Բաժիններ՝

Բրյուսովում դասադուլը դադարեցվել է. Փոխվարչապետի և  համալսարանի աշխատակազմի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն

Հոկտեմբերի 21-ին, ՀՀ փոխվարչապետ, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանը  հանդիպել է համալսարանի պատվիրակության հետ, որի կազմում եղել են ռեկտոր Կարինե Հարությունյանը, ռեկտորի գլխավոր խորհրդական Գ. Թամրազյանը, Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ց. Ակոպյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Կ. Բոզոյանը, Ուսանողական խորհրդի անդամ   Է. Զատիկյանը:

Համբարձում Մաթևոսյանը, կարևորելով ուսանողի կրթական իրավունքի գերակայությունը, ուսանողներին հորդորել է դադարեցնել դասադուլը և վերադառնալ ուսումնական բնականոն գործընթացին:

Համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ երկու օր առաջ՝ հոկտեմբերի 24-ից, դասապրոցեսը վերականգնվել է:

Կարդացեք նաև

«Եղել է պայմանավորվածություն, որ դեռ սպասելու ենք վարչապետին ուղղված մեր նամակի պատասխանին։ Խոստացան սեղմ ժամկետներում պատասխանել»,- ասաց Ցոլակ Ակոպյանը:

Կողմերի միջև տեղի ունեցած քննարկման ընթացքում  պարզաբանվել է, որ «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» և «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամները «Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարան» հիմնադրամին միացման ձևով վերակազմակերպելու և «Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարան» հիմնադրամը վերանվանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը հնարավոր է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո միայն:

«Մինչև 2030 թվականը կրթության զարգացման պետական ծրագրով նախատեսվում է ստեղծել 5-8 բուհ։ Մեր պահանջն է՝ ներկայացնել նաև միավորվող բուհերի ուղղությունները։ Մենք ուզում ենք հասկանալ, թե էլ ի՞նչ ուղղությամբ բուհեր պետք է ստեղծվեն, ըստ որի՝ նոր սկսենք խոսել միավորման մասին։ Չի կարելի միայն մանկավարժական հենքի վրա միավորել, գուցե մեզ պետք է հումանիտար հասարակական բուհ, իսկ այսօր նման կրթություն տվող ամենամեծ բուհը  Բրյուսովի համալսարանն է»,- նշեց համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկանը:

Տեսանյութեր

Լրահոս