«Պուտինը փորձելու է վերախաղարկել իրավիճակը». Հրանտ Միքայելյան

Քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանն այն կարծիքին է, որ Արևմուտքը գերակայություն է ստանում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, քանի որ Ռուսաստանը պասիվանալով Հարավային Կովկասում՝ թողել է ռազմավարական վակուում, որից Արևմուտքը փորձում է օգտվել:

«Ռուսաստանը չի կարողանում տարբեր խնդիրներով միաժամանակ զբաղվել: Ռուսաստանի ինստիտուցիոնալ կարողությունը չի հերիքում: Ռուսաստանը շոշափելի անհաջողություններ է ունեցել Ուկրաինայում, ինչը, շատերի կարծիքով, պայմանավորված է նրանով, որ Արևմուտքն Ուկրաինային շատ լուրջ աջակցություն է տրամադրել: Իսկապես, աջակցությունը լուրջ էր, մոտավորապես Ռուսաստանի մեկ ռազմական բյուջեի չափով, բայց գլխավոր պատճառը դա չէ: Ռուսաստանը պլանավորման, կառավարման տեսանկյունից էականորեն թուլացել է: Նույն վիճակն այստեղ է ստեղծվում՝ Ռուսաստանը պլանավորման, կառավարման տեսանկյունից զիջում է Արևմուտքին, հենց այս պատճառով միշտ ուշանում է»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ շեշտելով, որ Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրսմղման գործընթացը մեկնարկել է դեռևս 2000-ականների սկզբից, երբ Ռուսաստանը կորցրեց ազդեցությունը Վրաստանի վրա, հետո՝ Ադրբեջանի, իսկ 2018-ից քիչ-քիչ կորցնում է ազդեցությունը Հայաստանի վրա:

«Պուտինը փորձելու է վերախաղարկել իրավիճակը, բայց համոզված չեմ, որ կստացվի: Գուցե ստացվի, բայց այստեղ լուրջ հարցեր կան նախ մեզ համար: Մեզ համար որևէ բարենպաստ բան կա՞ այդ բանակցություններում: Իմ կարծիքով՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջնորդությամբ առկա ֆորմատներից որևէ մեկը մեզ համար ձեռնտու չէ, որովհետև Ադրբեջանը կարողացել է թելադրել իր մոտեցումները երկու դաշտում էլ: Միակ տարբերությունն այն է, որ ռուսական տարբերակով Արցախի կարգավիճակի հարցը պետք է հետաձգվի, ինչը, իհարկե, ավելի լավ է, բայց ամեն դեպքում մինուս է և ոչ բարենպաստ, որովհետև, ամեն դեպքում, խաղաղության պայմանագիր, տարածքային ամբողջականության ճանաչում և այլն, ենթադրում է, որ Ադրբեջանն ամրապնդվելու է, որ Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների օկուպացիան վավերագրվելու է Հայաստանի կողմից, որ Ադրբեջանը նոր լծակներ է ստանալու և ուժեղացնելու է Հայաստանի վրա ճնշումը: Հիմա, դրան գումարենք Արցախի կորուստը, լրիվ աղետ է տեղի ունենալու, բայց առանց դրա էլ աղետ է»,- ընդգծեց նա:

Կարդացեք նաև

Հրանտ Միքայելյանն այն կարծիքին չէ, որ 44-օրյա պատերազմը եղել է ռուս-թուրքական պայմանավորվածություն. «Սա ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի պարտությունն էր: Իրանի օրինակը բերեմ. Տեսնում ենք, որ Իրանն ակտիվացել է, փորձում է դիրքավորվել, այս պահին՝ Հայաստանի համար բարենպաստ տեսանկյունից, բայց ինչո՞ւ, որովհետև 2020թ. Իրանն էապես ուշացել է, և հասկացել է, որ նոր զարգացումներ են տեղի ունենում, որոնք Իրանի համար այնքան էլ դրական չեն: Հիմա Ռուսաստանը. Ռուսաստանը բազմաթիվ դրվագներում ուշացել է, բազմաթիվ դրվագներում ինքն իրեն գերագնահատել է և թերագնահատել է հակառակորդների ակտիվությունը: Թեև, փորձում է համագործակցություն ունենալ Թուրքիայի հետ, բայց կառուցվածքային տեսանկյունից Թուրքիայի հետ անտագոնիստ է: Մենք տեսնում ենք, որ թե՛ Ուկրաինայում, թե՛ Արցախում, թե՛ Սիրիայում, թե՛ Լիբիայում, թե՛ մեկ այլ տեղում ռուսական և թուրքական ուժերը միշտ իրար դեմ են կանգնած: Այս պահի դրությամբ մենք տեսնում ենք Թուրքիայի ազդեցության աճ՝ Ռուսաստանի ազդեցության նվազման հաշվին, և առաջինը մենք ենք բախվում այս իրողությունների հետ, որովհետև շատ մոտ ենք, և Թուրքիայի ռազմավարական ուժի պրոյեկցիան դեպի Հայաստան շատ ուժեղ է»:

Միքայելյանը շեշտեց՝ Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ հարաբերականորեն թուլանում է. «Թուրքիայի ճնշումն աճում է, բայց կա Իրանը, ունեցել ենք աջակցություն նաև արաբական երկրներից, որոնք էլի Թուրքիայի հետ հակառակորդ են՝ սկսած Սաուդյան Արաբիայից և ԱՄԷ-ից, վերջացրած Եգիպտոսով, ունենք հնարավորություն Չինաստանի հետ աշխատելու, Հնդկաստանն ինքն է գալիս-ասում՝ եկեք աշխատենք, մենք որտե՞ղ ենք այստեղ: Խնդիրը ոչ թե Անկարայում, Մոսկվայում, Վաշինգտոնում կամ այլ տեղում է, այլ՝ Երևանում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս