«Հետքայլ չե՛նք անելու. ապրիլի 15-ից սպասվում են հստակ գործողություններ». Նժդեհ Իսկանդարյան

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ, «Արցախի երիտասարդական թև» ՀԿ նախագահ  Նժդեհ Իսկանդարյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նշեց, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն իրենց հետ հանդիպման ժամանակ նշել է, որ պատրաստ են Արցախից բռնի տեղահանվածներին տրամադրվող 50 հազար դրամ աջակցությունը մեկ ամսով երկարաձգել, այդ ընթացքում ձևավորել փորձագիտական խմբեր և ի մի բերել բոլոր այն խնդիրները, որոնց արցախցիները բախվում են՝ Ազատության հրապարակից տեղադրված վրանը դուրս բերելու պայմանով:

«Իրենք ընդունում են, որ բնակարանային ծրագիրը չի գործում: Նրանք առաջարկում են մեկ-երկու ամսում առկա խնդիրներին լուծում տալ, բայց խորհրդի հետ քննարկումներից հետո եկել ենք այն եզրակացության, որ պայքարը շարունակվում է: Վրանն այն տեղն է, որտեղ արցախցիները գալիս են, լսում ենք իրենց կարծիքները, փորձում ենք մտահոգությունները ներկայացնել կառավարությանը: Այս փուլում մենք այդ զիջմանը չենք գնալու: Մինչև ապրիլի 15-ը քննարկումներ ենք անցկացնելու արցախյան և հայաստանյան քաղաքական ուժերի հետ, եթե նրանք պատրաստակամ են համախմբվել մեր օրակարգի շուրջ, խնդրեմ: Սա միայն Արցախի և արցախցիների խնդիրը չէ, այն համայն հայության խնդիրն է և լուծվելու է բոլորիս ջանքերով»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իրենց բարձրացրած հարցերից ՀՀ իշխանությունները պատրաստակամ են քննարկել միայն սոցիալական խնդիրները:

«Շատ կարևոր է խոսել արցախցիների հավաքական վերադարձի մասին, գերիների վերադարձի մասին, բայց պատրաստ են քննարկել միայն սոցիալական խնդիրների մասին: Ապրիլի 1-ից գործող ծրագրով բազմաթիվ ընտանիքներ ուղղակի կա՛մ արտագաղթելու են, կա՛մ հայտնվելու են փողոցում, որովհետև իրենց տված աջակցության ծրագրով, մարդիկ աշխատում են, մի բան էլ ավելացնում են՝ բնակվարձ են տալիս: Ստացվում է, որ 18-63 տարեկան անձինք չեն օգտվելու այդ բնակարանային ծրագրից, մեծ աղետի առաջ են կանգնելու մարդիկ: Կառավարությունը երբեք կոմունիկացիաներ չի պահել Արցախի իշխանությունների, հասարակական սեկտորի հետ: Մենք նախկինում առաջարկություններ ուղարկել ենք իրենց՝ և՛ բնակարանային ծրագրի, և՛ սոցիալական խնդիրների վերաբերյալ, մինչ օրս դրանք նույնիսկ չեն քննարկվել: Հիմա ունենք այնպիսի իրավիճակ, որ, եթե հետքայլ ենք անում, հարցը չի լուծվում, կանգնելու ենք բազմաթիվ խնդիրների առաջ»:

Կարդացեք նաև

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն առաջարկում է՝ հնարավորության դեպքում աջակցության ծրագրերը գործեն մինչև տարեվերջ, որի ընթացքում կառավարությանը կներկայացնեն իրենց առաջարկությունները. «Կառավարությունը կոմպրոմիս համարում է այն, որ մեկ ամիս կարող են 50 հազար դրամը տրամադրել, բայց դա լուծում չէ: Այդ իսկ պատճառով խորհուրդը որոշում է կայացրել շարունակել քննարկումները: Արդեն երկու օր է՝ Արցախի քաղաքական ուժերի հետ ենք հանդիպում, բազմաթիվ հասարակական կազմակերպություններ են դիմել մեզ, որ պատրաստ են համախմբվել մեր օրակարգի շուրջ: Մինչև ամսի 15-ը քննարկումներ կունենանք, ամսի 15-ին կհայտարարենք հետագա անելիքների մասին: Սպասվում են հստակ գործողություններ: Տեսնելով, որ լուծումներ չկան, մեզ մնում է գնալ հստակ գործողությունների»:

Նժդեհ Իսկանդարյանը վստահ է՝ կառավարության հետ քննարկումները պարզապես իմիտացիա են և չեն բերելու խնդիրների լուծման. «Կառավարության իրականացրած ծրագրերը բավարար չեն եղել, դրա մասին է խոսում այն, որ 20-25 հազար արցախցի է արտագաղթել Հայաստանից: Լինելով Ազատության հրապարակում՝ բազմաթիվ արցախիցներ մեզ մոտենում, հարցնում են՝ վաղվա իրենց օրն ի՞նչ է լինելու: Բոլորն էլ գիտակցում են, որ եթե այս ծրագրերը կյանքի կոչվեն կառավարության կողմից, մարդիկ արտագաղթելու են, այլընտրանք չկա»:

Ըստ նրա՝ բոլոր խնդիրները գալիս են այնտեղից, որ Հայաստանի իշխանությունները չեն ընդունում Արցախի իշխանություններին և Արցախի գոյությունը. «Բոլորս էլ հասկանում ենք, որ այսօր հրատապ են սոցիալական խնդիրները, բայց չենք կարող չխոսել արցախցիների հավաքական վերադարձի մասին, չխոսել գերիների մասին: Բոլորս էլ հասկանում ենք, որ Բաքվում դատում են բոլորիս արժանապատվությունը: Ադրբեջանը Հայաստանի իշխանություններին ստիպում է լուծարել Մինսկի խումբը, որն այն հարթակն է, որտեղ կարող ենք խոսել ղարաբաղյան հակամարտության մասին»:

Արցախի տեղեկատվական շտաբը որևէ իրավական հիմք չունեցող և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ էր անվանել ՀՀ արտաքին գործերի նախարարության այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից:

Նժդեհ Իսկանդարյանը գործող իշխանություններից այլ հայտարարություն չի էլ սպասում. «Իրենց դիրքորոշումը պարզ է: Բայց քանի որ իրենք իրենց խողովակներով Հայաստանում ապրող մեր քաղաքացիներին ուղղորդում են, թե՝ արցախցիները փորձում են իշխանափոխության հարց լուծել, սա ևս մեկ անգամ փաստում է, որ իրենք ուղղակի մանիպուլյացիա են անում: Եթե նկատել եք, վերջին օրերին բազմաթիվ մեր ընկերներ թիրախավորվել են, իրենց քարոզչամեքենան աշխատում է մեր դեմ, բայց սա միայն արցախցիների հարցը չէ: Իրենք չեն կարողանալու հասնել նրան, որ՝ արցախցիները եկել և փորձում են այստեղ իշխանափոխություն անել… Մենք այդպիսի խնդիր չունենք, մեր օրակարգը հստակ է: Մարդու գլխում չի տեղավորվում, որ գտնվելով մեր հայրենիքում՝ ստիպված ենք խոսել արցախցիների իրավունքների պաշտպանության մասին»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս