականին լուրջ անվտանգային միջավայրում է և տարբեր հարցերի շուրջ՝ ենթակառուցվածքային, ջրային ռեսուրսների օգտագործման վերաբերյալ, բնականաբար, Ադրբեջանի հետ լինում են զրույցներ, ինչը քաղաքական թեմաներին չի վերաբերում։

«Խիստ կասկածում եմ, որ Ադրբեջանը երբևէ քաղաքական բանակցությունների մեջ կմտնի Ստեփանակերտի հետ, հետևաբար՝ դա ֆանտաստիկայի ոլորտից է։ Նստել բանակցելն ամեն կողմն իր ձևով է հասկանում, խիստ կասկածում եմ, որ Ադրբեջանի կենտրոնական իշխանություններն Արցախի հետ՝ որպես սուբյեկտ, կնստեն ու կբանակցեն»,- շեշտեց Հայկ Խանումյանը։

Խոսելով Ալիևի հայտարարության մասին, որ արցախահայության հետ կխոսի այնպես, ինչպես Ադրբեջանի քաղաքացիների, և այդ համատեքստում արցախահայությանը սպասվող վտանգներից, Հայկ Խանումյանն ընդգծեց, որ Արցախի բնակչության՝ Արցախում ապրելու միակ երաշխիքն Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է, այլ տարբերակ բերելու է ցեղասպանության։

«Բոլոր այն կողմերը՝ կլինի Մոսկվան, Բրյուսելը թե Վաշինգտոնը, որոնք պնդում են ինչ-որ ինտեգրացիա և այլն, ապա նրանք Արցախի ժողովրդին ուղղում են դեպի ցեղասպանություն, սա փաստ է։ Որևէ դեպքում, որևէ հայ չի կարող ապրել Ադրբեջանի իշխանության ներքո։ 70 տարի էլ որ մնացել են, Ադրբեջանի իշխանության ներքո չի եղել, այլ եղել է Խորհրդային Միության պայմաններում։ Այն երկրները, որոնք առաջարկում են ինտեգրացիա, բազմազգ խաղաղապահ ուժեր և այլն, խնդրեմ ԼՂԻՄ-ի տարածքի մի մաս՝ Հադրութի շրջանը, Ասկերանի ու Մարտակերտի որոշ գյուղեր, Շուշիի շրջանի գյուղերն այս պահին գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։ Կարող են մտցնել իրենց խաղաղապահներին, առաջարկել  հայերին, որպեսզի գնան միջազգային խաղաղ երաշխիքների ներքո ապրելու, տեսնենք՝ ինչ-որ բան ստացվելո՞ւ է, թե՞ չէ։

Այսինքն՝ մոդելը, որն առաջարկում են, այսօր էլ կարող են կիրառել Ադրբեջանի կողմից զավթված տարածքների վրա, խնդրեմ թող փորձեն»,- եզրափակեց Հայկ Խանումյանը։

Տեսանյութեր

Լրահոս