Աննա Վարդապետյանը` սեփական սնապարծության ու ինտրիգների ծուղակում. սուր բախում` ՔԿ նախագահի հետ

Գլխավոր դատախազի պաշտոնում իր ոչ երկար պաշտոնավարման ընթացքում Աննա Վարդապետյանն արդեն իսկ հասցրել է բախումներ ունենալ ոչ միայն դատախազությունում, այլև իրավապահ մարմինների ղեկավար կազմերի հետ, և սրա արմատը թաքնված է Աննա Վարդապետյանի` Նիկոլ Փաշինյանի օգնականի պաշտոնում ծավալային գործունեության հետ։

Մի առիթով գրել ենք, որ Աննա Վարդապետյանը կոնֆլիկտ է ունեցել Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Արգիշտի Քարամյանի հետ։

168.am-ը տիրապետում է թեմայի վերաբերյալ բացառիկ մանրամասների։

Պարզվում է` հոկտեմբերի 8-ին` Քննչական կոմիտեի ծառայողի օրվան ընդառաջ, ինչպես սովորաբար լինում է, Արգիշտի Քյարամյանը գլխավոր դատախազին է ուղարկում ՔԿ աշխատակիցների 4 անուն, որ Աննա Վարդապետյանը նրանց պարգևատրի գերատեսչական մեդալով կամ շքանշանով։

Կարդացեք նաև

Ցանկի մեջ նաև եղել է ՔԿ նախագահի տեղակալներից մեկի անունը։ Քանի որ այս պատմությունը դեռ շարունակություն է ունենալու, այս պահին ՔԿ նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի անունը չենք հրապարակում։ Աննա Վարդապետյանը ստորագրում է 4-ից երեքի պարգևատրման հրամանները. չի ստորագրում միայն ՔԿ նախագահի տեղակալի հրամանը։ Այս բացահայտ դեմարշը շատ ցավոտ է տանում ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, ով, մեր տեղեկություններով, իր վարորդի միջոցով հետ է ուղարկում մնացած 3-ի պարգևները` մոտավորապես «Տար, շփի երեսին։ Մեզ իր պարգևները պետք չեն» ձևակերպմամբ։

Ակնհայտ է, որ Աննա Վարդապետյանը հենց այնպես չի ընտրովի մոտեցում ցուցաբերել ՔԿ աշխատակիցների առնչությամբ: Այս պատմությունը խոր հիմքեր ունի: Բայց նախ՝ մի փոքր նախապատմություն:

2021թ. մարտի 10-ին  168.am-ն իր էլեկտրոնային հասցեին սկանդալային տեսանյութեր էր ստացել։ Դրանցում հստակ երևում էր, որ Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով օգնական Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ, և ըստ էության հրահանգավորում հիմնական դերակատարներին։

Այս հրապարակումից հետո մեծ աղմուկ բարձրացավ, ավելի ուշ ևս մեկ սկանդալային ձայնագրություն տարածվեց, որում ընդհանուր չաթում ՔԿ պաշտոնատար անձը քննիչներին հիշեցնում էր՝ վաղը Վարդապետյան Աննան է գալու ժամը 10:00-ին, չուշանաք:

«Բարի լույս բոլորին. մի րոպե ուշադրություն։
Էն գործերով, որով վարչապետի խորհրդական Աննան էն անգամ եկել էր ստեղ, ու քննարկումներ ա եղել, երեքշաբթի նորից քննարկում ա լինելու, ինքը գալու ա՝ ժամը 10-ին։ Ու նենց չլինի, որ էդ գործերով հանկարծ որևէ բան արված չլինի»,- ասում է ՔԿ ծանր հանցագործությունների բաժնի պետի տեղակալի օգնականը։

Դեռևս 2021թ. ապրիլի 5-ին մենք գրել էինք՝ Աննա Վարդապետյանի ջանասիրությունը «խորհուրդներ տալու» հարցում ակնհայտորեն նյարդայնացնում է իրավապահ համակարգին:

Եվ իսկապես, մեր տեղեկություններով՝ Աննա Վարդապետյանը անգամ Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյանների հետ կապված սկանդալից հետո, փաստորեն, չի դադարել առանձին քրեական գործերով տեղեկանքներ պահանջել, և մի գեղեցիկ օր ՔԿ նախագահի տեղակալներից մեկը արգելել է առհասարակ որևէ գործով որևէ տեղեկանք տրամադրել Նիկոլ Փաշինյանի երբեմնի օգնականին:

Հենց սա չի «մարսել» Աննա Վարդապետյանը, և ինչպես ուշադիր ընթերցողը կարող է գլխի ընկնել, հենց այդ անձի՝ գերատեսչական պարգև ստանալու հրամանն է հրաժարվել ստորագրել Աննա Վարդապետյանը:

Առհասարակ մեր տեղեկություններով՝ գլխավոր դատախազը անկումային տրամադրության մեջ է, հաճախ է առանձնանում ինչ-որ սենյակում, փակվում (իր աշխատասենյակը, ասում են, մի ամսից ավելի կապիտալ վերանորոգման է կանգնած, և սա այն դեպքում, երբ նախկին դատախազը բոլորովին վերջերս էր վերանորոգել աշխատասենյակը,- Գ.Ս.), չի ընդունում իրավասու անձանց, և մարդիկ բողոքում են՝ չեն կարողանում կոնկրետ գործեր զեկուցել դատախազին:

Ինչ վերաբերում է Աննա Վարդապետյան-Արգիշտի Քյարամյան կոնֆլիկտին, մեր տեղեկություններով՝ ՔԿ նախագահն այնպես է վրդովվել Աննա Վարդապետյանի քինախնդրությունից, որ վերջինիս անակնկալներ է խոստացել:

Տեսանյութեր

Լրահոս