Աշխատանքից ազատվել է Երևան քաղաքի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը
168.am-ի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Երևան քաղաքի քննչական վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Մհեր Վարդանյանը:
Քննչական կոմիտեից հաստատեցին մեր տեղեկությունը:
«Քննչական կոմիտեի նախագահի հրամանով վերջինս արդեն ազատվել է աշխատանքից»,- ասաց ՔԿ մամլո խոսնակ Վարդան Թադևոսյանը:
Ըստ տարածվող լուրերի՝ Մհեր Վարդանյանի հրաժարականը կապված է հոկտեմբերի 13-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ քննչական կոմիտեի կողմից համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպքի բացահայտման հետ և քննիչ Վլադիմիր Ասատրյանի ձերբակալության հետ:
Մեր տեղեկություններով՝ այս դեպքից հետո Մհեր Վարդանյանին առաջարկել են ազատման դիմում գրել, ինչին վերջինս չի ընդդիմացել:
Նշենք, որ ըստ ամենայնի քննիչի ձերբակալությունը կապված է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործի հետ:
168.am-ի տեղեկություններով՝ Երևան քաղաքի քննչական վարչության պետի հավակնորդն այս պահին Ծանր հանցագործությունների քննության բաժնի պետ Էդվարդ Կարապետյանն է, ով ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի մտերիմն է:
Մեր տեղեկություններով՝ Էդվարդ Կարապետյանին այդ կերպ վարձահատույց են լինում «Դիմադրության շարժման» հանրահավաքների ժամանակ ընդդիմադիրների նկատմամբ քրեական գործեր «կարելու» համար: