Ինչո՞ւ է զայրացել Արգիշտի Քյարամյանը, ինչպե՞ս հանկարծ թափուր դարձավ Երևանի քննչականի պետի պաշտոնը, ի՞նչ կապ ունի Արուսյակ Ալեքսանյանը
168.am-ը տեղեկացրել էր, որ օրերս աշխատանքից ազատվել էր Երևան քաղաքի քննչական վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Մհեր Վարդանյանը:
Մամուլում լուրեր էին տարածվել, որ Մհեր Վարդանյանի հրաժարականը կապված էր հոկտեմբերի 13-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ քննչական կոմիտեի կողմից համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպքի բացահայտման և քննիչ Վլադիմիր Ասատրյանի ձերբակալության հետ: Նշենք, որ ըստ ամենայնի քննիչի ձերբակալությունը կապված է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործի հետ:
Հատկանշական է, որ Մհեր Վարդանյանի հրաժարականի դիմումը ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը ստորագրել էր անմիջապես ու կարճ ժամանակում էլ նշանակել Երևանի քննչական վարչության նոր ղեկավար:
Պատճառը, սակայն, շատ ավելի ուշագրավ է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Էրիկ Ալեքսանյանն առհասարակ այս թեմայի հետ առնչություն չունի:
168.am-ի տեղեկություններով՝ այս ազատման առանցքում դատավոր Արուսյակ Ալեքսանյանի քննիչ հարսի՝ եղբոր կնոջ հետ կապված պատմությունն է, որի տեղափոխության պատճառով էլ եփվում է ողջ շիլան:
Արուսյակ Ալեքսանյանն իր աշխատասենյակից, որն արդեն իսկ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների, իսկ ավելի կոնկրետ՝ ձայնագրվել է (ժուչոկներով), զանգահարում է Քննչական կոմիտե ու փորձում պարզել՝ ինչո՞ւ են տեղափոխել իր հարսին: Զրույցի ընթացքում դատավորը պնդում է անում, թե այդ ամենի հետևում Մհեր Վարդանյանն է կանգնած, ու խոստանում է ինքն էլ որոշ մանրամասներ հայտնել Երևանի քննչականի՝ արդեն նախկին պետի մասին:
«Սաղ էդ Վարդանյան Մհերն ա չէ՞ արել: Ես հիմա ի՞նչ անեմ, նստեմ-խոսե՞մ՝ ոնց էր էն մի քաղաքական գործով զանգել միջնորդում, որ կալանքը չտամ»,- Մհեր Վարդանյանի ազատման մանրամասները պատմեց ՔԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրը:
Հենց այս զրույցի ձայնագրությունը լսելով էլ Արգիշտի Քյարամյանը հրահանգում է Մհեր Վարդանյանին ազատման դիմում գրել:
Նոր պետը արդարադատության առաջին դասի խորհրդական Ազատ Գևորգյանն է, Արգիշտի Քյարամյանի հերթական մտերիմը:
Քննչական կոմիտեին մոտ կանգնած մեր աղբյուրներն ուշագրավ մանրամասներ պատմեցին Մհեր Վարդանյանի հեռանալու և Ազատ Գևորգյանի գալստյան մասին:
Նախկին պետն ընդամենը մեկ ժամում է հավաքվել ու հեռացել, այնքան շտապ, որ վարչության նախկին պետի իրերն արկղերով վարչության շենքից դուրս են բերել քննիչները:
Ի դեպ, Մհեր Վարդանյանի հետ հեռացել է նաև Քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալը, ով տառացիորեն 1-2 օր առաջ էր ստանձնել նոր պաշտոնը՝ տեղափոխվելով Աջափնյակ քննչականից:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ հեռացել է նույն պատճառով, ինչ Մհեր Վարդանյանը:
Ազատ Գևորգյանը, ով ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետն էր մինչ այս նշանակումը, այնպես է եկել Վարչություն, ինչպես Ներոն կայսրն՝ իր հպատակներին էր ներկայանում: Նախ դիտողություն է արել շենքի տարածքը հսկող ոստիկաններին, թե՝ «Յաաաա, էս ես եկել եմ, նոր եք պատրաստվում կանգնեք ձեր տեղերում», ապա սկսել է դիրքը դնել արդեն ներսում՝ աշխատակիցների հետ շփվելիս:
Իր աշխատանքային կենսագրության մեջ ոստիկանի ու դատախազի գործառույթներ կատարած գյումրեցի քննիչը, ղեկավար բարձր պաշտոն ստանալով, ըստ ամենայնի որոշել է էս գլխից «շորշոփ» տարածել իր ենթակաների շրջանում:
Հուսանք՝ Ազատ Գևորգյանի աշխատանքը նույնքան ներկայացուցչական կլինի, որքան նրա պաշտոնավարման սկիզբն ու Երևանի քննչական վարչության շենք մուտքը: