«Արցախն Ադրբեջանի կազմում՝ ընդունելի չի լինելու Արցախի ժողովրդի կողմից, ոչ միայն չենք ընդունելու նման փաստաթուղթ, այլև չենք հետևելու այդ փաստաթղթով սահմանված կարգավորումներին». ՄԻՊ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ իրականում արցախյան կողմի համար ամեն ինչ շատ հստակ է, Արցախը բազմիցս իր դիրքորոշումն արտահայտել է, որ շարունակելու է պայքարն ինքնորոշման իրավունքի ճանաչման համար։

«Արցախի քաղաքական շրջանակների, ի դեմս Արցախի բոլոր քաղաքական շրջանակների կողմից հայտարարվել էր, որ որևէ փաստաթուղթ, որը կճանաչի Արցախը Ադրբեջանի կազմում՝ ընդունելի չի լինելու Արցախի ժողովրդի կողմից։ Մենք ոչ միայն չենք ընդունելու նման փաստաթուղթ, այլև չենք հետևելու այդ փաստաթղթով սահմանված կարգավորումներին, այսպես ասած»,- 168.am հետ զրույցում ասաց Գեղամ Ստեփանյանը՝ անդադառնալով ՌԴ նախագահի երեկվա հայտարարությանը, որ վաշինգտոնյան փաստաթղթով նախատեսվում է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։

Շարունակելով թեման, Գեղամ Ստեփանյանն ընդգծեց՝ ինչ վերաբերում է Հայաստանի կողմից հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին որևէ փաստաթղթի ստորագրմանը, ապա հույս ունի, որ որևէ ձևաչափում կնքվելիք փաստաթղթերում անդրադարձ կկատարվի նաև Արցախի խնդրին։ Նաև հաշվի կառնվի, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում կարևորագույն խնդիրներից մեկը նաև Արցախի կարգավիճակի հարցն է։

Հարցին՝ եթե իսկապես Հայաստանը ստորագրի Վաշինգտոնի առաջարկներով փաստաթութը, ապա այդ դեպքում վատագույն սցենարը ո՞րը կլինի՝ Արցախի հայաթափո՞ւմ, հայության կոտորա՞ծ, Գեղամ Ստեփանյանը պատասխանեց, եթե որևէ սցենարով անվտանգության այն երաշխիքները, որոնք տեղավորված են Արցախում ռուս խաղաղապահների զորակազմի տեղակայմամբ, մի օր վերացվի, ապա պետք է նման որոշում կայացնողները հստակ ու աներկբա հասկանան, որ Արցախը մատնում են էթնիկ զտման ու ցեղասպանության վտանգի՝ լինի վաշինգտոնյան, բյուսելյան, թե մոսկովյան դերակատարները։

Կարդացեք նաև

«Կարծում եմ՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ այն, որ, այո, Ադրբեջանի նպատակը Արցախի հայաթափումն ու էթնիկ զտման քաղաքականություն իրականացնելն է։ Փաստերն առավել քան բավարար են այդ ամենը հաստատելու ու այդ ամենին անկողմնակալ ու հստակ նայելու համար։ Այստեղ մեզ համար շատ կարևոր է, որպեսզի այդ համարձակությունը լինի միջնորդ կողմերի շրջանակում, հասկանալու, ճիշտ գնահատելու այդ իրավիճակը և ըստ այդմ աշխատելու։

Այո, պետք է առանց որևէ կասկածի փաստենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմի Արցախում գտնվելն ապահովում է Արցախի ժողովրդի անվտանգության այն նվազագույն երաշխիքները, որոնք անհրաժեշտ են Արցախում ապրելու համար։ Եթե անվտանգության երաշխիքներն ավելացնելու փոխարեն, եղածն էլ են վերացնելու, ապա պետք է գիտակցեն դրանից բխող ամբողջ պատասխանատվությունը»,- շեշտեց Արցախի ՄԻՊ-ը։

Ըստ նրա, հաճախ տարբեր հակամարտությունների  և դրանց ճանաչման վերաբերյալ կարծիքներ են հնչում՝ լինի Կոսովոն, թե հարավային  Օսիան, մշտապես նշվել է այդ ժողովուրդների իրավունքների և անվտանգության պաշտպանության անհրաժեշտությունը։

«Կոսովոյի պարագայում որոշակի եզակիության կամ ունիկալության սկզբունք էր առաջ քաշվում Արևմուտքի կողմից, արդյո՞ք չկա այդ ունիկալությունն Արցախի պարագայում։ Շատ հստակ է, որ կա, և դա ամրագրված է  անգամ ՄԱԿ-ի անվտանգության միջազգային դատարանի 2021 թվականի միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշման մեջ։ Հստակ արձանագրված է Ադրբեջանի կողմից և հայկական մշակութային ժառանգության, ատելության խոսքը, և խտրականությունը հայության նկատմամբ, արդյո՞ք սրանք բավարար չեն, որ Արցախի պարագայում այդ եզակիության դրույթը գործի և ի վերջո ընդունվող որոշումներում հստակ արձանագրվի, որ Արցախն Ադրբեջանի կազմում նույնն է, ինչ զոհին տաս գիշատիչի երախը»,- եզրափակեց Գեղամ Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին, Վալդայ ակումբի լիագումար նիստի ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին և հարաբերությունների խաղաղ կարգավորմանը: Նա նշել է, որ հայ ժողովուրդն ու ղեկավարությունը պետք է ընտրեն, թե որ տարբերակն է իրենց պետք, սակայն ցանկացած տարբերակ, որը կհանգեցնի խաղաղության, ընդունելի կլինի իրենց համար։

«Մենք չենք պատրաստվում ոչինչ պարտադրել, չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին ինչ-որ բան թելադրել, եթե հայ ժողովուրդն ու այսօրվա ղեկավարությունը որոշեն, որ պետք է ընտրել կոնկրետ տարբերակ, ինչքան գիտեմ՝ Վաշինգտոնյանը, որը նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը, ապա խնդրեմ»,- ասել էր Վլադիմիր Պուտինը։

Տեսանյութեր

Լրահոս