«Սեպտեմբերի 13-ի ագրեսիայի վերաբերյալ հստակ դիրքորոշում չի արտահայտվել. դա կքննարկեմ ՌԴ նախագահի հետ»․ Փաշինյան

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի օր էր:   Մասնակցում էին  միայն  Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, ներկա չէին ընդդիմադիր 2 խմբակցությունները։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ արդյո՞ք հաստատում  է տարածված տեղեկությունը, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում նախատեսվում է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը, եթե այո, ապա ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանն այդ հանդիպումից։

Փաշինյանը նախ հաստատեց տեղեկությունը՝ մանրամասնելով, որ  Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից առկա է հրավեր՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում անցկացնել եռակողմ հանդիպում, և, որ ինքը հաստատել է իր մասնակցությունը․

«Անկեղծ ասած, տեղեկություն չունեմ, թե ադրբեջանական կողմը հաստատե՞լ է մասնակցությունը, թե՞ ոչ։ Ակնկալիքների մասով։ Վերջին անգամ այդ ֆորմատով եռակողմ հանդիպում տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերին։ Կարծում եմ՝ ամենակարևոր ակնկալիքները կապված են այս ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների գնահատականի և մեկնաբանության հետ։ Ընդ որում, կարող եմ ավելի հետ գնալ, հասնել մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն, և կարծում եմ, որ շատ կուտակված հարցեր կան, որոնց վերաբերյալ որոշակի մտքերի փոխանակում, պարզաբանումներ, հարցադրումներ պետք է հնչեն։ Այդ հարցերի օրակարգը ձեզ հայտնի է, սկսած Լեռնային Ղարաբաղում կայունության և անվտանգության ապահովման գործից։ Դուք տեղյակ եք, որ այս տարվա մարտին ադրբեջանական զինված ուժերը ներխուժել էին ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի, և չեմ թաքցրել, որ մեզ համար այնքան էլ հասկանալի չէր խաղաղապահների կողմից արձագանքի բացակայությունը և, ըստ էության, ինչ միջոցներ են ձեռնարկվել այդ գործառույթներն իրականացնելու համար։

Կարդացեք նաև

Գիտեք, որ ի հեճուկս եռակողմ աշխատանքային խմբում ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչ-որ միջանցքների մասին հայտարարություններ են տեղի ունենում, ընդ որում, ոչ միայն ադրբեջանական կողմից, Ռուսաստանում էլ, ինչ-որ անհասկանալի մարդիկ կան, որոնք փորձում են այդ նարատիվը զարգացնել՝ ի հեճուկս ՌԴ նախագահի կողմից արված հայտարարությունների, ստորագրած փաստաթղթերի և ի հեճուկս ՌԴ ԱԳՆ-ի կողմից արված հայտարարությունների, ի հեճուկս ՌԴ փոխվարչապետի արած հայտարարությունների։ Շատ հարցեր կան, որոնց վերաբերյալ, կարծում եմ՝ շատ էական և ակտիվ քննարկում պետք է տեղի ունենա․․․»։

Անդրադառնալով 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությանը՝ Փաշինյանը ցանկություն հայտնեց խոստովանել.

«Նախորդ տարվա նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարության մեջ գրվում է, որ կողմերը պայմանավորվեցին միջոցներ ձեռնարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը հասցնել սահմանագծման հանձնաժողովի աշխատանքների մեկնարկին։ Այն ժամանակ մենք այդ հայտարարության տեքստի վրա հիմնվելով՝ ասում էինք, որ նախ պետք է անվտանգության միջոցառումները, մեխանզմները ստեղծել, հետո միայն խոսել դելիմիտացիայի գործընթացի մեկնարկի մասին։ Այն ժամանակ մեր շատ գործընկերներ, այդ թվում՝ ՌԴ մեր գործընկերները, ասում էին, որ դելիմիտացիայի հանձնաժողովի գործունեությունն ինքնին անվտանգության մեխանիզմ կլինի։ Մենք այն ժամանակ չէիք կիսում այդ տեսակետը, բայց նաև որոշեցինք ճկունություն ցուցաբերել՝ գործընթացը փակուղի չմտցնելու համար, և գնալ այդ քայլին, բայց նաև դելիմիտացիայի հանձնաժողովի ձևավորումից հետո տեղի ունեցավ սեպտեմբերի 13-ի ագրեսիան և, անկեղծ ասած, ինձ համար անհասկանալի է, որ այն գործընկերները, որոնք էն ժամանակ ասում էին, որ դելիմիտացիայի հանձնաժողովի ձևավորումը նաև անվտանգության մեխանիզմ է, սեպտեմբերի 13-ի ագրեսիայի նկատմամբ մինչև օրս քաղաքական դիրքորոշում չեն արտահայտել։ Սրանք, իհարկե, հարցեր են, որ պատրաստվում եմ քննարկել, այդ թվում՝ ՌԴ նախագահի հետ՝ երկկողմ հանդիպման ֆորմատում»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս